Հանրագիտարան

Ամասիա

Ամասիան երբեմն կոչել են նաև Ռումի Բաղդատ (հույների Բաղդատ), բայց այն տարածում չի ստացել և քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։ Ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։

Գտնվում է Սև ծովը թափվող Իրիս (այժմ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Բարձրությունը ծովի մակերևույթից 366 մ է։ Ունի հանքային ջրեր և հորդաբուխ աղբյուրներ։ Շրջակայքում անցյալում կային արծաթի հանքեր, որոնց պաշարներն այժմ սպառված են։ Հարուստ է այգիներով, հատկապես թթաստաններով։

Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527 — 565) վարչական վերափոխությունից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սեբաստիայի (Սվազի) նահանգին։
 
Երկարաձիգ ու հարուստ պատմություն ունի Ամասիան։ Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին (IV դ. մ. թ. ա.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալ. Մակեդոնացու հրամանով՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր Միհրդատ Պոնտացին (I դ. մ.թ.ա.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր Եվդոկիայի, Սեբաստիայի ու Խարբերդի հետ։ Ստրաբոնը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ Հովհ. Դրասխանակերտցին վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել Վանի ուրարտական կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, Կոստանդին Ծիրանածինի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ Իբն-Բաթուտան գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ Լենկթեմուրը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սսուլթանի օրոք, 1392 թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII — XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև 1555թ. հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։
 
XIX դարի 70-ական թթ. քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ3: XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35 % կազմում էին հայերը։ Այստեղի հայերը նույնպես երկու անգամ՝ 1895 — 96 և 1915 թթ. ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման։ 1895 — 96թթ. կոտորածների ժամանակ զոհ գնացին ավելի քան 1000 հայեր, իսկ մնացածը մեծ եղեռնի ժամանակ տեղահան եղան և ցրիվ եկան տարբեր կողմեր։ Ըստ 1929 թ. վիճակագրական տվյալների, Ամասիայում կային միայն 400 հայ բնակիչ, իսկ 1971-ին՝ 300։ Ըստ թուրքական գաղտնի հրամանների, 1915 թ. Ամասիայի գավառից տեղահանել են 22871 հայ, ծածկագրով կարգադրելով նրանց բոլորին ոչնչացնել ճանապարհին։
 
Նոր ժամանակներում Ամասիայի բնակչության զբաղմունքները կազմում էին արհեստները, տնայնագործությունն ու մանուֆակտուրային արտադրությունը, առևտուրը, երկրագործությունն ու այգեգործությունը։ Հայերն այստեղ ունեին երկաթագործական, ատաղձագործական, կոշկակարական, կարի, մանածագործական, թիթեղագործական 95 արհեստանոց-խանութներ։ Քաղաքի արտադրական ձեռնարկություններից էին 20-ի հասնող ալրաղացները, որոնք կառուցել էին հայերը եվրոպական ձևով, մետաքսի մեծ մանարանը, որը 1865թ. կառուցել էր XIX դարի հայ հայտնի դեմքերից մեկի՝ Հակոբ Ամասյանի որդի Սարգիս Ամասյանը, մանուֆակտուրային մի քանի ձեռնարկություններ։ Քաղաքի տնտեսության համար կարևոր ճյուղեր էին նաև այգեգործությունն ու երկրագործությունը։
 
Ամասիան բավական բարեկարգ սայլուղիով կապված էր Եվդոկիայի և Սամսոնի հետ։ Վերջինս համարվում էր Ամասիայի ծովային դուռը։ Դրանց և հարևան գյուղաքաղաքների ու շրջանների հետ Ամասիան ուներ աշխույժ առևտուր։ Նրա արտահանած ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում գործվածքները, չորացրած բամիան, խաղողը, խնձորը, գինին, ալյուրն ու հացահատիկը, բուրդը, կաշին, հաշիշը, ճեհրի կոչված դեղին ներկը և այլն։ XIX դարի վերջերին քաղաքի միայն գործվածքեղենի կրպակների թիվը հասնում էր 290-ի։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, որտեղ կենտրոնացած էր խանութների և արհեստանոցների մեծագույն մասը։ Ամասիան նաև տարանցիկ առևտրի կետ էր։
 
Թեպետ Ամասիան շատ է տուժել 1734 և 1825 թթ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, այնուամենայնիվ, այստեղ տարբեր վիճակում պահպանվել են հին և միջնադարյան հուշարձաններ, տարբեր կառույցների ավերակներ, զանազան հնություններ։ Հնադարյան բերդի ավերակները գտնվում են քաղաքի դիմաց վեր խոյացող մերկ, անձրևներից լվացված 200 մ բարձրությամբ ժայռի վրա, որի «կատարը պսակված է հսկայական, դղյակի խարխլված պարիսպներով»՝ հին արքունական պալատի ավերակներով, իսկ բերդի ոտքերի տակ փռված էր երբեմնի հռչակված բուն քաղաքը։ Բերդի պատերին կան շատ մակագրություններ և արձանագրություններ։ Ենթադրվում է, որ Միհրդատ 6–րդը այստեղ էր պահում իր գանձերը։ Պատմաճարտարապետական առումով հատկապես հիշատակության արժանի են հնադարյան ժայռակերտ քարայր–դամբաբանները, որոնք գտնվում են բերդակիր լեռան լանջին և վերաբերում են հելլենիստական ժամանակներին։ Դրանցից ամենաշքեղները Միհրդատի վիմափոր դամբարաններն են (թուրքերի կողմից Այնալը-մաղարա կոչված քարայրները), որոնք թվով 3 հատ են, մեծությամբ սենյակի չափ, իրարից անջատված միջանցքներով և իրար հետ կապված քարեղեն սանդուղքներով։ Իրենց հնությամբ ու ճարտարապետությամբ քաղաքի հայտնի կառույցներից էին հայկական 4 եկեղեցիները՝ ս. Աստվածածինը, որ համարվում էր քաղաքի մայր եկեղեցին, ս. Նիկողայոսը՝ կառուցված 1218 թ., ս. Հակոբը՝ կառուցված 1255 թ. և ս. Գևորգը։ Քաղաքում և նրա շրջակայքում կային մի քանի ուխտավայրեր և երկու վանք։ Մզկիթներից հայտնին սուլթան Բայազետի ջամին էր`   երկու մինարեով, մարմարյա սյուներով, արաբական նկարներով ու քանդակներով մի շենք, որ ընդգծված էր քաղաքի ընդհանուր համայնապատկերում։ Իբրև գավառի (իսկ այժմ վիլայեթի) կենտրոն, Ամասիայում կառուցվել են վարչական զանազան շենքեր, որոնք իրենց մեծությամբ ու հարմարանքներով տարբերվում էին սովորական բնակելի տներից։ Ամասիայում, Իրիս (Եշիլիրման) գետի վրա կառուցված էին 5 կամուրջ, որոնք իրար հետ էին միացնում քաղաքի երկու մասերը և որոնց վրայով անցնում էին դեպի Եվդոկիա ու Սեբաստիա տանող ճանապարհները։ Այդ կամուրջներից մեկի հիմքն ունի ավելի քան 2000 տարվա հնություն։
 
Ամասիան հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր։ Այստեղ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին գործում էին հայկական 7 դպրոցներ, որոնցից 3–ը եկեղեցիներին կից էին, 5 մանկապարտեզ, Ազգային հիվանդանոց, կանանց կար ու ձևի ուսումնարան, «Իրիս» թատերական ընկերությունը, մշակութային և կրթական բազմաթիվ ընկերություններ՝ Պարթևական, Ներսիսյան, Կանանց կրթասիրաց և այլն, որոնք նպաստում էին քաղաքի մշակութային կյանքի առաջադիմությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղահանված ամասիացիները օտար երկրներում տարբեր ժամանակներում ու տարբեր քաղաքներում՝ Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Մարսելում, Փարիզում և այլուր կազմակերպել էին հայրենակցական միություններ, որոնք նպատակ ունեին օգնել իրենց կարիքավոր, հիվանդ, անաշխատունակ և որբ հայրենակիցներին:
 
Ամասիան ուներ իր հայկական պարբերական մամուլը։ Այստեղ առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին լույս էին տեսնում «Ապառաժ» շաբաթաթերթն ու ամսագիրը և «Ամասիա» հանդեսը։ Այն հայ գրչության կենտրոններից է։ Պահպանվել են Ամասիայում գրված կամ ընդօրինակված տարբեր բովանդակությամբ շատ ձեռագրեր։
 
Ամասիայում են ծնվել հին աշխարհի հույն հայտնի հեղինակ՝ աշխարհագրագետ Ստրաբոնը (63թ. մ. թ. ա.— 21/25թ. մ. թ.), միջնադարյան հայ ականավոր բժիշկ, մատենագիր ու բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին (1420/25—1496), բժիշկ Գալուստ Ամասիացին, որը 1669 թ. Պոլսում հրատարակել է իր բժշկարանը։ Ենթադրվում է, որ այստեղ է ծնվել նաև Պոնտոսի թագավոր Միհրդատ 6–րդ Եվպատորը (132 — 63թթ. մ .թ.ա.)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: