Հանրագիտարան

Վիլհելմ Վեբեր

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Վեբերը ծնվել է Գերմանիայի Վիտեմբերգ քաղաքում: Վեբերը հայտնագործել է շարժվող լիցքերի փոխազդեցության օրենքը, նա նաև ստեղծել տարրական մագնիսների՝ մագնիսական դիպոլների տեսությունը: Վեբերն էր, որը պատրաստեց Գերմանիայում առաջին հեռագրասարքը:
Վեբերը 1826թ. ավարտել է Հալեի համալսարանը, 1827թ. դասավանդել է այդ համալսարանում, 1828թ.-ից եղել է պրոֆեսոր: 1831-37թթ. և 1849թ. Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843-49թթ.՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր:
 
Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին: Հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ: Նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը:
 
Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է: Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում:
 
Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը:
 
Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է: Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը:
 
Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը  կոչվել է Վեբեր (Վբ): 1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ:
1Վբ = 1 ՕհմxԿ
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: