Հանրագիտարան

Տրդատ

Տրդատը եղել է Բագրատունիների թագավորական տան գլխավոր ճարտարապետը: Նա հայ միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության մեջ իր ուրույն դերն ու նշանակությունն է ունեցել:
Տրդատի մասին տեղեկություններ է հաղորդում պատմիչ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ): Տրդատը տիրապետել է հայերենին, արաբերենին և հունարենին, խորությամբ ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը: Նրա շինարարական գործունեությունը հիմնականում կենտրոնացել է մայրաքաղաք Անիում և Արգինայում: Կառուցել է Արգինայի կաթողիկե եկեղեցին (հավանաբար՝ 973–977թթ.), ենթադրաբար՝ նաև վարդապետարանն ու մատենադարան-գրատունը: Արգինայի համալիրն ավարտելուց (977–989թթ.) հետո, Խոսրովանույշ թագուհու պատվերով, նրա Սմբատ և Կյուրիկե որդիների արևշատության համար, ենթադրվում է, որ Տրդատն է կառուցել Հաղպատի Սբ Նշան եկեղեցին (976–991թթ.): 
 
Սմբատ Բ թագավորը Տրդատի հեղինակությամբ և մասնակցությամբ ձեռնարկել է Անիի բարեկարգման ու ամրացման աշխատանքները. կառուցվել են շուրջ 2,5 կմ երկարությամբ, 55 աշտարակով, 17 դուռ ու դռնակներով, 8–10 մ բարձրությամբ, սրբատաշ քարով «Սմբատաշեն» ամրակուռ պարիսպը, Ախուրյան գետի վրա եռաթռիչք (թռիչքը՝ 31,25 մ) Մեծ և այլ կամուրջներ, մշակվել է Անիի գլխավոր ու մյուս փողոցների, թաղամասերի հատակագծային հորինվածքների և գերիշխող հանգույցների առանձնահատկություններով քաղաքաշինական համակարգը: 
 
Տրդատի ստեղծագործության գլուխգործոցն Անիի Մայր տաճարն է (989– 1001թթ.)՝ դարաշրջանի ճարտարապետական ըմբռնումներին հարազատ հորինվածքով: Գմբեթի հսկա զանգվածի ծանրությունը հենել է 4 մեծ մայր մույթերի և միացնող կամարների կենտրոնի վրա, խորշերը և շքամուտքերը քանդակազարդել է տարբեր երանգների տուֆով: Մայր տաճարը երևույթ է հայկական ճարտարապետության պատմության մեջ. Տրդատը հստակեցրել է նաև պաշտամունքային կառույցի հորինվածքի ու դեկորատիվ հարդարանքի սկզբունքային ձևերը, որոնք զարգացել են Անի–Շիրակի ճարտարապետական դպրոցում: 
 
Թորոս Թորամանյանը, եվրոպացի գիտնականներ Յոզեֆ Ստրժիգովսկին, Յուրգիս  Բալթրուշայտիսը և ուրիշներ նշել են, որ ավելի ուշ կազմավորված ռոմանական և գոթական ճարտարապետությանը բնորոշ հիմնական սկզբունքներն առկա են հայկական միջնադարյան ճարտարապետության, մասնավորապես Անիի Մայր տաճարի կառուցվածքային ու դեկորատիվ ձևերում: Գագիկ Ա թագավորի պատվերով Տրդատն Անիում կառուցել է Սբ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) եկեղեցին (1001–10 թթ.): Ուսումնասիրելով Զվարթնոցի ավերակները՝ նա մշակել է նոր եկեղեցու կառուցման սկզբունքները՝ կործանման վտանգից զերծ պահող ակնհայտ փոփոխություններով: Պեղումներով հայտնաբերվել է Տրդատի կերտած՝ Գագիկ Ա-ի`   1,2մ բարձրությամբ քարե բոլորաքանդակը՝ ձեռքին Գագկաշենի մանրակերտը: 
 
Տրդատը՝ որպես ճարտարապետ, ճանաչված էր նաև Հայաստանից դուրս: 989թ. նա հրավիրվել է Կոստանդնուպոլիս՝ վերակառուցելու Սբ Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից փլված գմբեթը և վնասված որմերը: Ստեփանոս Տարոնեցու վկայությամբ՝ Տրդատն իր «իմաստուն հանճարով» վերականգնել է (991/992թ.) գմբեթը, որը ցայսօր կանգուն է: Տրդատին և նրա ստեղծագործական դպրոցի աշակերտներին ու վարպետներին են վերագրում նաև մի շարք կառույցներ՝ Մարմաշենի բոլորաձև հատակագծով քառաբսիդ (968–1029թթ.), Անիի Առաքելոց հնգագմբեթ (հավանաբար՝ 1004–31թթ.), Սբ Փրկիչ (1036թ.), Խծկոնքի Սբ Սարգիս (1027թ.) և այլ եկեղեցիներ:
 
Տրդատը նաև երևելի քանդակագործ էր. նրա կառույցներն աչքի են ընկել հարուստ և բազմազան զարդաքանդակներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: