Հանրագիտարան

Մեծկերտ

Պատմական Հայաստանի այս գյուղաքաղաքը, որ տարբեր հեղինակների մոտ համարվում է նաև գյուղ, ամրոց, բերդ, ավան, բերդաքաղաք, հնում սովորաբար կոչվել է Մանծկերտ։ Այն հիշատակվում է նաև Մաղզկերտ տարբերակով, և այդ պատճառով որոշ հեղինակներ շփոթել են Մանազկերտի հետ, որը ակնհայտ սխալ է։ Թուրքերը կոչել են Կարաչոր։

Գտնվում է Դերսիմում, Բալու քաղաքից ոչ հեռու, Փերի ավանից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Խոզաթից՝ 40 կմ հարավարևելք, ապառաժների ստորոտում։ Բնականից դիրքն ամուր է, բոլոր կողմերից շրջապատված բարձրադիր լեռներով։

Հնում մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Բալահովիտ գավառի մեջ։ Ոմանք այն տեղադրում են նույն աշխարհի Խորձյան գավառում, իսկ Վարդան Արևելցին համարում է դարձյալ նույն աշխարհի Շահունյաց Ծոփք գավառի բերդերից, որ անընդունելի է։ Ներկայումս Խարբերդի նահանգի (վիլայեթ) Դերսիմի գավառի (սանջակ) Մազկերտի գավառակի կենտրոնն է։
 
Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Մեծկերտը։ Սակայն Վարդան Արևելցու, Սամվել Անեցու և մյուս պատմագիրների վկայություններից հայտնի է դառնում, որ այն միջին դարերում ավելի բարեկարգ ու մարդաշատ էր, քան նոր ժամանակներում: Մեծկերտը բավական բարեկարգ քաղաք էր մանավանդ XII— XIV դարերում, երբ այն և ամուր բերդ էր, և առևտրի ու արհեստագործության նշանակալի կենտրոն։
 
XIX դարի առաջին կեսում Մեծկերտը զուտ հայաբնակ էր, այդ հարյուրամյակի սկզբում նա ուներ 800 բնակիչ, 1872— 73թթ. 80 տուն հայ և 60 տուն քուրդ ու թուրք բնակիչ, իսկ XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր ավելի քան 4100 մարդու, որից շուրջ 3890-ը՝ հայեր18: Նրա բնակիչները, հողագործությունից և անասնապահությունից բացի, զբաղվում էին նաև արհեստներով (կտավագործություն, երկաթագործություն և այլն) և տեղական մանրածախ առևտրով: Գյուղաքաղաքն ուներ իր շուկա-հրապարակը, որի շուրջը գտնվում էին առևտրական ու արհեստավորական տասնյակ կրպակներ և արհեստանոցներ։
 
Մեծկերտը միջնադարում հայտնի է եղել իր բերդով, որի ավերակները պահպանված են մինչև օրս։ Այն գտնվում էր գյուղաքաղաքի հարավարևմտյան կողմում, քարաժայռի վրա, շրջափակված սրբատաշ քարերով շարված պաշտպանական պարսպով, որը խարխուլ վիճակում հասել է մեզ։ Պարսպապատի քարերը միացած են կրաշաղախով և երկաթե գամերով, որոնց միացման անցքերը լցված են հալած կապարով։ Բերդն ունեցել է մի քանի գաղտնի ստորերկրյա անցքեր, որոնցից մեկը տանում էր դեպի մոտակա գետակը`   պաշարումների ժամանակ ջուր վերցնելու համար։ Կառուցվել էր միջին դարերում հայերի ձեռքով և կոչվում էր նաև սուրբ Սարգսի բերդ։ ХIX դարի երկրորդ կեսում բերդն արդեն կորցրել էր իր ռազմական նշանակությունը։
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Մեծկերտն ունեցել է հայկական երկու կանգուն եկեղեցի ս. Աստվածածին (կամ ս. Աստվածամայր) և ս. Հակոբ անուններով։ Ուներ նաև մի գեղեցկաշեն մզկիթ։ Բացի դրանցից, կային 7 — 8 ավերակ եկեղեցիներ, որոնք գտնվում էին գյուղաքաղաքի հարավարևելյան կողմում։ Այդ կողմում էր գտնվում նաև ավերակների կույտի վերածված՝ Ճերմակա վանքը։ Այստեղ, ժայռակերտ մի սենյակի պատի վրա, պահպանված է ուրարտական Ռուսա 2-րդի արձանագրությունից մի փոքրիկ հատված։ Մեծկերտի մոտ է գտնվում Քառասուն Մանկունք ժայռափոր եկեղեցին, որը հավանաբար նույնն է Մեծկերտ վանքի հետ։ Այդ եկեղեցին հիշատակվում է ձեռագրաց ցուցակում և եղել է գրչության կենտրոն։
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Մեծկերտում գործում էր հայկական վարժարան, որը 1872—73թթ. ուներ 40 աշակերտ և 3 ուսուցիչ։
 
Ներկայումս Մեծկերտ գյուղաքաղաքն իր վաղեմի բերդով, եկեղեցիներով ու ճարտարապետական նշանակալի այլ կառույցներով վերածվել է ավերակների կույտի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: