Հանրագիտարան

Ֆիլիպ Ժերար

Ժերար Ֆիլիպը հայտնի ֆրանսիացի դերասան է, որն իր դերասանական բարձր արվեստով խոր հետք է թողել ֆրանսիական թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Ժերարը 1940 թ. սովորել է Նիսի իրավաբանական ինստիտուտում, 1943–44թթ.`   Փարիզի կոնսերվատորիայում: Թատերական գործունեությունն սկսել է 1942թ.: 1943–49թթ-ին ելույթներ է ունեցել Փարիզի «Էբերտո», «Մոնպառնաս» և այլ թատրոններում, իսկ 1959 թ. եղել է Ազգային թատրոնի դերասան. մարմնավորել է քաջ, ռոմանտիկ, ուրախ և բարի հերոսների`   Ռոդրիգո (Պիեռ Կոռնելի «Սիդ», 1951թ.), արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի (Հենրիխ ֆոն Կլայստի «Արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի», 1951թ.), Լորենցաչչո (Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո», 1952թ.), Ռիչարդ II (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ II», 1953թ.), Ռյուի Բլազ (Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլազ», 1954թ.) և այլն:


1943 թ. Ֆիլիպը նկարահանվել է կինոյում: Առաջին հաջողությունը ռոմանտիկ Ժերար Ֆիլիպը  Ռոդրիգոյի (Պիեռ Կոռնելի «Սիդ», 195թ., ներկայացում) դերում հերոսի դերակատարումն էր «Սատանան լաստանավում» (1947թ., Բրյուսելի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմում: Նա համարվել է Ֆրանսիայի ամենառոմանտիկ և ամենահմայիչ դերասանը: Ֆիլիպը ռոմանտիկական կերպարներ է ստեղծել նաև «Ապուշը» (1946թ., իշխան Միշկին), «Այնպիսի հրաշալի փոքրիկ լողափ» (1949թ.), «Ջուլիետ կամ Երազների բանալին» (1950թ.) և այլ կինոնկարներում: Ճանաչվել է նաև ուժեղ, պատվախնդիր, կենսուրախ հերոսների դերակատարումներով`   Ֆաբրիցիո («Պարմի մենաստանը», 1948թ.), երիտասարդ Ֆաուստ («Սատանայի գեղեցկությունը», 1950թ.): Նրա արվեստում առանձնանում է Ֆանֆան Տյուլպանի դերակատարումը («Ֆանֆան Տյուլպան», 1952թ.). դերասանն ստեղծել է ժողովրդական կենսալի բնավորություն՝ համադրելով հերոսականությունն ու քնարականությունը:


Կինոդերերից են նաև Ժյուլիեն Սորելը («Կարմիրն ու սևը», 1954թ.), Արման դը լա Վեռնը («Մեծ զորախաղեր», 1955թ.), Ամեդեո Մոդիլիանին («Մոնպառնաս, 19»), Թիլ Ուլենշպիգելը («Թիլ Ուլենշպիգելի արկածները», երկուսն էլ՝ 1957թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Պարոն Ռիպուա» (1954թ.), «Խաղամոլը» (1958թ.), «Վտանգավոր կապեր» (1960թ..) և այլ կինոնկարներում:


Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ թաղված է Ֆիլիպը, անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա թատերական փառատոն:

Ֆիլիպի կինը՝ Աննը, նրա մասին գրել է հուշեր`   «Մի ակնթարթ» (1966թ.):

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: