Հանրագիտարան

Ասուպներ և երկնաքարեր

Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր: Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են:
Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր:
Ասուպներին հաճախ անվանում են ընկնող աստղեր, սակայն իրականում դրանք բոլորովին էլ աստղեր չեն: Այլ ընդամենը այրվող մարմիններ, ինչի արդյունքում մենք երկնքում տեսնում ենք վառ բռնկումներ:
 
Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով: Այդպիսի դեպքերում դիտվում են ասուպների «անձրևներ», որոնք, թվում է, թափվում են երկնակամարի փոքրիկ տիրույթներից:
Երկնաքարերը տիեզերքից ընկնող բավականաչափ մեծ քարե մարմիններ են, որոնք ամբողջությամբ չեն այրվում մթնոլորտում և հասնում են Երկրի մակերևույթին: Ամեն տարի մոտ 500 բավականաչափ խոշոր երկնաքարեր «ռմբահարում» են մեր մոլորակը: Երկնաքարերի  մի մասը կազմված է քարից, մյուսները՝ երկաթ-նիկելային խառնուրդից, իսկ երրորդները՝ և´ մեկից, և´ մյուսից: Երկնաքարերն իրենց բաղադրությամբ տարբերվում են Երկիրը կազմող հանքապարներից, ուստի գիտնականները աշխատում են գտնել և ուսումնասիրել դրանք:
 
Վաղ անցյալում տիեզերական տարածությունում թռչում էին շատ ավելի խոշոր երկնաքարեր, քան այժմ: Բարեբախտաբար դրանց մեծ մասն արդեն ընկել է տարբեր մոլորակների վրա, բայց դա չի նշանակում, թե ամբողջովին վերացել է մեծ երկնաքարի հետ Երկրի բախման հավանականությունը, որը կարող է խոշոր ավերածությունների պատճառ դառնալ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: