Հանրագիտարան

Շտեա գյուղի ճակատամարտ

Պարսից թագավորության բանակը և Սյունյաց գնդի մի մասը պաշարեցին գյուղում ապաստանած Հայկական հեծելազորին:

Մարտի ընթացքը

  • I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հզոր հարձակման`   փորձելով ճեղքել թշնամու պաշարման օղակը և հեռանալ: Ու թեև հարձակման ընթացքում Հայկական հեծելազորի կեսից ավելին, ահաբեկվելով թշնամու մեծաթվությունից, դադարեցրեց այն, սակայն մնացածները, Վահան և Մուշեղ Քաջակորով Մամիկոնյանների, ինչպես նաև Ներսեհ, Հրահատ ու Վահան Կամսարականների անձնական ղեկավարությամբ, մխրճվեցին թշնամու շարքերի մեջ և, ծանր կորուստներ պատճառելով Պարսից թագավորության բանակին, աստիճանաբար սկսեցին դուրս գալ պաշարումից:
  • II փուլ – Ցանկանալով կասեցնել հայերի առաջխաղացումը`   Շապուհ Միհրանյանը մարտի նետեց Գդիհո Սյունու Սյունյաց ռազմիկներին: Սակայն Հայ ռազմիկները ջարդեցին նաև սրանց, իսկ Գդիհոն հեծյալ նիզակամարտում ստացավ ծանր վերք և տապալվեց ձիուց:
  • III փուլ – Հայ ռազմիկները ճեղքեցին թշնամու շարքերը և հեռացան, իսկ վերջինս սկսեց հետապնդել Հայկական բանակի մյուս`   փախուստի դիմած, մասին`   որոշակի կորուստներ պատճառելով նրան:
Մարտից հետո
 
Հայկական բանակի խենթորեն խիզախ այս գրոհը հսկայական տպավորություն թողեց ականատեսների վրա: Դեպքերին ականատես Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում ժամանակակիցների տպավորությունները. "... Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը, իր հետ գտնվող սակավաթիվ մարդկանցով Աստծո աջի օգնությամբ հարձակվելով, ճեղքեց Պարսից ամբողջ գունդը իբրև հորդահոս հեղեղ, որ գալիս, պատում է երկիրը և գնում": Հայերը կորցրին մոտ 30 զինվոր, այդ թվում զոհվեցին Քոնթ Առավեղյանը, Ներս Հովսեփյանը, Ատգեն Վանանդեցին և Լերպագոս Հույնը: Թշնամին կորցրեց մոտ 500 զինվոր: Մի քանի օր անց ստացած վերքից մահացավ դավաճան Գդիհո Սյունին, որից հետո նրա հետ եղած Սյունյաց գնդի ռազմիկները լքեցին Պարսից թագավորության բանակը և վերադարձան Սյունիք: Պարսից թագավորության բանակը բանակեց Ալվար գյուղում: Այստեղ Շապուհը լուր ստացավ, որ հեփթաղների դեմ պատերազմում ոչ միայն ընկել է պարսից Պերոզ I արքան և զոհվել են նրա որդիները, այլև գլխովին ոչնչացել է նաև Պարսից թագավորության ողջ բանակը: Այս պայմաններում Մարզպանական Հայաստանում գտնվող Շապուհ Միհրանյանի և Իբերիայում գտնվող Հազարվուխտի բանակները արագորեն վերադարձան Պարսից թագավորություն, իսկ հաջորդ տարի կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը և ապստամբությունը վերջացավ: Արդյունքում Պարսից թագավորությունը պարտավորվեց վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Մարզպանական Հայաստանում կառուցված կրակատները, չհալածել հայ եկեղեցուն, Մարզպանական Հայաստանում պաշտոնների նշանակել արժանի մարդկանց և չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: