Հանրագիտարան

Եվգենի Վախթանգով

Եվգենի Վախթանգովը ռուսական թատրոնում սկզբնավորել է ֆանտաստիկական ռեալիզմը և իր՝ վախթանգովյան ուղղությունը: Նա նաև Մոսկվայում հիմնադրել է դրամատիկական թատրոն: Ծնվել է հայ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքում: 1893-1903թթ. սովորել է Թիֆլիսի, ապա՝ Վլադիկավկազի գիմնազիաներում:
1901թ. բեմադրել է պիեսներ, խաղացել ներկայացումներում, գրել է հոդվածներ, բանաստեղծություններ և տպագրել տեղի «Թերեք» թերթում: 1903թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանության ֆակուլտետ, 1909-1911թթ. սովորել է Ալեքսանդր Ադաշևի թատերական դպրոցում:
 
1910թ. իր ուսուցչի՝ Լեոպոլդ Սուլերժիցկու հետ Փարիզի «Ռեժան» թատրոնում բեմադրել է Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչուն» պիեսը: 1911թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն: 1912թ. Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ծանոթացել է տեղի թատերական կյանքին:
 
1913թ. հիմնադրել և ղեկավարել է Ուսանողական դրամատիկական (հետագայում՝ «Մանսուրովյան») ստուդիան, որը 1921թ. դարձել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 3-րդ ստուդիա, 1926թ.՝ Վախթանգովի անվան դրամատիկական թատրոն: 
 
Նա խաղացել է Թեքլտոնի (Չառլզ Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդելի (Հենրիկ Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր, որոնք աչքի են ընկել կերպարի բնավորության ու նկարագրի հոգեբանական խորությամբ և ցայտուն վերարտադրությամբ: 
 
Վախթանգովի ստեղծագործության գաղափարական մեկնակետը՝ բռնակալության մերկացումն ու դատապարտումը, բուրժուական-քաղքենիական աշխարհի սուր քննադատությունը, առավել դրսևորվել է նրա ռեժիսորական արվեստում (Գերհարտ Հաուպտմանի «Հաշտության տոն», Բերգերի «Ջրհեղեղ» (խաղացել է նաև Ֆրեզերի դերը)):
 
Վախթանգովի և ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդի ներկայացումներով սկզբնավորվել է ռուսական նոր թատրոնը: Վախթանգովի ռեժիսորական արվեստի բարձր զարգացման շրջանը հետհեղափոխական առաջին 5 տարին էր,հիմքում բարու և չարի հակադրությունն էր, բարոյագեղագիտական գաղափարները, արվեստագետի և ժողովրդի միասնականությունը, արդիականության սուր զգացողությունը և այլն:
 
Այս սկզբունքները հետագայում զարգացրել են նրա աշակերտները՝ Ռուբեն Սիմոնովը, Բորիս Զախավան, Միխայիլ Չեխովը և ուրիշներ: Վախթանգովի լավագույն բեմադրություններից են Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը», Անտոն Չեխովի «Հարսանիքը», Մ. Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Յուհան Սթրինդբերգի «Էրիկ XIV-ը», Սեմյոն Ան-սկու «Հադիբուկը»:
 
3-րդ ստուդիայում բեմադրել է Կարլո Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ» պիեսը, որն իր լավատեսությամբ և կենսուրախությամբ նպաստել է Վախթանգովի անվան թատրոնի ոճական առանձնահատկությունների ձևավորմանը. Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն այդ ներկայացումը համարել են խոշորագույն հաղթանակ:
 
Դերասանական արվեստում վարպետորեն օգտագործելով իտալական դիմակների թատրոնի իմպրովիզիացիայի միջոցները՝ Վախթանգովն ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը՝ ֆանտաստիկական ռեալիզմը՝ յուրովի զարգացնելով Կ. Ստանիսլավսկու ուսմունքը: Վախթանգովին համարել են «ռուսական արվեստի ապագա ղեկավար, ռուսական թատրոնի հույս»:
 
Դեռևս Վլադիկավկազում Վախթանգովն առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել է Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը: 1910-ական թվականներին ծանոթացել է Հովհաննես Զարիֆյանի, Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ:
 
1920թ. Ստանիսլավսկու համակարգի մասին դասախոսություններ է կարդացել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: Նրա ռեժիսորական արվեստն ազդել է Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի, հատկապես՝ Վարդան Աճեմյանի ստեղծագործության վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: