Հանրագիտարան

Արղանա-Մադեն

Արղանա-Մադենը հնում, հայկական աղբյուրներում, սովորաբար կոչվել է Արկնի, Արղնի, Արղանա, իսկ այժմ՝ Մադեն, Հին Արղանա։ Համարվել է բերդ, ավանաբերդ, գյուղաքաղաք, քաղաք։

Գտնվում է Արևմտյան Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանա գետի (Աղանա-սու) աջ ափին, Խարբերդ—Դիարբեքիր ճանապարհին, Դիարբեքիրից մոտ 55 կմ հյուսիս արևմուտք, ծովի մակարդակից 1235 մ բարձրությամբ սարավանդի վրա։ Նախկինում շրջակայքն ամբողջովին պատած էր խիտ անտառներով, որոնք շարունակ կտրտվել են պղինձ ձուլելու համար փայտածուխ ստանալու նպատակով։ Քաղաքի հարավարևմտյան կողմում կան պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք հայտնի են և շահագործման են ենթարկվել տակավին ուրարտական ժամանակներից։ Այժմ էլ դրանց պաշարները չեն սպառվել և արդյունահանումը շարունակվում է։ Պղնձից բացի նույն հանքավայրերում կան նաև ոսկի և արծաթ։

Հնում, ինչպես ասվեց, բերդ էր և կոչվում էր Արկնի՝ մտնելով Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Պաղնատուն գավառի մեջ։ Նոր ժամանակներում և այժմ՝ Արղանա–Մադենը Դիարբեքիրի նահանգի համանուն գավառի (սանջակ) ու գավառակի (կազա) կենտրոնն է։
 
1800—1830-ական թթ. Արղանա–Մադենն ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000ը՝ հայեր, 1830—50-ական թթ. նրա բնակչության քանակը նվազելով հասել էր 3000 մարդու, որի կեսը կազմում էին հայերը։ Որոշ աղբյուրներում մոտ 3000 բնակիչ է նշված նաև XX դարի սկզբների Արղանա–Մադենում, բայց, այլ աղբյուրների համաձայն, այդ ժամանակ գյուղաքաղաքն ունեցել է մոտ 1500 տուն, կամ շուրջ 7000 — 8000 բնակիչ6: Հայերից բացի այստեղ բնակվում էին նաև քրդեր, հույներ և հրեաներ։ Նրա հայ բնակիչները աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով։ Գ. Սրվանձտյանի վկայությամբ 1840— 1860-ական թթ. ծաղկում ապրող Արղանա–Մադենի հանքարդյունաբերությունը հետագա տասնամյակներում անկման էր հասել և դատապարտվել անուշադրության։ Այստեղ պղնձի հանույթն ու ձուլումը կատարվում էին բացառապես ձեռքի աշխատանքով և իբրև վառելիք օգտագործվում էր փայտածուխը։ Նրա պղնձարդյունաբերությունը որոշ աշխուժացում է ապրել XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին։ Մեր դարի սկզբներին այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 3000 տոննա սև պղինձ, որը հիմնականում առաքվում էր Դիարբեքիր, Էրզրում և Տրապիզոն։
 
Արղանա–Մադենի պղնձի հանույթը և նախնական մշակումը խիստ կրճատվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նրա հայ բնակչության մի մասը տարագրվեց օտար երկրներ, որի հետևանքով այստեղի պղնձարդյունաբերությունը զրկվեց հարյուրավոր որակյալ աշխատողներից։
 
Արղանա–Մադենը բաժանված էր 3 մեծ թաղերի՝ Վերին, Միջին և Ստորին։ Քաղաքում հայերը, հույները, քրդերը և հրեաներն ապրում էին առանձին թաղերում։ Տները ցրված էին սարահարթի և լեռնալանջի վրա՝ լեռան գագաթից մինչև ստորոտը կազմելով անկանոն մի քանի շարքեր։ Հայերն ունեին իրենց եկեղեցին`   ս. Աստվածածին անունով, և մի վարժարան, որ գործում էր անցյալ դարի կեսերից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: