Հանրագիտարան

Ֆիդայական շարժում

Ֆիդայական կամ ավելի հայտնի հայդուկային շարժումը թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական պայքարի ձևերից մեկն էր:
Հայ ֆիդայական ազգային-ազատագրական, հակաավատատիրական, ժողովրդավարական շարժումն իր բնույթով պարտիզանական էր`   նման XV–XIX դարերում թուրքական նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային պայքարին:Առաջացել է Արևմտյան Հայաստանում, տարերայնորեն, 1880-ական թվականների կեսին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը, հայդուկապետ Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան) և ուրիշներ: Այս շրջանում ֆիդայիների որոշ ղեկավարներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:
Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար. այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 
1880–90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժումը: Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և, զենք ու զինամթերքով զինված, փորձել են անցնել Արևմտյան Հայաստան. հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի նախաձեռնությունները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:
1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում դրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից ո՜րն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: 
1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի են հասել 1895–96 թթ-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի:
Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:
Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:
1903 թ-ի գարնանը սահմանն անցած դաշնակցական մի քանի ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն: Սեպտեմբերի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրքական զորաջոկատի հետ: 
1904 թ-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել: Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան: Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր: Թշնամու հետ ընդհարվելով`   խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: 
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը (շուրջ 275 մարդ) Խանասորի դաշտում վերացրել է քրդական մազրիկ ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Սալմաստ–Վասպուրական–Տարոն ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:
1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով  հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպանական կռիվներին:
Ժողովուրդը փառաբանել է ֆիդայիների հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին: Ֆիդայիներին բանաստեղծություններ են ձոնել Դանիել Վարուժանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը («Հայդուկի երգեր», ժողովածու, 1960 թ., Բեյրութ) և ուրիշներ, իսկ Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի ֆիդայիների կերպարներ: Ֆիդայիների կերպարներին անդրադարձել են նաև հայ նկարիչներն ու քանդակագործները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: