Հանրագիտարան

Արթիկ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Շիրակի
Հիմնադրված է`   1939
Տվյալ կարգավիճակում`   1945-ից
Մակերես`   31,5 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից`   1 859 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն 17384 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Արթիկցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (244)
Փոստային ինդեքսներ 3001-3007
Ավտոմոբիլային կոդ 27

 

Արթիկը քաղաքային համայնք է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում: Նախկինում այն Արթիկի վարչական շրջանի կենտրոնն էր: Մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա:
 
Սկզբում հիմնադրվել է որպես գյուղական բնակավայր, բանավան, ապա 1938 թ. դարձել է քաղաքային բնակավայր: Նախկինում կրել է Արդիկ, Արդիք, Արթիկ Մեծ, Արթիկ Տուֆ անվանումները:
 
Արթիկը մատենագրության մեջ հիշատակվող տեղանուններից է: համարվում է, որ Արթիկի անվանումը առաջ է եկել հայերեն ՙայր՚ եւ պարսկերեն ՙթիկ՚ (բարձունք, կատար) բառերից: Արթիկը Մեծ Հայքի Այրարատ աշխարհի հայտնի գյուղերից է եւ հաճախ անվանվել է ավան: Հետագայում այն մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
 
Արթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակույթային հուշարձաններով: Այստեղ հայտնաբերվել են հնագույն ժամանակների դամբարաններ, կավե անոթներ, 5-ից 7-րդ դարերի երկու հնաշեն եկեղեցի: Արթիկում է գտնվում ս. Մարինե կամ ս. Աստվածածին եկեղեցին, որն այսօր ցավոք կիսավեր է: Ըստ որոշ հեղինակների`   եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում: Քաղաքից 2 կիլոմետր դեպի հարավ`   բլրի վրա է գտնվում Լմբատավանքը:  
 
Քաղաքը գտնվում է է Արագածի հյուսիս-արեւմտյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա`   ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տեւական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով, օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է մինուս 30 աստիճան: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները եւ ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ, առավելագույն ջերմաստիճանը հասնում է պլյուս 30 աստիճանի: Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-550 միլիմետր: Բնական լանդշաֆտները սեւահողային լեռնատափաստաններ են: Շրջակայքում կան արդյունաբերական նշանակության շինարարական ավազի, վարդագույն տուֆերի, խարամի, պեմզայի պաշարներ£ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի արդյունքում քաղաքը ենթարկվել է մասնակի ավերվածությունների:
 
19-րդ դարի երկրորդ կեսին, իր բնակչության թվով Արթիկ քաղաքը եղել է Հայաստանի մարդաշատ բնակավայրերից մեկը: Քաղաքի բնակչության նախնիները այստեղ գաղթել են 1828-829 թթ. ընթացքում Կարսի մարզից եւ Խնուսի, Բասենի ու Էրզրումի գավառներից: 1831 թ. Արթիկն ունեցել է 647, 1873 թ.`   2359, 1897 թ.`   2950, 1975 թ.`   16400, Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ տվյալների`   հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 17300 մարդ, որից տղամարդիկ կազմում են 47 տոկոս, կանայք`   53 տոկոս: Քաղաքն ունի հանրակրթական ութ դպրոց, երաժշտական, մարզական դպրոցներ, երեք գրադարան, ութ մանկապարտեզ, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց:
 
Քաղաքի տնտեսական դիմագիծը շինանյութերի արտադրությունն է: Գլխավոր ձեռնարկությունը ՙԱրթիկտուֆ՚ կոմբինատն է, որն արտադրում է տուֆաբլոկներ, որմնաքարեր: Քաղաքում գործում են գորգագործական ֆաբրիկա, ապակյա տարաների եւ վակումային էլեկտրական վառարանների գործարան: Արթիկն ունի նաեւ սննդարդյունաբերական ձեռնարկություններ`   հացի, պանրի գործարաններ:
 
Քաղաքի հողային ֆոնդի մոտ 24 տոկոսն օգտագործվում է որպես բնակելի եւ տնամերձ հողեր: Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում են որպես վարելահող: Պետական նշանակության գյուղատնտեսական հողերն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր եւ արոտավայրեր`   կազմելով համապատասխանաբար 155, 100, 926 հեկտար: Գյուղատնտեսական մասնագիտացման հիմնական ուղղությունը երկրագործությունն է: Բնակչությունը զբաղվում է հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Փոքր մաս չեն կազմում նաեւ անասնապահությամբ զբաղվողները: Անասնապահության մեջ տարածված է կաթնամսատու անասնապահությունը, թռչնաբուծությունը:
 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորության հարցը, գազաֆիկացումը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը: Բնապահպանական տեսակետից ուշադրության են արժանի օդային եւ ջրային ավազանների մեխանիկական աղտոտումը, հողային ռեսուրսների բարելավման աշխատանքերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: