Հանրագիտարան

Կամախ

Արևմտյան Հայաստանի այս փոքրիկ գյուղաքաղաքը հնում ամրոց էր Անի անունով, հիշատակվում է նաև իբրև բերդ, բերդաքաղաք, ավան։ Անի ամրոցն ավելի ճիշտ գտնվում էր նրա մոտակայքում։

Անի անունը կապում են հնագույն մի ցեղի հետ, որը դեռ վաղ ժամանակներից Ատրպատականից անցել է Հայաստան և բնակություն հաստատել նրա տարբեր մասերում։ Ոմանք էլ այդ անունը ծագած են համարում Անահիտ աստվածուհու անունից, որի պաշտամոււնքն այնքան լայն տարածում ուներ հեթանոսական շրջանի Հայաստանում, իսկ ոմանք էլ, վկայակոչելով հին եբրայերենը գրում են, որ Անի նշանակում է լույս, արև։

XII—XIII դարերից այլևս Անի ամրոցը չի հիշատակվում: Նրա մոտ աստիճանաբար առաջանում է Կամախը, որ կոչվել է նաև Անի–Կամախ՝ մայրաքաղաք Անիից տարբերելու համար։ Կամախ անվան ծագման և իմաստավորման մասին նույնպես գոյություն ունեն տարբեր վարկածներ և ժողովրդական ավանդություններ։ Է. Ֆոռիերը և Գր, Ղափանցյանն այստեղ են տեղադրում խեթական արձանագրություններում հաճախ հիշատակվող Հայասայի մայրաքաղաք Կումմախան և Կամախի անունն էլ դրանից ծագած համարում։ Մյուսները կարծում են, որ այն կապ ունի կմախք բառի հետ, նկատի ունենալով, որ հնում այդտեղ էր գտնվում Արշակունի թագավորների գերեզմանոցը, իսկ ոմանք էլ գրում են, թե իբր շրջակայքում կաղամախի շատ ծառեր լինելու պատճառով է գյուղաքաղաքը Կամախ կոչվել։ Թուրքերն այդ անունը պահպանել են Քեմախ ձևով։
 
Կամախը գտնվում է Արևմտյան Եփրատի (Ֆրատ, Կարասու) ձախ ափին, հին Անի ամրոցի ավերակների մոտ, Երզնկա քաղաքից 42— 44 կմ հարավ-արևմուտք, սև գույնի լեռան վրա, որի շուրջը տարածվում է ծառազարդ և ճոխ բուսականությամբ ընդարձակ հարթավայր։ Ջրառատ է։ Գյուղաքաղաքի միջով է հոսում Արևմտյան Եփրատի Թանաձոր վտակը։ Խմելու համար բնակչությունը խողովակներով ջուր է բերել դրսից, ոչ հեռու գտնվող լեռնային սառնորակ աղբյուրներից։
 
IV—I դարերում (մ. թ. ա.) Անի–Կամախը հիմնականում Եփրատից արևմուտք տարածվող՝ Փոքր Հայքի կենտրոնն էր և Մեծ Հայքին էր միացվել Տիգրան Բ–ի օրոք, 66 թվականին (մ. թ. ա.)։ Հետագայում այն Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի գլխավոր բերդն ու կենտրոնն էր։ Նոր ժամանակներում նույնպես Անի–Կամախը վարչական կենտրոն էր՝ Էրզրումի նահանգի (վիլայեթի) Երզնկայի գավառի (սանջակի) Կամախի գավառակի (կաղայի) կենտրոնը։
 
Անի-Կամախը մեր ժողովրդի պատմության մեջ նախ և առաջ հայտնի էր իբրև Արտաշեսյան ու Արշակունի թագավորների հայտնի ամրոցներից մեկը։ Այստեղ էր պահվում նրանց արքունական գանձերի մի մասը։ Ինչպես ասվեց, Անի–Կամախում էր գտնվում նաև Արշակունի թագավորների գերեզմանոցը։ Անի–Կամախի գանձարանը կողոպտվել է 369 թվականին, Շապուհ 2-րդի գլխավորությամբ Հայաստան արշաված պարսկական զորքերի կողմից։ Այդ արշավանքի ընթացքում ավերվեց նաև Արշակունի թագավորների պանթեոնը։ Հետագայում դարեր շարունակ այն մնում էր խղճուկ վիճակում և թուրքերին է անցել 1515 թվականին։
 
XIX—XX դարերում Կամախը սովորական գավառական բնակավայր էր, միայն մի փոքր ավելի խոշոր և գավառակի կենտրոն, 1872—1873 թթ. ուներ 2000 հայ և թուրք բնակիչ, XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր 15000 մարդու, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը15: Այլ աղբյուրների համաձայն, 1914 թվականի դրությամբ գյուղաքաղաքն ունեցել է 7000 բնակիչ, որից 3000-ը՝ հայեր։ Կամախում հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը սկսվել էր 1915թ. մայիսին։ Նրա բնակիչներից շատ քչերին է հաջողվել ազատվել և իրենց կյանքը փրկել`   ապաստան գտնելով Դերսիմի քրդերի մոտ։ Նրանք հետագայում վերաբնակվել են Երզնկայում, իսկ Կամախում 1915 թ, մեծ եղեռնից հետո այլևս հայեր չէին մնացել, միայն 2 — 3 տարի անց ընդամենը 100 հոգի կամախցի տարագիրներ նորից են վերահաստատվել իրենց հայրենի քաղաքում։
 
Անի–Կամախը սովորական գյուղաքաղաք էր նաև իր զբաղմունքներով, որոնցից կարևորագույնը երկրագործությունն էր, առաջին հերթին՝ այգեգործությունը։ Քաղաքում գործում էին 15–ից ավելի արհեստներ, որոնք ունեին տեղական նշանակություն։ Քաղաքն առևտրական ճանապարհով կապված էր Երզնկայի և Ակնի հետ։ Այն ուներ իր փոքրիկ շուկան, որի շուրջը կային 100–ի հասնող կրպակներ և արհեստանոցներ։ Առևտուրը հիմնականում մանրածախ էր։ Նրա շուկայում վաճառվում էին գյուղատնտեսական մթերքներ, արհեստավորական շինվածքներ և մասամբ Երզնկայից ու Ակնից ստացվող զանազան ապրանքներ։ Քաղաքի առևտուրն ու արհեստագործությունը հիմնականում գտնվում էին հայերի ձեռքին։ Նրանք գյուղատնտեսությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։
 
Անի–Կամախի պատմական հուշարձաններից և հնություններից ամենահայտնին բերդն է, որի հիմնադրման ժամանակն անհայտ է, բայց հաստատ կարելի է պնդել, որ II դարում այն արդեն գոյություն ուներ։ Բերդը պատած է եղել աշտարակավոր հզոր պարիսպներով, որոնց առանձին հատվածները կիսավեր վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը։ Ունեցել է 3 դուռ։ Բերդի տարածքում մնացել են բազմաթիվ շինությունների, այդ թվում նաև եկեղեցիների հետքեր։ Բերդի հյուսիսային կողմում, լեռան մեջ փորված է դեպի բարձր աշտարակը տանող աստիճանավոր ոլորապտույտ ժայռափոր ճանապարհ։ Ականատեսների վկայությամբ, բերդում կարող էր տեղավորվել մեծ ու փոքր 400 տուն։ Այստեղ նկատված միայն եկեղեցիների թիվը հասնում էր 6-ի, որոնք քարաշեն, հոյակապ կառույցներ են եղել։ XX դ. սկզբներին դրանց միայն հետքերն էին մնացել։ Քաղաքի մոտ կա մի ստորգետնյա անցք, որը անցնում է Եփրատի տակով, իրար միացնելով ստորերկրյա երկու թաղերը։ Դրանցից առաջինում՝ Եփրատի ձախ կողմում, եղել են զորանոցներ, պալատներ դահլիճներով, սրահներով, ննջասենյակներով, որոնք բոլորն էլ ժայռափոր էին։ Իսկ մյուսթաղը, որ գտնվում էր Եփրատի աջ ափին, պարզապես մի ժայռափոր եկեղեցի էր։
 
Անի–Կամախում հնագույն ժամանակներում գտնվում էր Հայաստանի հեթանոսական աստվածների հայր Արամազդի գլխավոր տաճարը, որը կործանվել էր քրիստոնեությունը երկրում պետական կրոն հռչակվելու ժամանակ՝ IV դարի սկզբին։ Վաղեմի այս տաճարից նոր ժամանակները ոչ մի մասունք չի հասել։ Քաղաքի շրջակայքում նշմարվում էին պատմական շատ հնություններ, որոնց մասին դժվար է որոշակի որևէ բան ասել։
 
XIX դարում և XX դարի սկզբներին Կամախն ունեցել է չորս եկեղեցի, որոնցից 2–ը շեն էր մնացել մինչև առաջին համաշխարհային պատերազմը, իսկ երկուսն ավերվել էին հավանաբար XVIII դարում։ Քաղաքի մոտ էր գտնվում Թադեոս Առաքյալի վանքը, որը կոչվել է նաև Լուսավորիչի անապատ։
 
Հեթանոսական շրջանում Անի–Կամախը մշակույթի նշանակալի կենտրոն է եղել։ Պատմագիրների վկայություններից կարելի է կռահել, որ քրիստոնեությունն ընդունելու ժամանակ ոչ միայն կործանել են նրա տաճարները, կալվածքները տվել եկեղեցուն, այլև ոչնչացրել են բազմաթիվ ձեռագրեր`   «հեթանոսական մատյաններ», որոնց գաղափարախոսությունն անընդունելի էր քրիստոնեական եկեղեցու համար։
 
XV դարում Կամախը նորից դարձել էր գրչության կենտրոն։ Այստեղ այդ հարյուրամյակում ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր, որոնցից երկուսը՝ մի ճաշոց, որ գրվել է 1439 թ. Քրման Խաթունի պատվերով, և մի Մաշտոց՝ գրված 50— 80-ական թվականներին, մեզ հայտնի են։ Տակավին II — III դդ. (մոտ 154 — 222 թթ.) Անիում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը։
 
1870-ական թվականներից Կամախում գործում էր հայկական մեկ երկսեռ վարժարան ս. Աստվածածին եկեղեցուն կից: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վարժարանն ունեցել է 75 աշակերտ և 3 ուսուցիչ։
 
Անի-Կամախում են ծնվել Գրիգոր Դարանաղցի (կամ՝ Կամախեցի) մատենագիրը և հայ ազատագրական շարժման հայտնի հերոս Սողոմոն Թեյլերյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: