Հանրագիտարան

Վուդրո Վիլսոն

ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ծնվել է 1856թ.-ի Վիրջինիա նահանգում: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է (1919թ.), Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության ստեղծման կողմնակից էր: Վուդրո Վիլսոնը 1879թ. ավարտել է Փրինստոնի համալսարանը, ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան (1886թ.): 1910-1912թթ. նշանակվում է Նյու Ջերսի նահանգի նահանգապետ: 1913թ. Վիլսոնն ընտրվում է ԱՄՆ-ի նախագահ:
Վիլսոնի օրոք (1917թ.) ԱՄՆ-ն մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-1918թթ.): 1918թ.-ի հունվարին Վիլսոնն առաջադրել է խաղաղության ծրագիր («14 կետով») ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
 
Նա գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919-1920թթ.-ի Փարիզի հաշտության խորհրդաժողովում, որի արդյունքները, սակայն, աննպաստ եղան նրա վարչակազմի և ԱՄՆ-ի համար. չհաջողվեց սասանել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը եվրոպական քաղաքականության մեջ:
 
Վիլսոնը Հայկական հարցի դրական լուծման կողմնակից էր, որն արտահայտվել է Հայաստանի մանդատը (հովանավորություն, 1920թ.) ստանձնելու նրա պատրաստակամությամբ: Դեռևս 1919թ.-ի կեսերին նա Հայաստան է ուղարկել պատվիրակություն գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ՝ ծանոթանալու երկրի կացությանը և հստակեցնելու նրա հովանավորությունն ստանձնելու հարցը:
 
1920թ.-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտո) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դեմ, 23 կողմ) Հայաստանի մանդատը: Ազգերի լիգայի (ստեղծողներից մեկը Վիլսոնն էր) հանձնարարությամբ նա ստանձնել է հայ-թուրքական սահմանի որոշումը 1920թ.-ի Սևրի հաշտության պայմանագրով:
 
Դա հայտնի է «Վիլսոնի իրավարար պայմանակարգ» անվամբ, որը ներկայացվել է 1920թ.-ի նոյեմբերի 22-ին: Այս պայմանակարգի համաձայն`   Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 90 հզ. կմ:
 
Սակայն հակասությունների սրումը ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձախողել են ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
 
Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո Վիլսոնը հեռացել է քաղաքական գործունեությունից: Վիլսոնի մասին նկարահանվել է «Վիլսոն» (1944 թ.) գեղարվեստական կինոնկարը (արժանացել է 5 «Օսկարի»):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: