Հանրագիտարան

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում գտնվող շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Շերտի առավելագույն խտությունը 22-25 կմ սահմաններում է: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, իսկ հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:
 
1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից:
 
Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: