Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը։ Գտնվելով Արևելքի ու Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ։
Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ, ավելի ապահով տեղ։ Չհաշված մայրաքաղաքի նշանակություն ստացած ժամանակավոր թագավորանիստերը, ֆեոդալական մանր թագավորությունների և Փոքր Հայքի, Ծոփքի ու Կիլիկիայի հայկական թագավորությունների մայրաքաղաքները (Անտիոք, Լոռի, Աղթամար, Կապան, Սիս և այլն), Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք։ Ահա հայոց մայրաքաղաքների երկար շարքը՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան։ Ահա թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»։
Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։
Վանը հայկական շրջանում կենտրոնական պետության մայրաքաղաք չի եղել։ Այն միայն որոշ ժամանակ դարձել էր Վասպուրականի Արծրունյաց ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը։ Բայց այդ ամենևին էլ չի բացառում Վանը հայոց մյուս մայրաքաղաքների շարքում դասելը։ Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (Պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և, իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ։
Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ՝ IX դարի առաջին կեսում։ Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Հետագայում Տուշպա անունը Տոսպ ձևով անցել է Վանի շրջակայքի գավառին և Վանա լճին, որը Տոսպից բացի ունեցել է բազմաթիվ ուրիշ անուններ՝ Բզնունյաց ծով, Աղթամարի լիճ, Խլաթի լիճ և այլն։ Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր», «բնակվելու տեղ», Այդ պատճառով էլ «վան» բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն)։
Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով։ Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա լճի հետ կապվում է Ավանց գյուղի միջոցով, որը քաղաքի նավահանգիստն է և գտնվում է անմիջապես լճափին։ Քաղաքը տեղադրված է հարթավայրում, կլիման չոր ու շոգ է։ Ունի արգավանդ հողեր և փարթամ այգիներ։ Քաղաքի թաղամասերում բխում են տասնյակ աղբյուրներ։ Քաղաքի կեսը թաղված է այգիների մեջ, այդ թաղամասը մինչև օրս հայտնի է Այգեստան անունով։ Կենտրոնական մասում վեր է խոյանում մի լեռնաճյուղ-ժայռ, որի վրա զետեղված է եղել ուրարտական միջնաբերդը։ Քաղաքից դեպի արևելք, ոչ հեռու բարձրանում է Վարագա լեռն իր համանուն երկու վանքերով, որոնք իրենց դպրոցներով ու մատենադարաններով այնքան հայտնի էին դարեր շարունակ և որոնք կոչվում էին Հին ու Նոր Վարագա վանքեր։ Դրանց ավերակները գոյություն ունեն մինչև այժմ։
Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է և գոյություն ունի մինչև օրս։ Ուրարտական թագավորներն իրենց հռչակավոր մայրաքաղաքը կառուցել են հաշվի առնելով նրա նպաստավոր դիրքը՝ քաղաքական, ռազմական, տնտեսական առումներով։ Այն գտնվում էր Ուրարտական ընդարձակ պետության գրեթե երկրաչափական կենտրոնում և կարող էր այն ժամանակվա պայմաններին համապատասխան կապ պահպանել պետության բոլոր շրջանների հետ։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան հատվածով, իսկ նրա ախոյանների՝ ասորեստանցիներ հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմերից։ Բացի դրանից, քաղաքի կենտրոնական մասում բաբձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, բնական մեծ ամրություն էր և անառիկ էր այն ժամանակվա բանակների համար։ Ուրարտացիները հենց այդտեղ կառուցել էին իրենց հռչակավոր մայրաքաղաքի ժայռափոր միջնաբերդը՝ Ամարստանը, որն ուներ վիմափոր զորանոցներ ու զինանոցներ, պահեստներ, ախոռներ, դիտակետեր, բավական ընդարձակ հրապարակներ։ Բերդի ստորոտով ձգվում էր ոչ պակաս ամուր պարիսպն իր պաշտպանական մյուս կառույցներով։ Վանը, այսպիսով, հին աշխարհի անառիկ քաղաքներից մեկն էր։
Ոչ պակաս նպաստավոր էր Վանի աշխարհագրական դիրքը նաև տնտեսական առումով։ Վանը IX — VII դարերում (մ. թ. ա.) գտնվում էր Ուրմիա լճի ավազանից դեպի Արածանիի ավազանը և Արևելյան Տիգրիսի ավազանից դեպի հյուսիս տանող կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Բացի դրանից, նա կարող էր առափնյա նավարկության միջոցով կապվել Վանա լճի շուրջն ընկած շրջանների ու քաղաքների հետ։ Իբրև պետության մայրաքաղաք, երկրի բոլոր շրջանների տնտեսական կյանքի թելերը ձգվում էին դեպի այնտեղ։ Նա միաժամանակ տնտեսական աշխույժ կապեր ուներ ժամանակի հայտնի պետությունների՝ հատկապես Ասորեստանի և Խեթերի պետության հետ։
Վանը արհեստագործության խոշոր կենտրոն էր դարձել տակավին ուրարտական ժամանակաշրջանում։ Քաղաքում հայտնի էին մետաղամշակությունը, զինագործությունը, կավագործությունը, քարտաշությունը, մանածագործությունն ու ջուհակությունը և այլ արհեստներ։ Վանի մետաղագործության զարգացմանը մեծապես նպաստում էր բնական հումքերի՝ անագի (քաղաքից հարավ), երկաթի ու կապարի (Վանա լճի հարավային ափին), պղնձի ու գունավոր այլ մետաղների առատությունը պետության զանազան շրջաններում:
Առևտուրն ու արհեստները ուրարտական մայրաքաղաքի տնտեսության հիմնական ճյուղերն էին։ Բայց դրանցով չէր սահմանափակվում նրա տնտեսական կյանքը։ Քաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ձկնորսությամբ։
Այստեղ առանց արհեստական ոռոգման հնարավոր չէ գրեթե որևէ մշակույթի գծով բավարար բերք ստանալ։ Բայց Վանի շրջակայքում չկա խմելու և ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Մայրաքաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու և այգիները ոռոգելու համար ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մ. թ. ա.) կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք, որը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի հյուսիսային լանջերից (դրա ակունքը գտնվում է Վանա լիճը թափվող Խոշաբ գետից մոտ 5 կիլոմետր հարավ) և ձգվում մինչև քաղաքի ուրարտական պարիսպների մոտ, որտեղից այն ուղղվում է դեպի լիճ, ավելորդ ջրերի կուտակումներից ու ճահճակալումներից քաղաքը զերծ պահելու նպատակով։ Ուրարտական թագավոր Մենուայի կառուցած այդ ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի և Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս տուշպացիներին։
Մենուայի ջրանցքը հին աշխարհի նշանավոր մեծ կառույցներից մեկն է և գոյություն ունի ու գործում է մինչև օրս։ Հայ մատենագրության մեջ Վան քաղաքի ու Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրել են Ասորեստանի ավանդական թագուհի Շամիրամին։ Հայերը մինչև օրս էլ այդ առուն կոչում են Շամիրամի ջրանցք, իսկ թուրքերը՝ Շամիրամ-սու։
Մենուայի ջրանցքից բացի, Տուշպայի ընդարձակ այգիներն ու դաշտերը ոռոգելու համար՝ ուրարտացիները քաղաքից արևելք պատրաստել էին մի արհեստական լիճ, որն այժմ էլ գոյություն ունի և թուրքերն այն կոչում են Քեշիշ-գյոլ ( = «տերտերի լիճ»)։
Հայաստանի մյուս խոշոր քաղաքների նման Վանի քաղաքական պատմությունը ևս ունեցել է շատ ելևէջներ։ Առաջին մեծ հարվածը Վան-Տուշպան ստացել է ասորեստանցիների կողմից, Ուրարտական պետության անկման շրջանում՝ VII— VI դարերում (մ.թ. ա.)։ Ուրարտական պետության անկումից հետո (585թ. մ. թ. ա.) մի քանի դար Վանը կորցրել էր իր նախկին փառքը և դարձել երկրորդական քաղաք։ Վանը զարգացման նոր ժամանակաշրջան է ապրում հայ Արտաշեսյան թագավորության շրջանում, մանավանդ Տիգրան Բ-ի օրոք (95 — 55 թթ. մ. թ. ա.)։ Վերջինս հելլենիստական քաղաքներից բերած հրեա, հույն ու ասորի հազարավոր գերի արհեստավորներ ու առևտրականներ է բնակեցնում Վանում, մեծապես նպաստելով նրա տնտեսական կյանքի՝ հատկապես առևտրի ու արհեստագործության առաջադիմությանը։
I — VII դարերում, ընդհանուր առմամբ, Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը։ Այստեղ շարունակում են գոյություն ունենալ հնից եկող արհեստները, առաջանում են և նոր արհեստներ (հատկապես մետաղամշակման զարգացման հետ կապված), զարգանում է առևտուրը։ Արաբական տիրապետության շրջանում (VIII — IX դարեր) Հայաստանի մյուս քաղաքների հետ, զգալի չափով հետադիմում է և Վանը, վերածվելով սովորական ֆեոդալական քաղաքի, որի բնակչության զբաղմունքի մեծ մասը կազմում էին ոչ թե քաղաքային, այլ առաջին հերթին գյուղատնտեսական զբաղմունքները։
Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX — XIII դարերում, Հայաստանում ֆեոդալիզմի զարգացման ժամանակաշրջանում։ Արհեստների, առևտրի, մշակութային կյանքի զարգացման և X — XI դարերում մի բավական ընդարձակ պետության (Վասպուրականի թագավորության) մայրաքաղաք լինելու շնորհիվ, Վանը դառնում է Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ Այդ դարերում նրա բնակչության թիվը տասնյակ հազարների է հասնում, իսկ նրա առևտուրը ստացել էր համապետական և նույնիսկ, միջազգային նշանակություն։
XIII դարով վերջանում է Վանի զարգացման ժամանակաշրջանը։ Դրանից հետո այն դարեր շարունակ դառնում է կռվածաղիկ թուրքական զանազան ցեղերի ու օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Քաղաքական աննպաստ պայմանները խիստ բացասաբար են ազդում հնագույն քաղաքի տնտեսական ու մշակութային կյանքի վրա։
Վանը զգալի չափով տուժում էր նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից։ Աղբյուրները հաղորդում են քաղաքում և նրա շրջակայքում 1276, 1441, 1646, 1648, 1701, 1715 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ու դրանց պատճառած վնասների մասին։ Առանձնապես կործանիչ է եղել 1648 թվականի երկրաշարժը, որի հետևանքով ավերվել են ամբողջական թաղամասեր, բազմաթիվ եկեղեցիներ ու մզկիթներ, խոր հնությունից եկող հուշարձաններ։ Քաղաքի առևտրական շարքերն ու փայտաշեն խանութները, որոնք լեփ-լեցուն էին ներմուծովի ու տեղական ապրանքներով, ճարակ են դարձել 1876 թվականին բռնկված զարհուրելի հրդեհին։
Բայց և այնպես, Վանը նոր ժամանակներում դարձյալ, արհեստագործության ու առևտրի նշանակալի կենտրոն էր, բավական մարդաշատ, սրբագործված հին ավանդույթների մի քաղաք, որն իր մշակույթով, հուշարձաններով ու հնություններով, վարչական նշանակությամբ (այն համանուն մեծ նահանգի՝ վիլայեթի կենտրոնն է) մնում էր իբրև Արևմտյան Հայաստանի կարևոր քաղաքներից մեկը։
Ըստ համեմատաբար արժանահավատ աղբյուրների, Վանը 1805—1806 թվականներին ունեցել է 15 — 20 հազար բնակիչ, մեծ մասը հայեր, 1890-ական թվականներին նրա բնակչության թիվը հասնում էր 40 հազար մարդու, որից 25 հազարը հայեր էին։ Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև 1915թ. մեծ եղեռնի նախօրյակին։
Վանի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Այստեղ գործում էին տասնյակ արհեստներ։ Առանձնապես կատարելության էին հասել երկաթագործությունը, զինագործությունը, դերձակությունը, կոշկակարությունը, իսկ ոսկերիչների ու արծաթագործների պատրաստած իրերն ու առարկաները իսկական արվեստի գործեր էին, որոնք այնքան մեծ համբավ ունեին ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Արհեստների զարգացման հետ միասին XIX դարի երկրորդ կեսում երևան են գալիս նաև մի քանի համեմատաբար խոշոր ձեռնարկություններ։ 1870-ական թվականներին քաղաքում գործում էր կաշեգործական մի ձեռնարկություն, նույն այդ թվականներին շարք էր մտել Թոխմախյան եղբայրների կտավագործական ձեռնարկությունը, որին հաջորդեցին նաև ուրիշ ձեռնարկություններ:
Այս վերջինների թվում, էր 1896-ին հիմնադրված` համեմատաբար ավելի կատարելագործված ձեռնարկությունը։ 1890-ական թթ. վարպետ Ալեքսանը հիմնել է մեխանիկական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլ իրեր։ Այդ բոլոր «գործարաններն» ու «ֆաբրիկաները» դեռևս կապիտալիստական մեքենայացված ձեռնարկություններ չէին, այլ սովորական մանուֆակտուրային: Վանի արդյունաբերության հետագա զարգացումն իսպառ ընդհատվեց երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետևանքով։
Վանն առևտրի աշխույժ կենտրոն էր և կապված էր Թավրիզի, Բիթլիսի, Վանա լճի շրջակայքի քաղաքների հետ։ Քաղաքի հայ վաճառականները ներմուծում էին գորգեր, բամբակ, չիթ, քաշմիրի շալ, մանրավաճառի ապրանքներ։ Իսկ Պոլիս և այլուր արտահանում էին՝ հացահատիկ, անասուններ, բուրդ, կաշի, ընկուզենու փայտ, շատախի շալեր, տառեխ ձուկ, բորակ, ոսկերչական և արծաթագործական ընտիր շինվածքներ։ Քաղաքում կային շուկա-հրապարակներ՝ հարյուրավոր խանութներով, կրպակներով և արհեստանոցներով։
XIX դարում և ХХ-ի սկզբներին Վանը հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր: Այստեղ գործում էին տարբեր կարգի 10 վարժարաններ մոտ 1700 աշակերտներով։ Դրանցից համեմատաբար խոշոր և հայտնի էին Փորթուգալյան կենտրոնական վարժարանը և ս. Ղուկասյան ու Երեմյան կրթարանները, որոնցից վերջինը բացվել էր 1878 թվականին։ Քաղաքում կազմակերպվել էին թատերական ինքնագործ մի քանի խմբեր, որոնցից մեր դարի սկզբներին (1905 —1914 թթ.) ամենաեռանդուն գործունեություն ունեցողն ու առաջատարը Արտաշես Աղախյանի ղեկավարածն էր։
Վանը հայկական գրչության մեծ կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված կամ օրինակված տասնյակ ձեռագրեր` ավետարաններ, ճաշոցներ, մաշտոցներ, գանձարաններ, ժամագրքեր, տոնացույցներ և այլն։ Մշակութային առումով Վանի հետ էր կապված հայտնի Վարագավանքը, որն ուներ իր վարժարանը, պարբերականը («Արծվի Վասպուրական»), հարուստ մատենադարանը։ Քաղաքում պահպանվել են ուրարտական թագավորների սեպագիր բազմաթիվ արձանագրություններ, որոնք նույնքան բազում հայկական վիմագիր արձանագրություն ների հետ միասին կարևոր աղբյուրներ են մեր ժողովրդի պատմության համար։
XX դարի սկզբին Վանն ունեցել է 5500 տուն, որից 3000-ը՝ հայկական։ Քաղաքը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը պարսպապատ բուն քաղաքն էր և կոչվում էր Քաղաքամեջ, իսկ մյուսը դրանից արևելք գտնվող Այգեստանն էր` փռված ընդարձակ տարածության վրա։ Տների մեծ մասն աղյուսաշեն էր, միհարկանի, երկհարկանի և քիչ թվով՝ եռահարկ։ Փողոցները նեղ ու ծուռումուռ էին։ Քաղաքի հայաբնակ մասը բաժանվում էր 34 մեծ ու փոքր թաղերի, որոնցից 31-ը խիստ ավերվել էին 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ։ Հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի։ Դրանցից էին ս. Տիրամայրը, ս. Պողոսը, ս. Պետրոսը, ս. Վարդանը, ս. Սահակը և այլն:
Վանում են ծնվել կամ գործել մեր ժողովրդի բազում երախտավորներ գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու զինվորական գործիչներ։ Այդտեղ են ծնվել գրողներ Վրթանես Փափազյանը, Վ. Մ. Ալազանը, Ա. Վշտունին, Գ. Մահարին, նկարիչ Հ. Ալխազյանը, ամերիկյան հայազգի քանդակագործ Հ. Ս. Բադիկյանը (1876 — 1950), ռեժիսոր, ՍՍՀՄ ժողովրդական դերասան Վ. Մ. Աճեմյանը, քաղաքական-կուսակցական ականավոր գործիչ Ա. Ղ. Խանջյանը, պրոֆ. Տ. Ա. Զրբաշյանը, Մ. Մ. Մկրյանը և ուրիշներ։
Այսպիսով, Վանը հայաբնակ քաղաք էր ընհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Նրա հայ բնակչությունը դաժան բռնությունների ենթարկվեց սուլթան Աբդուլ Համիդի ջարդարարների կողմից՝ 1895 — 1896 թվականներին։ Բայց Վանի պատմական կյանքում ճակատագրական դարձան առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Չնայած հերոսական պաշտպանությանը, Վանի հայ բնակչությունը ևս ենթարկվեց (1915թ.) երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արհավիրքներին։ Նրա զգալի մասն, այնուամենայնիվ, փրկվեց և ապաստան գտավ Արևելյան Հայաստանում ու աշխարհի զանազան անկյուններում։
Այժմ Վանը գավառական տիպի հետամնաց քաղաք է, ծուռումուռ, կեղտոտ փողոցներով և ծայրաստիճան հետամնաց տնտեսությամբ։
Վանն իր պատմական հուշարձաններով գրավում է հնագետների, պատմաբանների, ճարտարապետների ու հետաքրքրասեր զբոսաշրջիկների։ Այն իր ուրարտական-հայկական հուշարձաններով մի մեծ թանգարան է, առանց որի ուսումնասիրության անհնար է համակողմանիորեն վերականգնել հին աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի պատմությունը, որն ստեղծել էին հայկական ցեղերը և որն անմիջականորեն նախորդել է բուն հայկական պետությանը։