Հանրագիտարան

Վանաձոր

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Լոռի
Այլ անվանումներ`   մինչև 1935-Ղարաքիլիս, մինչև 1993 — Կիրովական
Տվյալ կարգավիճակում`   1828-ից
Մակերես`   25 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   1 350 մ
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   117 000 մարդ (2008)
Ազգային կազմ`   հայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   վանաձորցի
Հեռախոսային կոդ `   374 (322)

Վանաձորը քաղաքային համայնք է Լոռվա մարզում, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է Լոռվա մարզի մարզկենտրոնը: Տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղուց աջ: Երեւան քաղաքից գտնվում է կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարագիլիսե, Կարաքիլիսա, Կարաքլես, Ղարաքիլիսա Մեծ, Ղարաքլիս, Մարտունական, Մարտունաշեն, Կիրովական անվանումները: 1935 թ-ին Ղարաքիլիսան  վերանվանվել է Կիրովական ի հիշատակ բոլշեւիկ-հեղափոխական գործիչ Կիրովի: 

Վանաձոր է վերանվանվել 1991 թ-ին: Քաղաքը տեղադրված է Փամբակ գետի նեղ հովտում, որտեղ վերջինիս մեջ է թափվում Տանձուտ գետը: Քաղաքը հյուսիսից շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի եւ Բազումի լեռնաշղթայի լանջերով: Կլիման մեղմ է, բարեխառն, խոնավությունը`   բավարար: Ձմեռը համեմատաբար տաք է, կայուն ձյունածածկով, ամառը տաք է: Տարեկան թափվում են 650մմ մթնոլորտային տեղումներ: Ոռոգման եւ խմելու նպատակով օգտագործվում են Փամբակ, Վանաձոր եւ Տանձուտ գետերի ջրերը: Ունի ստորերկրյա ջրերի պաշարներ: Քաղաքից հարավ կան անտառի պաշարներ: Շրջակայքում կան բնական շինանյութերի`   բազալտի, տուֆի, գիպսի, կավի, շինարարական ավազի, ծծմբարջասպի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: 
 
Քաղաքում և նրա շրջակայքում կան նյութական մշակույթի բազմազան նմուշներ, որոնք պահպնվում են Լոռի-Փամբակ գավառագիտական թանգարանում: Քաղաքում է բգտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Ունի բուսաբանական այգի: 
Վանաձորի տարածքը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիներից է եղել: Այստեղ Թագավորանիստ և մաշտոցի բլուր կոչվող վայրերում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան մշակույթի հետքեր, որոնք վերաբեչում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: Այն մտել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի մեջ: Հետագայում այստեղ իշխել են Բագրատունիները և Արշակունիները, իսկ 10-րդ դարից`   Կյուրիկյան ֆեոդալական թագավորությունը: Սելջուկ թուրքերի, թաթար մոնղոլների արշավանքների ժամանակ որպես բնակավայր կոչվել է Ղարաքիլիսա, այսինքն սեւ եկեղեցի: Վանաձորում կան երկու եկեղեցիներ`   հայկական ս. Աստվածածին`   կառուցված սեւ քարով, որտեղից էլ կոչվել է Ղարաքիլիսա, մյուսը`   ռուսական, որը կառուցվել է 1895 թ-ին: 
 
Քաղաքն ունի զարգացած հզոր արդյունաբերություն: Տնտեսությունը արագ զարգացել է 20-րդ դարի 40-ական թթ-ից`   Ձորագետի ջրաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ: Այդ տարիներին սկսել են զարգանալ տնտեսության նոր ճյուղերը և կառուցվել են մեքենաշինական, քիմիական արդյունաբերության, թեթև եւ սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ: Քաղաքում 1961 թ-ին կառուցվել է Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, որի արտադրանքը ապահովում է ոչ միայն քաղաքի և մարզի մի շարք բնակավայրերի էներգետիկ պահանջները: Ունի մետաղահատ հաստոցների, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների գործարաններ, կարի, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, մսի, հացի, կաթի և կաթնամթերքի, պահածոների գործարաններ, երկաթբետոնյա կոնստրուկցիաների, շինարարական իրերի արտադրություններ: Քաղաքի դերը երկրի համար կարեւորվում է հատկապես քիմիական տարբեր ապրանքատեսակների արտադրության մեջ: Այստեղ արտադրվում են քիմիական մանրաթել, ազոտաթթու,կալցիումի կարբիդ, մելամին և այլն: 1996 թ-ին հիմնադրվել է թանկարժեք քարերի մշակման համար նախատեսված հաստոցների և սարքավորումների արտադրությունը:
 
Պետական նշանակության հողերն գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր (354հա), կան նաև խոտհարքեր (111հա), վաելահողեր (27հա), պտղատու այգիներ (10հա): Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: 
 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը, գազաֆիկացումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: