Հանրագիտարան

Ցանցաթևավորներ

Ցանցաթևավորները միջատների առանձին կարգ են, մեծ կամ միջին չափի միջատներ են:

Հասուն միջատներն ունեն 2 զույգ թաղանթակերպ թևեր՝ ցանցաձև ջղավորված, կրծող բերանային ապարատ: Թրթուրներին բնորոշ են 3 զույգ կրծքային ոտքերը և երկար ու սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ):

Գրեթե բոլորը զարգանում են ցամաքում: Գիշատիչ են, ոչնչացնում են բուսակեր միջատներին ու տզերին: Հայտնի է մոտ 5 հազար, ՀՀ-ում՝ 30 տեսակ: Հանդիպում են հիմնականում Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Առավել տարածվածներից են սովորական ոսկեաչիկը և մրջնառյուծը:

Սովորական ոսկեաչիկը միջին մեծության է, թևերի բացվածքը՝ 25-30 մմ, ունի 2 զույգ երկնագույն-կանաչավուն թևեր և ոսկեգույն աչքեր: Արագորեն ոչնչացնում է լվիճներին, տերևալվիկներին, տզերին. կարող է օգտագործվել վնասատուների դեմ կենսաբանական պայքար կազմակերպելու համար:

Սովորական մրջնառյուծն աչքի է ընկնում խոշոր մարմնով, նման է ճպուռի, բայց ունի երկար բեղիկներ: Նրանց թրթուրները չոր ավազի մեջ փորում են ձագարաձև փոսեր, թաղվում ձագարի հատակին և որսում այնտեղ ընկնող միջատներին: Ասկալաֆները և նեմոպտերները նման են թիթեռների և ՀՀ-ում առավել գեղեցիկ թռչող միջատներից են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: