Հանրագիտարան

Հիմնվել է Եվրախորհուրդը

Եվրախորհուրդն ստեղծվել է 1949 թվականի մայիսի 5-ին և եվրոպական ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 47 պետություն, և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։

Եվրախորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ երկրների օրենսդրությունների նույնականացումը։

 

Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել տվյալ երկրում ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում օրենքների կիրառման առումով։ Եվրոպական միասնության գաղափարն առաջինը ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը Ցյուրիխում 1946 թվականի սեպտեմբերի 19-ի ելույթի ժամանակ:

 

Ինչպես նշել է նա՝ «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան»:
 
1948 թվականին Հաագայում «Հանուն եվրոպական միասնության» միջազգային կոմիտեների շարժման հրավերով հավաքվում է Եվրոպական համաժողովը 20 երկրի ներկայացուցիչներից։ Համաժողովի պատվիրակները համակարծիք էին, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ճշմարիտ արժեքներ են, որոնց պաշտպանության համար արժե միավորվել։
 
Սակայն վիճաբանության առիթ են դառնում միավորման ուղիները։ Ֆրանսիան և Բելգիան առաջարկում են ստեղծել համադաշնություն, մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների կարծիքով անհրաժեշտ էր պարզապես միջկառավարական համաձայնագրեր ստորագրել։
 
Արդյունքում 1949թ. մայիսի 5-ին Արևմտյան Եվրոպայի 10 երկիր`   Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան Լոնդոնում ստորագրում են Եվրախորհրդի կանոնադրությունը:
 
Վերջինի առաջին գլուխը հռչակում է՝ «Եվրախորհրդի խնդիրը անդամ երկրների ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարներն ու սկզբունքները պաշտպանելու և իրագործելու, ինչպես և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով երկրների միջև առավել մեծ համերաշխության ձեռքբերումն է»։
 
ԵԽ ներկայացուցիչների առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Ստրասբուրգում, որն այնուհետև վերածվել է կազմակերպության պաշտոնական նստավայրի։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: