Հանրագիտարան

Մակու

Մակուն հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական՝ ինչպես կոչվել է նաև գավառը, իսկ հետագայում, Մովսես Խորենացու վկայությամբ, և՛ գավառը, և՛ քաղաքը կոչվել են Արտազ`   Աղվանքի համանուն գավառի անունից, որ տեղից բավական թվով բնակիչներ էին եկել ու հաստատվել Վասպուրականի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ (երբեմն գործածվել է նաև Արտաժ ձևով)։

Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր`   գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։

Գտնվում է Պարսկահայաստանում, Փոքր Մասիս լեռնագագաթի հարավային ստորոտում, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1298 մ է։ Կլիման խիստ ցամաքային է, հողերը ոռոգվում են քաղաքով հոսող Մակու կամ Զանգիմար գետով, որի մի ճյուղը կամ ուղղակի դրա վերին հոսանքը հնում կոչվել է Տղմուտ, և բացառված չէ, որ դրանից է առաջացել նաև նրա Զանգիմար (Դեղին) անունը։ Քաղաքից 2—2,5 կմ արևելք բարձրանում է մի ժայռ, որի խոռոչներում կուտակված ջուրը գրեթե շուրջտարին սառցակալած է լինում, ամռանը մակվեցիները այստեղից տանում էին մեծ քանակությամբ սառույց, ինչպես և այդ բնական սառցարան խոռոչներում ամռան կեսին պահում էին զանազան մթերքներ։ Մակուն շատ է տուժել 1840թ. Մեծ ու Փոքր Մասիսների շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը, սկսվելով հունիսի վերջերին, ընդհատումներով կրկնվել է մինչև սեպտեմբերի վերջերը։
 
Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Արտազ գավառի կենտրոնն էր, իսկ XVI դարից համանուն խանության կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնում Ամատունի նախարարների ոստանն էր և դժվար է ասել, թե երբ է դադարել այդպիսին լինելուց։ Ավելի վաղ ժամանակներում (VIII—VII դդ. մ. թ. ա.) Մակուի շրջակայքում տարածվում էր Ռուսայի քաղաքի երկրամասը և բացառված չէ, որ ուրարտական այդ քաղաքն էլ համապատասխանում է հետագայի Մակուին։
 
Մակուի բերդը հիշատակում են Սեբեոսը, Ղևոնդ Երեցը, Թովմա Արծրունին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Դարանաղցին և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է VII—VIII դարերում, Առաքել Դավրիժեցին (XVIIդ.) վկայում է, որ Մակուի բերդը գրավել ու ավերել է Շահ-Աբաս 1-ինը XVII դ. սկզբին։
 
Միջին դարերում, ընդհուպ մինչև XVII դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ 1829—30թթ. նրա հայ բնակչության մի մասը 1826—1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Նոր ժամանակներում Մակուն ընդհանրապես սակավամարդ բնակավայր է։ XIX դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ XX դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։
 
Մակուի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ։ Առանձնապես տարածված արհեստ էր զինագործությունը։ Նրանք զբաղվում էին նաև մանրածախ առևտրով։ Քաղաքը գտնվում է Կարին — Խոյ—Թավրիզ ճանապարհի վրա և համարվում էր տարանցիկ կետ այդ ճանապարհով կատարվող միջազգային առևտրի համար։ Մակուի բնակչության զգալի մասի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր երկրագործությունը, այգեգործությունը և անասնապահությունը։
 
Քաղաքի տների մեծ մասը կառուցված է ժայռերի վրա, առանց որոշակի հատակագծի։ Մակուն ընդհանրապես անշուք է, ճարտարապետական կոթողներից զուրկ։ Ուշադրության արժանի միակ կառույցը կարելի է համարել բերդը, որը գտնվում է լեռան զառիվեր լանջին, շրջապատված պաշտպանական պարսպով և աշտարակներով։ Դեպի բերդը տանող միայն մի ճանապարհ կա, այն էլ ժայռափոր նեղ կածան է։ Մակու գետի վրայով դեպի բերդն էր ձգվում մի շարժական կամուրջ։ Բերդի ավերակներն առ այսօր գոյություն ունեն։
 
Մակուում վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական Ռուսա 2-րդի մի սեպագիր արձանագրությունը։
 
Քաղաքի շատ թե քիչ նշանակալի կառույցներից էր հայկական միակ եկեղեցին, որին կից գործում էր մի փոքրիկ վարժարան։ Մակուն միջին դարերում հայ գրչության նշանակալի կենտրոններից էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Մշակութային առումով քաղաքի վրա իր բարերար ազդեցությունն ուներ նրանից ոչ հեռու (հարավարևելյան կողմում) գտնվող հռչակավոր ս. Թադեոս Առաքյալի վանքը, որը կանգուն է ցայսօր։ Մակուում է ծնվել պատմաբան, բանասեր, թարգմանիչ ու բառարանագիր Թ. Հ. Ավդալբեկյանը (1885—1937)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: