Հանրագիտարան

Արտամետ

Արտամետը հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, քաղաք (իսկ նոր ժամանակներում՝ գյուղ)։ Այն տարբեր աղբյուրներում կոչված է նաև Արտամետ, Արտեմիդա, Ավան, իսկ բերդը՝ Զարդ։

Ոմանք, հետևելով ավանդությանը, Արտամետը շփոթել են Արտաշեսյան կամ Արտավանյան ավանի հետ, իսկ Ղ. Ւնճիճյանը այն սխալմամբ նույնացրել է Շամիրամակերտի հետ։ Վերջինս, որ առաջին անգամ գործածված է պատմահայր Մովսես Խորենացու կողմից, ոչ թե Արտամետն էր, այլ Վանը։ Արտամետ անունը կապ ունի Անահիտ աստվածուհու հունարեն ձևի Արտեմիդայի հետ։ Իսկ Թովմա Արծրունին, վկայակոչելով ավանդությունը, գրում է, թե Արտամետ նշանակում է «Արտաշեսի մուտք» կամ «Արտավանի մուտք»։

Արտամետը գտնվում էր Վանա լճի հարավարևելյան ափին, Վան քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք, այժմյան համանուն աննշան գյուղի տեղում, եռանկյունաձև ու ապառաժուտ տափարակի վրա, որի մի կողմում նրա Զարդ կոչված բերդն էր, իսկ վերջինիս շրջակայքում տարածվում էր բուն քաղաքը։ Արտամետի դիրքն ու բնությունն ունեն անզուգական գեղեցկություն։ Նրա հյուսիսային կողմում ծփում են Վանա լճի ջրերը, իսկ հարավում բարձրանում են Հայկական Տավրոս լեռնաշղթայի մի քանի լեռնագագաթները, որոնց կատարներից տեսանելի են ամբողջ լիճն ու նրա շրջակայքի բնակավայրերը։ Գյուղաքաղաքն ամբողջությամբ թաղված էր պտղատու այգիների, հատկապես խնձորենիների և ընկուզենիների մեջ։ Արտամետի խնձորը հայտնի է եղել ամբողջ երկրում։ Աշնան ամիսներին գյուղաքաղաքի օդը բուրում էր նրա փարթամ այգիների խնձորների անուշ հոտով։ Պատմում են, որ հարսանիքների ժամանակ հարսի շորերը անուշահոտ էին դարձնում հենց այդ խնձորներից մի քանիսը դնելով հարսանեկան ավանդական թիթեղապատ սնդուկի մեջ։ Պակաս չէր նաև ձվի մեծությամբ, նուրբ կճեպով ընկույզի համբավը։ Ջրառատ է Արտամետը։ Նա ունի աղբյուրի խմելու լավորակ ջուր, իսկ հարավային կողմով անցնում է Շամիրամի առուն, որի ջուրը նույնպես պիտանի է խմելու համար։
 
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Արտամետը մարդաթափ եղավ ու միանգամից անշքացավ, ավերվեցին նրա այգիները, ոռոգման ցանցը և նախկին ծաղկած գյուղաքաղաքի տեղում մնաց սակավամարդ անշուք գյուղը, ժառանգելով միայն նրա անունը։
 
Արտամետի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներում։ Հեթանոսական շրջանում այն Անահիտ աստվածուհու (հունարեն՝ Արտեմիդա) անվան հետ կապված մեհենատեղի էր, որը քրիստոնեության ընդունումից հետո վերածվել էր եկեղեցու։ Արտամետի կառուցումը ավանդաբար վերագրում են Արտաշես Ա–ին (II դար մ. թ. ա.)։ Ըստ այդ ավանդության, Արտաշեսն այն կառուցել էր իր կնոջ՝ Սաթենիկի համար որպես ամառանոց քաղաք և ինքը Սաթենիկի հետ այդտեղ է անցկացրել մեղրամիսը։ Արտամետը մտնում էր Վասպուրական աշխարհի Տոսպ գավառի մեջ, մինչև VIII դարի վերջերը կազմելով Ռշտունիների տիրույթների բաղկացուցիչ մասը, իսկ դրանից հետո անցնում է Արծրունիներին։ Այն աննախընթաց զարգացում է ապրում Արծրունիների թագավորության օրոք՝ Х—ХI դարերում, սովորական բնակավայրից վերածվելով ֆեոդալական քաղաքի, հավանաբար ունենալով ավելի քան 10 հազար հայ բնակիչ։
 
Նոր ժամանակներում, մինչև առաջին համաշխարհային պատերազմը, թեպետ սովորույթի ուժով Արտամետը շարունակել են կոչել քաղաք, գյուղաքաղաք, բայց բնակչության թվով համեմատաբար փոքր բնակավայր էր. XIX դարի առաջին կեսում ուներ մոտ 500 տուն բնակիչ, որից 400 տունը`   հայ, մնացածը թուրք, իսկ XX դարի սկզբներին թուրքերն ավելի մեծ թիվ էին կազմում. Վ. Մաևսկու տվյալներով, այդ ժամանակ գյուղաքաղաքի 600 բնակիչներից 400–ը թուրքեր էին, իսկ 200-ը՝ հայեր7: Հայերը բնակվում էին քաղաքի բուն թաղում, իսկ թուրքերը հիմնականում շրջակայքի այգիներում:
 
Արտամետի բնակչության զբաղմունքի մեջ առանձնապես հայտնի էր այգեգործությունը։ Նրա շրջակայքում տարածվում էին մրգատու այգիներն ու ընկուզենիների պուրակները, որոնք ոռոգվում էին գյուղաքաղաքի հարավային մասով դեպի Վան գնացող Շամիրամի (Մենուայի) ջրանցքի ջրերով։ Ինչպես ասվեց, Արտամետն առաջին հերթին հայտնի էր խնձորով։ Ականատես հեղինակները գրում են, որ բերքառատ տարիներին նավակային «քարավանները» Վանա [ճով վաճառքի համար մեծ քանակությամբ խնձոր էին տանում առափնյա շրջանների քաղաքներն ու նավահանգիստները՝ Արճեշ, Արծկե, Խլաթ, Վան և այլն։ Բնակչության մյուս զբաղմունքներից էին հողագործությունը, ձկնորսությունը (Վանա լճում) և մասամբ առևտուրը, որը բավական աշխույժ բնույթ էր կրում XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին, երբ շարք էր մտել Վան—Արտամետ սայլուղին։ Սակայն նրա առևտրի ծավալը սահմանափակ էր և իր բնույթով գրեթե բացառապես մանրածախ։ Մեծ չէր նաև ձկնորսության նշանակությունը։ Այնպես որ, Արտամետի բնակչության տնտեսության հիմնական ճյուղերը այգեգործությունն ու երկրագործությունն էին, որոնց հետ և սերտորեն կապված էին տեղական արհեստները։
 
Վանից եկող և դեպի Ոստան ձգվող ճանապարհով Արտամետը բաժանված էր երկու թաղի՝ հայկական և թուրքական։ Դրանք երկուսն էլ գյուղական համայնապատկեր էին ներկայացնում, բայց հայկական թաղը համեմատաբար ավելի բարեկարգ էր, որի մեջ բարձր դիրքով առանձնանում էր ծովահայաց ս. Աստվածածին եկեղեցին։
 
Արտամետի հայ բնակչությունը 1895 թվականին կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թվականին նրանցից շատերը մասնակցել են Վանի հերոսական ինքնապաշտպանությանը և նահանջող ռուսական զորքերի ու հայ կամավորների ջոկատների հետ միասին գաղթել Արևելյան Հայաստանի զանազան շրջանները։
 
XX դարի սկզբին Արտամետի հայկական դպրոցը, որ գոյություն ուներ անցյալ դարից, տեղավորված էր երկհարկանի բարեկարգ շենքում։ Գյուղաքաղաքում 1870 թվականից գործում էր Արշակունյաց բարեգործական ընկերությունը, որը նպաստում էր նաև նրա մշակութային–կրթական գործի առաջադիմությանը։ XVI— XVII դարերում Արտամետում ընդօրինակվել են մի քանի ձեռագրեր։ Հայտնի է Ավետիս գրիչը, որ 1605 թվականին այստեղ գրել է մի Ավետարան։ Արտամետի Աստվածածին եկեղեցում ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը պահպանվում էր մի ձեռագիր Հայսմավուրք։ Արտամետում են ծնվել (1910թ.) սովետական կինոռեժիսոր Գ. Ս. Բալասանյանը, գրականագետ Ռ. Հովհաննիսյանը և ուրիշներ։
 
Հին Արտամետի միայն չնչին մնացորդներն էին հասել մինչև մեր դարը։ Նոր ժամանակների շատ տներ կառուցված էին հին քաղաքի ավերակների վրա, կործանված շենքերի քարերով։ Այնուամենայնիվ, Արտամետի վաղեմի բարեկարգ վիճակը վկայող հնությունների ու հուշարձանների բավական ավերակներ կային։ Նրա բուն տարածքում և շրջակայքում նշմարվում են հին բերդի, մի քանի եկեղեցիների, վանքերի ու սրբավայրերի, զանազան շենքերի մնացորդներ, ուրարտական սեպագիր արձանագրություններ և հիշատակության արժանի նյութական մշակույթի այլ հուշարձաններ։ Քաղաքում պահպանվել են Արտաշես Ա–ին վերագրվող բերդի պարիսպների մնացորդները և հետագայում կառուցված չորս փառահեղ եկեղեցիների ավերակները, որոնք գտնվում են այգիներում։ Վերջիններից ամենահինը, հավանաբար, կառուցվել է XIII դարում։ Հայկական եկեղեցիներից բացի, այստեղ կար նաև հունական մի եկեղեցի։ Արտամետի հայ բնակչության այցելության մշտական վայրերից էին ս. Շմավոն, Թուխ Մանուկ և ս. Հակոբ ուխտավայրերը։
 
Արտամետի հարավային մասով անցնող Շամիրամի առվիպատերի վրա պահպանվել են ուրարտական մի քանի սեպագիր արձանագրություններ։ Դրանցից մեկը, որ ամենից ընդարձակն է և բաղկացած է 14 տողից, մի այլ արձանագրության հետ միասին գտել է ֆրանսիացի պրոֆեսոր Շուլցը։ Գյուղաքաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արևմուտք, դարձյալ Շամիրամի առվի երկու ափին, դեմ դիմաց կանգնած են երկու սրբատաշ մեծ քարեր, որոնց վրա նույնպես կան սեպագիր արձանագրություններ և որոնք նույնպես վերաբերում են Մենուա թագավորի ժամանակներին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: