Հանրագիտարան

Սարիղամիշ

Սարիղամիշը երբեմն հիշատակվում է իբրև սովորական գյուղ, երբեմն էլ՝ քաղաքավան։ Բայց իր բնույթով ու մեծությամբ իսկական գյուղաքաղաք էր և պատահական չէ, որ ավելի գիտակ հեղինակների մոտ, ինչպես և պաշտոնական փաստաթղթերում, այն այդպես էլ կոչված է։

Սարիղամիշը գտնվում է Կարսի սարահարթում, նախկին Կարսի մարզի Կարսի օկրուգում, Կարս քաղաքից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, Կարս գետի վերին հոսանքի վրա։ Շրջակայքում, ընդարձակ տարածության վրա, փռված են Սարիղամիշի մայրիի հայտնի անտառները, որոնց փայտանյութը հին ժամանակներում Արաքսով տարել են մինչև Արտաշատ և Դվին մայրաքաղաքները։ Խեժատու ծառերով այդ անտառները, որ դարերով հիմք էին դարձել փայտամշակման արհեստների զարգացման համար, իրենց տեսակով եզակի էին ընդհանուր առմամբ անտառներով աղքատ ամբողջ Պատմական Հայաստանի համար։ Բարձրադիր, մաքուր ու առողջարար օդով և գեղատեսիլ բնությամբ Սարիղամիշը հռչակված ամառանոցավայր էր։

Սարիղամիշի տեղում բնակավայր է եղել դեռևս ուրարտական պետության ժամանակներում։ Այստեղ 1878 թվականին Ալեքսանդր Երիցյանը հայտնաբերել է ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի (VIII դ. մ. թ. ա.) սեպագիր արձանագրություններից մեկը, որը տարվել է Թբիլիսի և ներկայումս գտնվում է Վրացական ՍՍՀ պատմական թանգարանում։ Արձանագրության մեջ ասված է այն մասին, որ ուրարտական թագավորը գրավել է Ախուրիանի քաղաքը։ Դժվար է կռահեի թե հնագույն Ախուրիանի քաղաքի հետագայի որ բնակավայրին է համապատասխանում Սարիղամիշին, թե մի այլ բերդաքաղաքի կամ ավանի, բայց անժխտելի է, որ նրա տեղում բնակավայր, այնուամենայնիվ, գոյություն ուներ և գտնվում էր Արգիշտի 1-ինի նվաճած Ախուրիանի երկրի (որի անվան հետ կապված է նաև Արաքսի ձախակողմյան վտակ Ախուրյան գետի անունը) կենտրոնական մասում։ Հետագա դարերում Սարիղամիշի վերաբերյալ վկայություններ չկան։ Այն համեմատաբար հայտնի է դառնում նոր ժամանակներում։ Սարիղամիշի վերաբերյալ բավական հարուստ նյութեր են հաղորդվում կապված ռուս-թուրքական 1877—1878թթ. պատերազմի, երբ այն Կարսի մարզի հետ միասին անցավ Ռուսաստանին, և առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների հետ։ 1914 թվականի դեկտեմբերի վերջերից մինչև հաջորդ տարվա հունվարի 18-ը թուրքական 3-րդ բանակի և ռուսական կովկասյան բանակի միջև այստեղ շարունակվող մարտերը առաջին համաշխարհային պատերազմի պատմության մեջ հայտնի են Սարիղամիշի օպերացիա անվան տակ։ Այդ մարտերը սկսվել էին 1914 թ. դեկտեմբերի 26-ին, երեկոյան։ Թուրքական բանակի հրամանատարը ցեղասպան Էնվեր փաշան էր, իսկ ռուսական բանակը գործում էր Միշլաևսկու գլխավորությամբ։ Սարիղամիշի օպերացիան ավարտվում է 1915 թ. հունվարի 18-ին ռուսական բանակի հաղթանակով։ Ե՛վ այդ մարտերիջ առաջ, և՛ դրանց ավարտից հետո, Սարիղամիշը Կարսի մարզի ամրացված կարևորագույն կետերից մեկն էր որտեղ զետեղված էին ուժեղացված կայազոր և մեծ թվով զորանոցներ, զինանոցներ ու պարենի պահեստներ։
 
Սարիղամիշի բնակչության թվաքանակը 3000 մարդուց երբեք չի անցել։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը նրա ճնշող մասը կազմում էին հայերը, որոնք թուրքական ջարդարարների բռնություններից մի կերպ փրկվեցին տեղափոխվելով Սովետական Հայաստան։
 
Չնայած իր փոքրությանը՝ Սարիղամիշը տնտեսական առումով ուներ կարևոր նշանակություն։ Այն ճանապարհային կայան է Էրզրում — Կարս ճանապարհի և կայարան է Ալեքսանդրապոլ (Լենինական) — Կարս — Էրզրում երկաթուղու վրա։ Այստեղ նախասովետական շրջանում արհեստների հետ միասին գործում էին փայտամշակման մի քանի մանր ձեռնարկություններ, որոնց բանվորները 1920 թվականին կազմակերպված ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ գործադուլային պայքար էին մղում ձեռնարկատերերի և տիրող կարգերի դեմ։
 
Սարիղամիշը բաղկացած էր երկու թաղից, որոնք փաստորեն երկու գյուղ էին միացած իրար և կոչվում էին Վերին ու Ներքին Սարիղամիշ։ Դրանցից Վերին Սարիղամիշը բուն Սարիղամիշ գյուղաքաղաքից`   Ներքին Սարիղամիշից գտնվում, էր 3 — 3,5 կմ արևմուտք, Կարս գետի ձախ ափին և 1907 թվականին ուներ ընդամենը 152 բնակիչ։ Ներքին Սարիղամիշն ուներ իր եկեղեցին ու վարժարանը։ Այն այժմ էլ գոյություն ունի և իր մեծությամբ ու համայնապատկերով ոչնչով չի տարբերվում XX դարի առաջին քառորդի անշուք գյուղաքաղաքից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: