Հանրագիտարան

Տեղի է ունեցել Շուշիի ճակատամարտը

Արցախյան ազատամարտում Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղությամբ և միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը`   ժամը 2.30-ին, գրավվեցին Քիրսի ռազմական դիրքերը և հսկողության տակ վերցվեց Լաչին-Շուշի ճանապարհը: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանը:

 

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո:
 
Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը:
 
Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Ս. Բաբայանի, Ա. Կարապետյանի, Ս. Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:
 
Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները:
 
Ռազմագործողությունը ղեկավարել են Շուշիից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:
 
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
 
Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր:
 
Դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հայկական հինավուրց բերդաքաղաքն ազատագրված էր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: