Հանրագիտարան

Արտանուջ

Արտանուջը հիշատակվում է իր անվան մի քանի տարբերակներով՝ Արտանույշ, Արտանուչ, Արտանուշ, ինչպես նաև թուրքական Էրդենուջ աղավաղված ձևով։ Տեղացի բնակիչները մինչև այժմ էլ կոչում են Բերդ՝ նկատի ունենալով, որ հնում սոսկ բերդ էր։ Թուրքերը պաշտոնապես այն այժմ կոչում են Ադակալե։

Ըստ ավանդության, այստեղ է թաղված ինչ-որ թագավորի դուստր Արտանուշը կամ Վարդանուշը, որի անունով էլ իբր կոչվել է քաղաքը։ Սկզբնաղբյուրներում և պաշտոնական փաստաթղթերում երբեմն համարվում է սովորական գյուղ, բերդ, գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ քաղաքավան, քաղաք։

Գտնվում է Ճորոխի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ եզրին, Արդվինից 21—22 կմ հարավ-արևելք, լեռան զառիվայրում։ Բնականից ունի ամուր դիրք՝ պատած է ժայռերով, որն ավելի է անմատչելի դարձվել պաշտպանական ամրակուռ պարիսպներով։ Ջրառատ, մեղմ կլիմայով ու առողջարար օդով քաղաք է։
 
Հնում Արտանուջը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կղարջք գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը։ Թուրքական վարչական բաժանմամբ նախկինում Չըլդըրի կամ Ախալցխայի փաշայության Արտանուջի գավառակի կենտրոնն էր, 1878 — 1921թթ. մտնում էր Բաթումի մարզի Արդվինի օկրուգի մեջ։ Արտանուջը նաև հայկական հոգևոր թեմի կենտրոն էր:
 
Արտանուջը հին բնակավայրերից է։ Սեն Մարտենը այն նույնացնում է Ղազար Փարպեցռւ հիշատակած Ողջնհազ գյուղին, որտեղ V դարում, Վարդանանց պատերազմի ժամանակ, զոհվել ու թաղվել է Վարդանի եղբայրը՝ Հմայակ Մ ամիկոնյանը։ Պատկանում էր Բագրատունիներին։ VII դարում նվաճել ու ավերել է արաբական ոստիկան (էմիր ) Մրվանը, բայց շատ չանցած Աշոտ Կյուրապաղատը այն նորից հետ է վերցրել։ XI դարում Արտանուջը Բագրատունիների այն ճյուղի բնակատեղին էր, որը հետո հաստատվեց Վրաց գահի վրա։ Այդ ժամանակներում Արտանուջը սովորական բերդ էր, որի մասին հիշատակություն ունի Կոստանդին Ծիրանածինը (905— 958)։ Նրա բերդ լինելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում նաև թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին, բայց ավանդությամբ և զրույցներով զուգորդված, որ դրանք դարձնում են քիչ արժանահավատ։ Հետագայռւմ Արտանուջը մտնում էր վրաց Բագրատունիների թագավորության, իսկ XVI դարից՝ Օսմանյան պետության կազմի մեջ։
 
Արտանուջը սակավամարդ քաղաք էր։ XIX դարի վերջերին ուներ 1000 բնակիչ (նրա բնակչությունը գրեթե նույնքան էր նույն դարի 70-ական թվականներին), որից 960—ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, 1907թ.՝ 1214 բնակիչ, մեծագույն մասը՝ դարձյալ հայեր։ Նրա հայ բնակչությունը տեղահան է արվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և տարագրվել զանազահ երկրներ։
 
Ըստ երևույթին, Արտանուջը միջին դարերում ավելի բազմամարդ է եղել և առևտրատնտեսական առումով ավելի կարևոր դեր է խաղացել։ Հայտնի է, որ IX—XI դարերում այն առևտրական ճանապարհներով կապված էր Վրաստանի, Աբխազիայի, Տրապիզոնի, Բյուզանդիայի և Անի-Շիրակի թագավորության կենտրոնների հետ։ Նոր ժամանակներում նրա տնտեսական դերն ավելի համեստ էր։ XIX — XX դարերում նրա բնակչությունը քաղաքային զբաղմունքներին՝ արվեստներին ու առևտրին զուգընթաց զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ։ Կարևոր դեր էր խաղում հատկապես խաղողագործությունը։ Արտանուջը արտահանում էր ընտիր գինի, որը մեծ համբավ ուներ զանազան շուկաներում։ Արհեստներից տարածված էին դերձակությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, դարբնությունը, ասեղնագործությունը, կերպասագործությունը, մետաքսագործությունը։ Բավական աշխույժ բնույթ ուներ նրա ներքին ու արտաքին առետուրը։ Գինուց բացի, արտահանում էր մորթիներ, բուրդ և այլ ապրանքներ։
 
Միջին դարերում Արտանուջի բերդը հայտնի էր իր ամրությամբ։ Նրա բերդը, որ XIX դարի երկրորդ կեսում արդեն ավերակ վիճակում էր, կառուցված է Արտանուջ գետի ձախ ափին, գետի հունից ավելի քան 70 մ բարձրություն ունեցող ժայռաբլրի վրա, որտեղ կարելի է բարձրանալ միայն մեկ, այն էլ ժայռափոր ճանապարհով։ Վաղեմի բերդի պարսպից դուրս կա մի գերեզման, որն ըստ ավանդության, թագուհու կամ տիրուհու շիրիմն է։ Բուն բերդում, լեռան գագաթի վրա են գտնվելիս եղել թագավորական կամ իշխանական ապարանքներ, որոնք իբր կառուցվել են Արտանուշ կամ Վարդանուշ տիրուհու հարսանիքի առիթով։ Բերդում պահպանվում են նաև տաճարի, ավանի և նույնիսկ, պարտեզի մնացորդներ։ Բերդը պատած էր աշտարակավոր կրկնակի պարիսպներով, որոնց ավերակները նույնպես պահպանվել են մինչև մեր օրերը։
 
Արտանուշն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը հին էր և XIX դարում ավերակ էր, իսկ մյուսը`   գործող, քարաշեն էր, կանգուն՝ կառուցված 1836 թվականին։ Վերջինս կոչվում էր ս. Ստեփանոս։ Քաղաքն ուներ նաև մի անշուք մզկիթ և բաղնիք:
 
XIX դարի առաջին կեսում Արտանուջում կար հայկական մի փոքրիկ ուսումնարան, նույն դարի 70–ական թվականներից բացվում է քաղաքի երկրորդ, իսկ XX դարի սկզբներին՝ երրորդ վարժարանը: Դրանք բոլորն էլ տարրական էին և գրագիտություն էին սովորեցնում հայ մանուկներին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: