Հանրագիտարան

Կապան-Մադեն

ԿապանՄադեն բառացի նշանակում է՝ հայերեն «լեռնանցք» (կապան), թուրքերեն՝ «հանքավայր» ( մադեն)։ Հիշատակվում է նաև ուղղակի Կապան, Քեպան–Մադեն տարբերակներով։ Սովորաբար նույնացնում են հին Լուսաթառիչ քաղաքի հետ, որ կոչվել է նաև Լուստառիչ կամ Լուսավորիչ։ Հնում գյուղաքաղաք կամ բերդաքաղաք էր, իսկ նոր ժամանակներում սոսկ ավան կամ գյուղ։

Գտնվում է Խարբերդի շրջանում, Խարբերդ քաղաքից 35— 49 կմ արևմուտք. Արևմտյան և Արևելյան Եփրատ գետերի միախառնման վայրից ոչ հեռու, Արևմտյան Եփրատի ձախ ափին, լեռնային անձուկ վայրում, որը շրջակայքի հետ կապվում էր միայն կածաններով։ Եփրատն այստեղ հոսում է խոր ձորով և նրա վրայով անցնում էին նավակներով։ Շրջակայքում կային բազմաթիվ այգիներ ու բանջարանոցներ, իսկ հացը ստանում էին Խարբերդից։ Ուներ կապարի, արծաթի, պղնձի, ոսկու, ածխի հանքեր ու երևակումներ։ Վարչականորեն հնում մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ կամ Գորեք գավառի, իսկ նոր ժամանակներում Խարբերդի նահանգի Չարսանջակ գավառի մեջ։

1872—1873թթ. ուներ ընդամենը 20 տուն հայ և 2 տուն թուրք բնակիչ, իսկ XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր 2500 մարդու, որի մոտ կեսը կազմում էին հայերը, իսկ մյուս կեսը թուրքեր ու հրեաներ էին16: Բնակչության (հատկապես հայ բնակչության) հիմնական զբաղմունքը արծաթի հանույթը և նախնական մշակումն էր։ Հանքային գործն այստեղ մեծապես ծավալվել էր XIX դարի 30—40ական թվականներին, բայց հետագայում՝ 60–ական թվականներից ի վեր, հանքավայրերի մեծ մասը լքված ու ավերված վիճակում էր։ Բնակչության մի զգալի մասն էլ զբաղվում էր պղնձի հանույթով։ Արդյունահանված արծաթն ու պղինձն առաքվում էին տարբեր քաղաքներ, հատկապես՝ Տրապիզոն։ Արհեստներն ու առևտուրը ունեին զուտ տեղական նշանակություն։ Գրեթե բոլոր տներն ունեին պարտեզներ կամ այգիներ։
 
Արտաքնապես Կապան–Մադենը սովորական գյուղից ոչնչով չի տարբերվում։ Սակայն այստեղ դեռևս նշմարվում են անցյալի կառուցվածքների ավերակները`   բավական լայն տարածքի վրա, որոնք իրեղեն վկայություններ են նրա երբեմնի բարեկարգ ու խոշոր բնակավայր լինելու մասին։ Պահպանված հուշարձաններից էին հայկական երկու եկեղեցիները, որոնցից մեկը ս. Աստվածածինը, ականատեսները համարում են ակնահաճո և «փառավոր»։ Կանգուն վիճակում XX դարն էր հասել նաև հունական մի եկեղեցի, այսպես կոչված, «ոսկեզօծ եկեղեցին», որը նույնպես ճարտարապետական նշանավոր կերտվածք էր։ Ավանում, եկեղեցուն կից, XIX դարի երկրորդ կեսում և XX դ. սկզբներին գործում էր մի փոքրխկ վարժարան, որը 1872 — 73 թթ. ուներ 18, իսկ XX դ. սկզբին՝ 30 սաներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: