Հանրագիտարան

Անտառներ

Ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջությունը կոչվում է անտառ: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն:
Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական: 
 
Գլխավոր կամ անտառկազմող ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում են անտառի բարձրությունն ու կայունությունը:
 
Երկրորդական կամ ուղեկցող ծառատեսակները ստվերասեր և խոնավասեր են, առաջացնում են երկրորդ շարահարկը, նպաստում են գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշիացումը: Կլիմայական տարբեր գոտիներում ձևավորվում են տարբեր տիպերի անտառներ:
 
Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և  ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու  հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում`   լուսասեր կվենին և սոճին:
 
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:
 
Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը`   վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:
 
Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: 
Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով:
Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
 
Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն`   1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
 
Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց: 
 
Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:
 
Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):
 
Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
 
Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
 
Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայի հարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում: 
 
Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն`   թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: