Հանրագիտարան

Ներսեհապատի ճակատամարտ

Ցանկանալով խեղդել ապստամբությունն արյան մեջ ՝ Պերոզ I-ը Մատյան գնդի հրամանատար Ատրներսեհի, վերջինիս օգնականներ Սուրեն Պահլավյանի, Վին-ի-Խոռյանի և Ատրվշնասպ-ի Տապյանի գլխավորությամբ, ինչպես նաև դավաճան Գդիհո Սյունու ու Սյունյաց գնդի մի մասի (մոտ 1.000) ուղեկցությամբ ապստամբների դեմ շարժեց Պարսից թագավորության մի խոշոր բանակ, որի կազմում կային նաև կատիշներ:

Թշնամին, անցնելով Թավրիզ-Գաբիթյան-Հեր-Զարավանդ-Թոռնավան երթուղով, մտավ Արտազ: Այս ընթացքում սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ և կաթողիկոս Հովհան I Մանդակունու հոգևոր առաջնորդությամբ Դվինում (Արարատ, Ոստան Հայոց գավառ) կենտրոնացած Հայկական բանակը շարժվեց դեպի հարավ ու մոտեցավ գյուղի մոտ ճամբարած թշնամուն:

Մարտի ընթացքը
 
Միմյանց մոտենալու հենց հաջորդ օրը կողմերը մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակի առաջին շարքը կազմված էր հետևակից, երկրորդը՝ հեծելազորից: Մարտակարգի ծայր աջում`   աջ թևից աջ, Վահան Մամիկոնյանի տրամադրության տակ թողնվեց առանձնացված հեծյալ ջոկատ, որը կազմված էր նախարարական գնդերի ամենահզոր ռազմիկներից: Հայկական բանակի ձախը գլխավորում էին եղբայրներ Ներսեհ, Հրահատ և Վահան Կամսարականները, ինչպես նաև Վասակ ու Արտաշես Մամիկոնյանները, աջը`   Բարսեղ Վահևունին, Բաբկեն Սյունին, Ատոմ Գնունին և Փապակ Պալունին: Միաժամանակ աջի և կենտրոնի միջև գտնվող երրորդ շարքում Վրեն Վանանդեցու և Պապ Արշակունու գլխավորությամբ թողնվեց պահեստազոր: Կենտրոնի ղեկավարումը հանձնվեց մարզպան Սահակ Բագրատունուն , իսկ ընդհանուր բանակինը`   Վահան Մամիկոնյանին: Ըստ Հայկական բանակի նախապես հաստատված մարտական պատկերի սկզբում պետք է հարձակվեին Հայկական բանակի աջ թևը ու ծայր աջի ջոկատը`   խնդիր ունենալով ջախջախել թշնամու ձախը և դուրս գալ նրա թիկունք:
  • I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին`   կոչ անելով հայերին տալ հայ ռազմիկին վայել մարտ: Սակայն գրեթե անմիջապես էլ Պարսից թագավորության բանակը, կանխելով Հայկական բանակի հարձակումը, ողջ ճակատով անցավ միաժամանակյա գրոհի: Ճակատի ողջ երկարությամբ բռնկվեց համառ մարտ, որը հատկապես կատաղի բնույթ ընդունեց կենտրոնում: Այստեղ, հանդիպելով իրար մարտադաշտում, սկզբում նիզակներով, իսկ հետո թրերով սկսեցին մենամարտել Սահակ Բագրատունին և Ատրներսեհը, որի արդյունքում Սահակը սպանեց իր հակառակորդին: Սակայն Հայկական բանակի թևերը սկսեցին նահանջել:
  • II փուլ – Օգտվելով նրանից, որ Հայկական նահանջած աջին հետապնդող թշնամու ձախը խորը խրվել է Հայկական մարտակարգի մեջ և անպաշտպան մնացել թևերից ու հատկապես իր ձախից`   հայկական ծայրագույն աջը կողքից, իսկ երրորդ շարքի պահեստազորը`   ճակատից, հզոր հարված հասցրեցին նրան: Արդյունքում թշնամին, չդիմանալով երկկողմ համակցված հարվածին, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի:
  • III փուլ – Հայկական բանակի աջը և պահեստազորը, հետապնդելով թշնամու փախչող ձախին, կողքից հարվածեցին Պարսից թագավորության բանակի կենտրոնին, այն դեպքում, երբ Հայկական ծայրագույն աջը, շարունակելով թշնամու ձախի հետապնդումը, ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ետ վերադարձավ ու թիկունքից հարվածեց թշնամու կենտրոնին: Այս ընթացքում Վահան Մամիկոնյանը, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող Վին-ի-Խոռյանին, մենամարտում հաղթեց ու սպանեց սկզբում նրան, իսկ հետո`   վերջինիս երկու թիկնապահներին և թշնամու բազում այլ ռազմիկների:
  • IV փուլ – Պարսից թագավորության բանակի կենտրոնը դիմեց փախուստի: Օգտվելով դրանից`   հարձակման անցավ նաև Հայկական բանակի նահանջած ձախը, որից հետո թշնամու փախուստը դարձավ համընդհանուր: Այդ ընթացքում Ներսեհ Կամսարականը, մարտադաշտում հանդիպելով Ատրվշնասպ-ի-Տապյանին, մենամարտում սպանեց նրան, որից հետո սպանեց նաև թշնամու բազում այլ ռազմիկների:
  • V փուլ – Հայկական բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել թշնամու մնացորդներին:
  • Հայերը կորցրին մոտ 12.000, թշնամին՝ մոտ 40.000 զինվոր:
Մարտից հետո
 
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վահանանց պատերազմի հետագա հաջող զարգացման համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: