Հանրագիտարան

Զաբելը թագադրվում է Կիլիկիայի հայոց թագուհի

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

 

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

 

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

 

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: 

 

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: