Առողջապահություն

Հոգեկան առողջություն

Հոգեկան առողջությունը ինքներդ Ձեզ ընդունելու և սիրելու կարողությունն է։ Հոգեպես առողջ մարդը չի վախենում առօրյա դժվարությունից, հուսահատությունից, կարողանում է հասկանալ և արտահայտել սեփական հույզերը...

Հոգեբանական բնույթի հոդվածաշար հույզերի ու ապրումների, անհանգստությունների ու տագնապների վերաբերյալ։ Հոգեկան Առողջությանը նվիրված հոդվածների այս շարքում Դուք հնարավորություն կուենանաք գտնելու Ձեզ հուզող շատ հարցերի պատասխանները։

Հոգեկան առողջությունը ինքներդ Ձեզ ընդունելու և սիրելու կարողությունն է։ Հոգեպես առողջ մարդը չի վախենում առօրյա դժվարությունից, հուսահատությունից, կարողանում է հասկանալ և արտահայտել սեփական հույզերը, ընդունում է քննադատությունը, հանգիստ և ինքնավստահ է զգում մարդկանց շրջապատում և իրեն հիմնականում համարում է երջանիկ։

Առողջությունը եռանկյունի է։ Եռանկյան երկու կողմերն են ֆիզիկական և սոցիալական առողջությունը։ Եռանկյան երրորդ կողմը հոգեկան առողջությունն է։ Հոգեկան առողջությունը սեփական անձը սիրելու Ձեր ընդունակությունն է, այնպիսին, ինչպիսին կաք`   ընդունելու Ձեր կարողությունն է։ Հոգեպես առողջ մարդը գոհ է ինքն իրենից, հանգիստ է զգում մարդկանց շրջապատում, ինչպես նաև ի վիճակի է ղեկավարել սեփական կյանքը և բավարարել հիմնական պահանջմունքները։

Հոգեպես առողջ մարդիկ.

  • կարող են հանգիստ վերաբերվել հիասթափությանը և գիտեն ինչպես ընդունել որոշ սահմանափակումներ, որոնք պարտադրվում են անկախ իրենց կամքից,
  • հիմնականում երջանիկ են և ակտիվ, կյանքին նայում են լավատեսորեն,
  • գիտակցում են իրենց զգացմունքներն ու մտքերը,
  • հանգիստ աշխատում են այլ մարդկանց շրջապատում,
  • կարողանում են ընդունել քննադատությունն իրենց հասցեին և չեն հուսահատվում, եթե չի հաջողվում հասնել նպատակին, չեն վախենում խնդիրներից ու պատրաստ են նոր դժվարությունների,
  • ամբողջ եռանդով տրվում են իրենց գործին և իրենց առջև դնում իրական նպատակներ։

Իհարկե, սա հոգեպես առողջ մարդու իդեալական պատկերն է։ Ինչպես ֆիզիկական առողջությունը, հոգեկան առողջությունը ևս ունենում է իր տատանումները։

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը կարելի է բարելավել։

Ինչպե՞ս զարգացնել հոգեկան դրական որակներ

Հոգեկան դրական որակներ զարգացնելու համար առաջին հերթին պետք է հասկանաք Ինքներդ Ձեզ, այսինքն`   կենտրոնանաք Ձեր ուժեղ և դրական կողմերի վրա։ Սա նշանակում է նաև, որ Դուք ստիպված եք ընդունել Ձեր որոշ հատկանիշներ, որոնք ի վիճակի չեք փոխելու, և աշխատել այն հատկանիշների վրա, որոնք հնարավոր է բարելավել։ Փորձե`  ք նաև հետևություն անել նախկինում ունեցած անհաջողություններից և թույլ տված սխալներից։ Եթե դա Ձեզ հաջողվի, կտրուկ կնվազի դրանք կրկնելու հավանականությունը։

Հոգեկան առողջությունը բարելավելու մեկ այլ ճանապարհ էլ կա`   ընդունել շրջապատի մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Բոլորն էլ թերություններ ունեն, սակայն բոլորի մեջ էլ հնարավոր է գտնել հիացմունքի արժանի գծեր։ Սովորելով գտնել հենց այդ դրական որակները այլ մարդկանց մեջ`   Դուք նպաստում եք սեփական հոգեկան առողջության կատարելագործմանը։

Անձը

Ո՞վ եք դուք։ Ի՞նչն է Ձեզ դարձնում ինքնատիպ։

Ձեր արտահայտվելու, զգալու և վարվելու ձևը առանձնացնում է Ձեզ ուրիշներից, և այս ամենը բնութագրում է Ձեր անձը, այսինքն`   Ձեր իրական Ես-ը։

Արդյո՞ք դուք այնպիսին եք, ինչպիսին կուզենայիք լինել։

Ինչպես իրարից տարբեր են բոլոր տերևներն ու ձյան փաթիլները, այնպես էլ անկրկնելի է յուրաքանչյուր անձ։ Ավելի ստույգ, յուրաքանչյուր մարդ ինքնատիպ է, առանձին անհատականություն է`   զգացմունքների, վերաբերմունքների և հմտությունների իր ամբողջությամբ։

Անհատականությունը ձևավորվում է մի շարք գործոններով, որոնցից երեքը ամենակարևորներն են`   ժառանգականություն, միջավայր, վարք։

Հոգեկանի ճանաչման ամենահաճախ բնութագրվող դրսևորումը մարդու վարքն է կամ կյանքի բազմաթիվ իրավիճակներում մարդու դրսևորած վարվելակերպը։ Վարքը անհատականության այն գործոնն է, որը կարելի է առավելագույնս ղեկավարել։ Այն հիմնված է կյանքի ընթացքում ձևավորված արժեքների համակարգի կամ այն սկ ա, որոնք կարևոր են կյանքում և որոնց մարդը փորձում է հետևել։ Արժեքների մեծ մասը ձևավորվում է ընտանիքի, մասամբ էլ`   ընկերների շրջապատում։ Իրենց հերթին արժեքներն էլ արտացոլվում են վարքի մեջ։ Եթե արժևորվում է առողջությունը, ապա նրա ամրապնդմանն ուղղված ուժ է ներդրվում։

Ժառանգականությունը, միջավայրը և վարքը միանալով ստեղծում են մարդու անհատականությունը։ Որոշ չափով այդ երեք գործոնները ողջ կյանքի ընթացքում շարունակում են ձևավորել մարդու անհատականությունը։

Վարքը կարելի է կառավարել`   կախված ընտրված վարքագծից։
Մարդուն հաճախ է հետաքրքրում, թե ինչ են մտածում այլ մարդիկ իր մասին։

Սեփական Ես-ի մասին ունեցած պատկերացման վրա ազդեցություն են թողնում ծնողների և այլ մարդկանց վերաբերմունքը։ Հոգեբանական ուսումնասիրությունները հաստատում են, որ մանկուց անհրաժեշտ ջերմությամբ շրջապատված երեխան հակված է սեփական անձի մասին ավելի դրական պատկերացում ունենալուն։ Իսկ եթե երեխան արհամարհված է եղել և բացի կոպտությունից, ոչինչ չի տեսել, ապա նրա մեջ հենց մանկուց արմատանում է ցածր և բացասական պատկերացում սեփական անձի մասին։

Դպրոց մտնելու պահից ի վեր ընկերները և ուսուցիչները դառնում են ինքնաճանաչման հիմնական գործոններից մեկը։

Դիտողությունները, որ արվում են Ձեր հասցեին, և վերաբերմունքը Ձեր նկատմամբ ամրացնում են Ձեր կարծիքը սեփական անձի նկատմամբ։ Երբ ուսուցիչը գովաբանում է Ձեզ լավ աշխատանքի համար, ձևավորվում է լավ աշակերտ լինելու պատկերը։ Նույն կերպ, եթե դասընկերներն արհամարհել են Ձեզ և չեն հրավիրել երեկույթի, սա կարող է էլ ավելի իջեցնել առանց այդ էլ ցածր ինքնագնահատականը։ Ձեր հասցեին մարդկանց ամեն ասածի և չասածի լույսի ներքո եք Դուք նայում Ինքներդ Ձեզ։

Տարիքային առաջընթացի հետ փոխվում է նաև ինքնագնահատականը, որը կարող է երբեմն անհանգստացնող լինել, բայց դա հասունանալու գործընթացի մի մասն է կազմում։

Հայացք ինքս ինձ վրա

Հավանաբար ոչ մի այլ գործոն այդքան ուժեղ չի ազդում ընդհանուր առողջության վրա, ինչպես ինքնաճանաչումը։ Երբ մարդու ինքնաճանաչումը դրական է, ապա նա առավելագույնս հաճույք է ստանում կյանքից`   հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես, զգացմունքայնորեն և սոցիալապես։ Արդյո՞ք հիմնականում երջանիկ եք զգում Ձեզ և հեշտությամբ շփվում այլ մարդկանց հետ։ Ի վիճակի ե՞ք շուտ սթափվել կորստից հետո։ Արդյո՞ք հպարտ եք Ձեր արտաքինով։

Լավ ինքնագնահատական ունենալը կարևոր նպատակ է, որին պետք է ձգտել հասնեուլ։ Այս նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան։

Ահա դրանցից երեքը.

  1. Կենտրոնացե'ք Ձեր հաջողությունների վրա։ Շնորհավորե'ք ինքներդ Ձեզ, երբ հաջողություն եք ունենում, աշխատե'ք մեծացնել ապագայում հաջողությունների հասնելու հնարավորությունները։ Հիշեցե'ք, հաջողությունը վստահություն է ենթադրում, իսկ վստահությունը լավ ինքնագնահատականի հիմքն է։
  2. Ուշադի'ր եղեք սեփական անձի հասցեին Ձեր դիտողությունների նկատմամբ։ Բացասական դիտողություններ երբեմն ուղղվում են մեր հասցեին ոչ միայն այլոց, այլ մեր կողմից։ Երբ զգում եք, որ Ինքներդ Ձեր մասին բացասական կարծիք եք արտահայտում, փորձե'ք նույնն ասելու ավելի դրական ձև գտնել։ Մի' ասեք ինքներդ Ձեզ, որ, օրինակ, բթամիտ եք, որովհետև շատ ժամանակ եք ծախսում տնային աշխատանքը կատարելու վրա։ Փոխարենը, ասացեք, որ զգույշ եք և աշխատում եք մանրակրկիտ։
  3. Դիմե'ք մտերիմ մարդկանց, երբ օգնության կարիք ունեք։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ օգնության կարիք ենք զգում։ Մարդիկ, որոնք Ձեզ սիրում են և անտարբեր չեն Ձեր նկատմամբ, կօգնեն և կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն, որը կամրապնդի և ոչ թե կթուլացնի Ձեր ինքնաճանաչումը։

Երբ Դուք լավ ինքնագնահատական ունեք, Դուք Ձեզ ուժ և վստահություն եք փոխանցում`   կյանքը շարունակելու և դժվարությունները հաղթահարելու համար։

Առաջարկում ենք հետեվյալ թեստը

Դուք ունե՞ք այն բոլոր որակները, որոնցով ուրիշները հմայում են Ձեզ։ Պարզելու համար պատասխանեք այո, ոչ կամ երբեմն ստորև զետեղված յուրաքանչյուր կարծիքին։ Ավարտելուց հետո մտածե'ք, թե ինչ կարող եք անել ամեն ''ոչ''-ը փոխելու և ամեն ''երբեմն''-ը այո դարձնելու համար։

  • Ինձ իսկապես հետաքրքրում է, թե ինչ են այլ մարդիկ անում կամ ասում։
  • Ինձ հաճելի է լինել մարդկանց խմբի մի մասը։
  • Գրեթե բոլորի հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ։
  • Մարդիկ կարող են հույս դնել ինձ վրա։
  • Ես անտարբեր չեմ այլ մարդկանց զգացմունքների նկատմամբ։
  • Ես լավ ունկնդիր եմ։
  • Ինձ դուր է գալիս համագործակցել մարդկանց հետ։
  • Ես փորձում եմ երբեք չուշանալ։
  • Ես լավ սովորություններ ունեմ։
  • Ես ինքս իմ առջև իրական նպատակներն եմ դնում։
  • Ես սովորաբար արագ ուշքի եմ գալիս անհաջողությունից հետո։

 

Հեղինակ. ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: