Հանրագիտարան

Շատախ

Երբեմն հիշատակվում է նաև Շատաղ, Շոխ, Տաք տարբերակներով։ Տարբեր ժամանակներում համարվել է գյուղավան, գյուղաքաղաք և քաղաք։ Նույն անունը կրող մի ավան էլ գտնվում է Սասունում, որի հետ այս Շատախը չպետք է շփոթել։

Վերջինս գտնվում է Վանա լճից հարավ, լճափից մոտ 40 կմ հեռավորությամբ, Մոկսից 30 — 31 կմ հարավ-արևմուտք, Արևելյան Տիգրիսի (Բոհտանսու) աջ ափին, սարավանդի վրա, թաղված այգեստանների մեջ։ Գյուղաքաղաքի երեք կողմերում վեր են խոյանում Շատախի լեռների Մարուլ, Գլուլական և Կայնեկլ լեռնագագաթները, իսկ նրա վրա ուղղակի կախված է Քյուրեկ լեռը, որից վաղ գարնանը հաճախ պոկվում են ձյան հսկայական զանգվածներ և գլորվելով դեպի վար մեծ վնաս են պատճառում գյուղաքաղաքին։ Առանձնապես աղետաբեր հետևանքներ է ունեցել 1883թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ձյունահյուսը, որի հետևանքով զոհվել են 57 մարդ։ Շատախի մոտ իրար են միանում երեք անդնդախոր ձորեր, որոնցով ահռելի շառաչյունով հոսում են փրփրադեզ գետակներ։ Ջրառատ գյուղաքաղաք է Շատախը, գեղատեսիլ համայնապատկերով։

Շատախի շրջանը համապատասխանում է հին Ջերմաձոր գավառին։ Նոր ժամանակներում գյուղաքաղաքն իր համանուն գավառակով, որի կենտրոնն էր այն, մտնում էր Վանի նահանգի Ջուլամերկի գավառի մեջ։
 
Շատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500 — 4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200— 1300 բնակիչ21: Ներկայումս Շատախը սովորական գյուղ է մի քանի հարյուր բնակիչներով, որոնց մեջ բավական թիվ են կազմում հայերը։
 
Բնակիչները զբաղվում էին առևտրով, արհեստներով ու տնայնագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Շատախն առանձնապես հայտնի էր շալագործությամբ։ Շալի ամենաընտիր տեսակը, որ հայտնի էր Վանի անունով, գործում էին Շատախում անգորական այծի բրդից։ Շալագործության մեջ ներգրավված էին մեծ թվով կանայք, կային շալագործական մանուֆակտուրային և տնայնագործական մի քանի ձեռնարկություններ։
 
Շատախն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Ստեփանոս և ս. Կարապետ անուններով։ Եղել է գրչության կենտրոն։ Մեզ հայտնի են XV—XVII դարերում այստեղ գրված մի քանի ձեռագրեր գլխավորապես ավետարաններ, որոնց վերջում զետեղված են գրիչների հիշատակարանները։ Շատախում գործած գրիչներից են Իսրայել քահանան և Օհանես երեցը։ XIX դարի երկրորդ կեսում և հաջորդ դարի սկզբներին Շատախում կար տղաների ու աղջիկների վարժարան։ Մի խումբ երիտասարդների ջանքերով այստեղ հրատարակվում էր մի փոքրիկ թերթ, որի էջերում տեղեկություններ էին հաղորդվում հիմնականում տեղական կյանքից։
 
Միջին դարերում Շատախը իբրև գավառի կենտրոն ունեցել է իր բերդը, որը կիսավեր վիճակում հասել էր մինչև նոր ժամանակները։ XIX դարի սկզբներին, այդ բերդը, որտեղ տակավին նշմարվում էին զնդանների ու եկեղեցու ավերակները, վերածվել էր զորանոցի։ Այն վերջնականապես ավերվել է 1850—1855 թթ. Օսման փաշայի զորքերի կողմից։
 
Շատախ գյուղաքաղաքի և համանուն գավառի հայ բնակչությունը եռանդագին մասնակցություն է ունեցել Վանի 1915 — 16 թթ. ինքնապաշտպանական կռիվներին և նրա մի մասը, այդ եղանակով փրկվելով թուրքական յաթաղանից, գաղթել ու վերաբնակություն է հաստատել ներկայիս Սովետական Հայաստանի տարածքում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: