Հանրագիտարան

Խոյ

Հնում սովորաբար կոչվել է Հեր, իսկ պարսկերեն՝ Խուվաի։ Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք։ Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում։

Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին:

Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791թ. դեկտեմբերի 27-ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։ Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առաձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ։ Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—29 թվականներին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս։
 
Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն։ Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով։ Կապված էր Վանի և Թավրիզի հետ։ Ընդարձակ տարածություն էին գրավում այգիները։ Գրեթե չկար որևէ քաղաքացի՝ արհեստավոր կամ առևտրական, որ չունենար իր այգին, պարտեզը, բանջարանոցը։
 
Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։
 
Փռված քաղաք է Խոյը։ XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ։ Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ): Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ։ Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը։
 
Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ։ Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ։
 
Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում։ Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ։ 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828թ.) նորից վերադարձվել է Իրանին։
 
Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները: Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը։
 
Քաղաքից 2 — 3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ։ Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը։
 
Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին։ Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր հայ մանուկներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: