Հանրագիտարան

Օշականի ճակատամարտ

Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ-ի օգոստոսի 17-ին: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով:

Նախադրյալներ

1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:
 
Ճակատամարտը
 
Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ, օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը, նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը, հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ, կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոսի 15-ին`   պաշարում և հրետակոծում են Էջմիածինը: Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, Էջմիածին տանող ճանապարհի վրա`   Քասաղի կիրճում: Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը: Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին: Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները:Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը: Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը,որին բռնի զորակոչել էին պարսիկները,անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը: Ռուսական զորախումբը օգտվելով թշնամու ակատում առաջացած խուապից ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն նրան պարսիկները բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ: Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին:
 
Ճակատամարտի հետևանքները և հաջորդող իրադարձությունները
 
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, Թիֆլիսի վրա հարձակվելուց:
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը:
 
Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով: Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:
 
Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»: Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու: Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:
 
Հուշակոթողը
 
Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին,ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները,Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: