Հանրագիտարան

Բերկրի

Սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Բարկիրի, Բարկրի, Բերգրի, Պարկիրի և անվան այլ տարբերակներով, իսկ թուրքերը կոչել են Բերգրի–կալե։ Սկզբնական շրջանում սովորական գյուղ է եղել, ապա՝ ավան բերդով կամ բերդավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք։

Գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք, լճափից 16 կմ հեռավորությամբ, Բերկրի գետի աջակողմյան հարթավայրում, ձորամիջում։ Հեռավորությունը Վան քաղաքից մոտ 65 կմ է, իսկ Արճեշից՝ 46 — 47 կմ։ Քաղաքը տեղագրված է համանուն դաշտի (որ նախկինում կոչվում էր Աբաղայի դաշտ) հյուսիսային ծայրամասում ծովի մակարդակից ավելի քան 1760մ բարձրության վրա։ Ջրառատ է, և շրջակայքում կան ընդարձակ արգավանդ հողեր։ Ունի քարածխի հարուստ հանքեր և նավթի զգալի պաշարներ։

Պատմականորեն Բերկրին մտնում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերանի գավառի մեջ։ Հնում այն Գնունի նախարարական տան տիրույթն էր, իսկ VIII—IX դարերից անցել է Արծրունիներին։ Նոր ժամանակներում, ըստ թուրքական վարչական բաժանման, Վանի նահանգի (վիլայեթի) Բերկրիի գավառակի կենտրոնն է. այստեղ էր նստում գավառակի քուրդ կամ թուրք բեկը։
 
Բերկրին երբեք մարդաշատ բնակավայր չի եղել։ Սակայն պատմական աղբյուրների հաղորդած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ միջին դարերում այն ավելի խոշոր ու բարեկարգ է եղել, քան նոր ժամանակներում։ Հին և միջին դարերում նրա բնակչությունը զանգվածորեն բաղկացած էր հայերից։ Այստեղ բնակվում էին նաև որոշ թվով հրեաներ, որոնք Հայաստան էին բերված տակավին Տիգրան Բ–ի և նրա որդի Արտավազդ Բ-ի օրոք (I դ. մ. թ. ա.)։ VIII դարում, Աբասյան խալիֆների կիրառած քաղաքականության հետևանքով, Բերկրիում և նրա շրջակայքում հաստատվում են արաբական ութմանիկ ցեղին պատկանող շատ բնակիչներ, իսկ ավելի ուշ՝ նաև քրդեր։ Սակայն դրանից հետո էլ, ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը, Բերկրիի բնակչության մեծագույն մասը դարձյալ հայերն էին։ XIX դարի սկզբին գյուղաքաղաքն ուներ 300 տուն հայ և քուրդ բնակչություն, իսկ XX դարի սկզբին՝ 3100 բնակիչ, որից 2100-ը հայ, իսկ մնացածը թուրքեր, հրեաներ, քրդեր11: Այլ աղբյուրների համաձայն, 1915 թվականի սկզբին Բերկրի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որից 3000-ը՝ հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, քրդեր և հրեաներ։ 1877—78թթ. ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Բերկրին թուրքական բանակատեղի էր և այդ պատճառով բնակչությունն ամբողջությամբ ցրվել էր տարբեր տեղեր։ Մնացել էին միայն մի քանի տուն թուրքեր։ Պատերազմի ավարտից հետո նրանց մեծ մասը նորից է վերադառնում իր հայրենի բնակավայրը։ Այստեղի հայերի մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի եղեռնին, իսկ մյուս մասը տեղահանվեց, քչերին հաջողվեց փրկվել թուրքական յաթաղանից և ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։
 
Բերկրին ականատես է եղել քաղաքական բազմաթիվ իրադարձությունների։ Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել այն։ Սակայն այդտեղ ուրարտական սեպագիր արձանագրությունների գոյությունը ցույց է տալիս, որ հնագույն բնակավայր էր։ VII դարում Բերկրին գրավել են արաբները, 880թ. ազատագրվել է Աշոտ Բագրատունու կողմից, 1021 թ. անցել է Բյուզանդիային, 1054 թ. գրավել են սելջուկ թուրքերը, 1241 թ՝ մոնղոլները, իսկ XVI դ. սկզբին թուրքերը։
 
Բերկրիի մասին հիշատակություններ ունեն Խորենացին, Սեբեոսը, Թովմա Արծրունին, Լաստիվերտցին, Ուռհայեցին, Գունդստաբլը, Ստեփանոս Օրբելյանը, թուրք հեղինակ Չելեբին և ուրիշներ։ Նա բարգավաճել էր IX—XI դարերում։ Այդ ժամանակներում Բերկրին առևտրական ճանապարհներով կապված էր Խոյի (Հեր), Արճեշի, Խլաթի, Բաղեշի (Բիթլիս) և այլ քաղաքների հետ։ Եվ միանգամայն հասկանալի է, թե ինչու XI դ. պատմագիր Արիստակես Լաստիվերտցին այն կոչում է քաղաք։
 
Նոր ժամանակների Բերկրիի բնակչության զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, արհեստները և առևտուրն էր։ Արհեստները բավարարում էին հիմնականում տեղական բնակչության պահանջմունքները։ Կարևոր նշանակություն էր ստացել ձկնավաճառությունը. բերկրեցիները մեծ քանակությամբ Վանի տառեխ էին վաճառում տարբեր գավառներում ու քաղաքներում։
 
Որոշ ժամանակ արդյունահանվել են նաև քաղաքի շրջակայքի նավթահանքերը։ Այդ նավթահանքերը 1860-ական թվականներից շահագործում էր հայ ձեռնարկատեր Առավելյանցը, սակայն դրանք 1830 թվականին ավերվեցին շեյխ Ուբեյդ–Ուլլայի զինվորների կողմից։
 
Այժմ Բերկրին փոքրիկ ու խղճուկ բնակավայր է, սովորական մի անբարեկարգ գյուղ, հետամնաց տնտեսությամբ։
 
Վաղեմի բերդավանում կան հիշատակության արժանի պատմական հնություններ և զանազան կառուցվածքների ավերակներ։ Դրանց մեջ անշուշտ ամենանշանավորը նրա բերդն էր, որ բավական մանրամասնությամբ նկարագրել է XVII դարի թուրք հեղինակ է Չելեբին։ Նա գրում է, որ Բերկրիի բերդը գտնվում էր «սեպ և սև» ժայռի վրա, կառուցված էր խոշոր քարերով, գրավելով բավական ընդարձակ հնգանկյունի ձև ունեցող տարածք։ Այստեղ էին գտնվում քուրդ բեկի ապարանքը, բաղնիք, իջևանատուն, կրպակներ, այգիներ ու պարտեզներ։ Քարաժայռերի վրա եղած երբեմնի այդ բերդը շատ անգամ է ավերվել և նորից նորոգվել։ Նրա մնացորդները նշմարվում են ցայսօր։
 
Պատմական և հնագիտական առումով հետաքրքրություն է ներկայացնում այստեղ հայտնաբերված ուրարտական թագավոր Մենուայի մի սեպագիր արձանագրությունը, որը տարված է Ատամբուլի թանգարանը։ Արձանագրության մեջ խոսվում է ուրարտական թագավորի կողմից ոռոգման նպատակով Բերկրի գետից հանված ջրանցքի մասին։ Այստեղ պահպանված են ուրարտական մի քանի արձանագրություններ ևս։
 
Բերդավանի մոտ, համանուն գետի վրա, կա քարաշեն, բազմակամար մի կամուրջ, որը կառուցվել է մինչև թուրքական տիրապետությունը։
 
Բերդավանն ուներ ս. Աստվածածին անունով մի եկեղեցի, որն այժմ ավերակների կույտի է վերածվել։ Բերկրիի շրջակայքում են գտնվում հայ ժողովրդի պատմության և մշակութային կյանքում նշանակալի դեր խաղացած Տեր Հուսկան որդի հնադարյան հայտնի վանքը, Առեստ ավանը՝ Արշակունիների շրջանի (I—V դդ.) արքայական ձկնորսարանը, Ամյուկ բերդը և պատմական այլ վայրեր։
 
Բերկրին միջնադարյան Հայաստանի գրչագրության կենտրոններից է։ Այստեղ միայն XIV—XV դարերում գրված և ընդօրինակված մեզ հայտնի ձեռագրերի թիվը հասնում է 10–ի։ Դրանք ավետարաններ, շարակնոցներ, բառգրքեր են, որոնք ունեն գրիչների հիշատակարաններ։ Առանձնապես ուշադրության արժանի է 1418 թ. Հակոբ կրոնավորի ընդօրինակած ծաղկազարդ ավետարանը։ Նույն դարի մյուս գրիչներից հայտնի է Կարապետ քահանան, որը ևս ընդօրինակել է երկու ավետարան։ XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբներին Բերկրիում գործում էր հայկական մի վարժարան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: