Հանրագիտարան

Զարեհավան

Զարեհավանը ավելի հաճախ հիշատակվում է ոչ թե իբրև քաղաք, այլ՝ ավան, բայց իրականում այն բավական մարդաշատ քաղաք էր և գտնվում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ծաղկոտն գավառում, լինելով վերջինիս կենտրոնը։ Ոմանք նույնացնում են Դիադին գյուղաքաղաքի հետ, որ Ղ. Ալիշանը համարում է անընդունելի և տեղադրում հետագայի Ջուչան գյուղի տեղում։

Զարեհավանը գտնվում էր Դիադինից ոչ հեռու, Արածանիի ակունքի շրջանում, նրա աջ ափին, Բագավանի (Ուչքիլիսե) մոտ, Թավրիզ—Կարին—Տրապիզոն քարավանային բանուկ ճանապարհի վրա (Նպատ լեռան հյուսիսային ստորոտում)։ Նրա մոտակայքում էր գտնվում նաև Անգղ բերդը։ Մի այլ Զարեհավան էլ գտնվում էր նույն Այրարատյան աշխարհի Բասեն գավառում: Այս վերջինս նույնպես հելլենիստական քաղաք էր, և անունը կապված էր Արտաշես թագավորի հոր՝ Զարեհի անվան հետ։

Ծաղկոտն գավառի Զարեհավան քաղաքն առաջին անգամ հիշատակել է հույն հայտնի հեղինակ Պտղոմեոսը (II դ.)։ Մեր մատենագրության մեջ նրա մասին առաջին հիշատակությունը վերագրում է IV դարին՝ կապված Պարսկաստանի արքայից արքա Շապուհի 368—369 թթ. դեպի Հայաստան կատարած ավերիչ արշավանքի հետ։ Պատմիչները վկայում են, որ Շապուհը Հայաստանի մի շարք քաղաքներից, որոնց թվում և Զարեհավանից, հազարավոր հայ ու հրեա գերիներ տարավ Պարսկաստան։ Փավստոս Բուզանդի այդ հիշատակությունից պարզ երևում է, որ Զարեհավանը IV դարում բավական մեծ քաղաք էր։ Այստեղ հայերի հետ միասին բնակվում էին հազարավոր հրեաներ, որոնք Զարեհավան էին տեղափոխված դեռևս Տիգրան Մեծի օրոք (1 դ. մ. թ. ա.) Մերձավոր արևելքի հելլենիստական քաղաքներից։ Պատմիչը վկայում է, որ Զարեհավանը ավերելուց հետո, Պարսից շահն այնտեղից բռնությամբ Պարսկաստան է տարել 6 հազար ընտանիք հայ և 8 հազար ընտանիք հրեա։
 
Հաջորդ դարի կեսերին վերաբերող վկայություններից երևում է, որ Շապուհի արշավանքից հետո Զարեհավանը վերածվել է սովորական գյուղի կամ սակավամարդ ավանի, ինչպիսին այն համարել են և հետագա ժամանակների պատմագիրները՝ Ղազար Փարպեցին, Սեբեոսը, Ստեփանոս Ասողիկը։
 
Զարեհավանը սերտորեն առնչվում է 450-—451 թթ. Վարդանանց պատերազմի հետ։ Սասանյան լծի դեմ ելած ապստամբներն այստեղ Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ կոտորել են պարսիկ մոգերին, որոնք փորձում էին կանգնեցնել զրադաշտական ատրուշաններ։ Այնուհետև հիշատակվում է 650-ական թվականներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Այդ մասին եղած բավական ընդարձակ վկայության մեջ Սեբեոսը հաղորդում է, որ արաբները, նեղվելով բյուզանդացիների կողմից, խուսափեցին վերջիններիս հետ ճակատամարտի բռնվելուց, «ելին յանկարծակի և գնացին անցին զգետովն, և չոգան ամրացան ի Զարեհաւանի»։ Իսկ այդ հիշատակությունից ակնհայտ է դառնում, որ Զարեհավանն ամրացված բնակավայր է եղել։
 
Զարեհավանից էր միջնադարյան Հայաստանի գյուղացիական–աղանդավորական թոնդրակյան հուժկու շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին (IX դ,), որն իր գործունեությունը ծավաչել էր Թոնդրակ գյուղում և շարժումն էլ կոչվել է վերջինիս անունով։
 
Հետագա դարերում Զարեհավանը չնայած չի հիշատակվում, բայց իբրև հայաբնակ ոչ խոշոր գյուղ գոյություն ուներ մինչև XIX դարը, իսկ այդ հարյուրամյակի երկրորդ կեսին այն արդեն ամայի էր, և բնակիչները գաղթել էին զանազան կողմեր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: