Հանրագիտարան

Փերի

Փերի քաղաքը արևմտահայ գրականության մեջ ավելի հայտնի էր Բերրի ձևով։ Հիշատակվում է իբրև ավան և գյուղաքաղաք։

Գտնվում է Դերսիմում, Խարբերդ քաղաքից մոտ 38 կմ Հյուսիս-արևելք, Փերի գետի ստորին հոսանքի հովտում, պարփակված երկու լեռնաճյուղերի միջև, այգիներով և բանջարանոցներով պատած գեղատեսիլ սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1040 մ է։ Կլիման մեղմ է, անտառային՝ ձյունառատ ձմեռներով և համեմատաբար տաք ամառներով։ Այն Չարսանջուկի գավառի և Փերի գավառակի կենտրոնն է։

Փերին երբեք բազմամարդ չի եղել։ Այն փոքրիկ գյուղաքաղաք է։ 1872 — 73թթ. ուներ 300 տուն հայ և 80 տուն քուրդ ու թուրք բնակիչ, իսկ 1893 — 1900 թթ. ուներ 753 տուն հայ և 100 տուն քուրդ ու թուրք բնակիչ։ Նրա բնակիչների քանակը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հազիվ 4500 մարդու էր հասնում։ Այնուհանդերձ, Փերին համարվում էր Չարսանջակ գավառի առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոնը։ Տեղական ճանապարհներով կապված էր գավառի շատ գյուղերի հետ։ Հայտնի էր իր այգիներով, բնակչության զբաղմունքների մեջ հիմնական տեղը գրավում էր այգեգործությունը, որի հիմնական մշակույթներից էին խաղողը և թութը։ Առևտուրը հիմնականում մանրածախ էր և սահմանափակված էր գավառի շրջանակներով։ Արհեստներից աչքի էին ընկնում հատկապես ոսկերչությունը, կտավագործությունը, ինչպես և մսագործությունը։

 
Գյուղաքաղաքի տների մեծագույն մասը երկհարկանի էր, հողե տափակ կտուրներով։ Տների երկրորդ հարկը ծառայել է իբրև բնակարան, իսկ առաջինը՝ գոմ, մարագ, փայտանոց, թոնրատուն։ Ուներ վեց գլխավոր թաղ՝ Կալերի, Շուկայի, Եկեղեցու, Կարմիր-աղբյուրի, Խորշակի և Տոնաղբյուրի։ Դրանք բոլորը հայաբնակ էին, բացի Շուկայի թաղից, որտեղ ապրում էին 100 ընտանիք թուրք ու քուրդ բնակիչներ։
 
Հայերն ունեին իրենց եկեղեցին, որ կրում էր ս. Աստվածածին անունը։ Այստեղ XIX դարի երկրորդ կեսում և ХХ-ի սկզբներին գործում էր հայկական մի վարժարան 80 —100 սաներով և մեկ նախակրթարան։
 
Արևմտյան Հայաստանի մյուս հարյուրավոր բնակավայրերի նման Փերին ևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվեց թուրքական ցեղասպանների կազմակերպած ջարդերին ու ավերումներին։ Նրա հայ բնակչության մեծ մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մի կերպ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ Որոշ աղբյուրների համաձայն այստեղ ներկայումս կա մի քանի հայ ընտանիք։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: