Հանրագիտարան

Ադամակերտ

Ադամակերտ կոչվում է նաև Հադամակերտ։ Թուրքերն անվանում են Բաշ-կալե (Բաշկալա), իսկ սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Аdamma ձևով:

Անունը ստուգաբանվում է եբրայերեն «Ադամ», հայերեն «կերտ»։ Հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք և քաղաք։ Գտնվում է Վանա լճից 78— 80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (կամ Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մ բարձրության վրա։ Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ: Ջրառատ է։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։

Հնում Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Մեծ Աղբակ գավառի կենտրոնն էր, Արծրունիների ոստանը։ Նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Հեքյարի գավառի կենտրոնը։
 
Գոյություն ունի հնագույն ժամանակներից: Հիշատակվում է սեպագիր արձանագրություններում։ Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին և այլ պատմագիրներ։ Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ և նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում։ XIX դարում և XX դ. սկզբներին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրերից ոչնչով չէր տարբերվում, ո՛չ մարդաշատությամբ, ո՛չ բարեկարգման աստիճանով և ո՛չ էլ տնտեսությամբ ու մշակութային կյանքով։ XIX դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական։ 1885-ին ուներ 100 տուն մահմեդական և 150 տուն հրեա բնակչություն։ 1909թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր։ Ապրում էին հայեր, մահմեդականներ (քրդեր ու թուրքեր) և հրեաներ։ Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին։ 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են Կովկաս՝ փրկվելով կոտորածից։
 
Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները`   մանր առևտոով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ։ Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում Թավրիզ—Վան— Բաղեշ (Բիթլիս) ճանապարհը, որն իր նշանակությունը մասնակիորեն պահպանել էր նաև նոր ժամանակներում։ Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը XIX դարում և XX դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր։ Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի։
 
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել զորավար Անդրանիկը։
 
Ադամակերտում եղել է համանուն վանքը, որի պատմությունը մեզ համար մնում է անծանոթ։ Թովմա Արծրունու վկայությամբ, այդ վանքում է հանգչում Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու (V դ.) աճյունը։ Քաղաքը նոր ժամանակներում ուներ մի փայտաշեն եկեղեցի։
 
Ադամակերտն ուներ իր բերդը, որի պաշտպանական պարիսպներն ու մյուս կառուցվածքները ավերել ու քարուքանդ են արել օսմանյան Իսմայիլ փաշայի զորքերը այն քրդերից գրավելու ժամանակ։
 
Ադամակերտի համար մշակութային առումով կարևոր նշանակություն է ունեցել ս. Բարդուղիմեոսի վանքը, որը գտնվում է 21—22 կմ հեռավորության վրա և մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի մտավոր կյանքում ընդհանրապես։ XIX դ. երկրորդ կեսին և XX դարի սկղբներին Ադամակերտի հայությունն ուներ մի դպրոց, որը գրագիտություն էր տալիս մանուկներին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: