Հանրագիտարան

Ճարմանայի դաշտի ճակատամարտ

Ներսեհապատի ճակատամարտում շահած հաղթանակից հետո Հայկական բանակը շարժվեց Ծաղկոտն գավառ՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

Սակայն գրեթե անմիջապես էլ Վահան Մամիկոնյանին ներկայացավ Վախթանգ I Գորգասալի կողմից ուղարկված մի սուրհանդակ և հայտնեց, որ Միհրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 50.000 զինվոր) մտել է Իբերիա, իսկ ինքը`   Իբերիայի արքան, բավարար ուժեր չունենալով դիմադրելու թշնամուն, պատսպարվել է Իբերիային սահմանակից Հայաստանի լեռնային շրջանում`   Կանգարք գավառի Մթին լեռներում: Միաժամանակ սուրհանդակը, նպատակ ունենալով անպայման ապահովել Հայկական բանակի օգնությունը, խեղելով իրականությունը հայտնեց, թե իբր սաբիրները շտապում են Իբերիային օգնության և շատ շուտով կմիավորվեն իբերական բանակին:

Նպատակ ունենալով օժանդակել Իբերիային`   սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000 զինվոր) շարժվեց դեպի հյուսիս: Մթին լեռներում միավորվելով Իբերիայի թագավորության բանակին (մոտ 10.000 զինվոր)`   վերջինս մի քանի օր սպասեց սաբիրներին, որոնք այդպես էլ չեկան: Այնուհետև Վախթանգը, կրկին խեղելով իրականությունը, սկսեց համոզել Վահան Մամիկոնյանին, որ, եթե իրենց բանակը իջնի բաց դաշտ, ապա սաբիրները այդ դեպքում արդեն անպայման կմիանան իրենց: Ու թեև Վահան Մամիկոնյանը չէր ցանկանում իր բանակը իջեցնել դաշտավայր, քանի որ իբերական և Հայկական բանակի շարքերում բացակայում էր միաբանությունը, նրանք թվով զգալիորեն զիջում էին հակառակորդին, սաբիրների վրա լրջորեն հույս դնել չէր կարելի, իսկ Հայկական բանակը հաջող էր կռվում հենց լեռնային տեղանքում, բայց ի վերջո տեղի տվեց Իբերիան ասպատակումից զերծ պահելու նպատակով արվող Վախթանգի հորդորներին: Արդյունքում Իբերիայի թագավորության և Հայկական միացյալ բանակը, շարժվելով դեպի արևելք, մտավ Կուր գետի հովիտ ու անտանելի շոգի պայմաններում բանակեց Կուրի աջ ափին`   Ճարմանայի դաշտում: Երեք օր անց արևելքից մոտեցավ Միհրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը և բանակեց Կուրի ձախ ափին: Գրեթե անմիջապես էլ որոշ հայ դավաճան նախարարներ ներկայացան Միհրանին և խոստացան մարտի ժամանակ օժանդակել վերջինիս: Հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական մթոնոլորտը չափազանց դիպուկ է փոխանցում դեպքերին ականատես Ղազար Փարպեցին. "Վրաց արքայի սուտ ու անպիտան խոսքերից վրոդվված էր Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը, մանավանդ որ ծանոթացել էր արդեն Հայոց զորքի թուլությանը, լքածներին ու մեղկացածներին, որոնք բոլորովին նման չէին ուրիշ ժամանակների եռանդուն ու հոժարակամ զորականներին...":
 
Մարտի ընթացքը
 
Հաջորդ օրը կողմերը մարտակարգ ընդունեցին: Քրիստոնյաների բանակի առաջին շարքը կազմված էր հետևակից, երկրորդը՝ հեծելազորից: Ձախ թևում Վախթանգի գլխավորությամբ տեղավորվեց Իբերիայի թագավորության բանակը, իսկ աջում և կենտրոնում`   Հայկականը: Աջի ու կենտրոնի միջև գտնվող երրորդ շարքում Սահակ Բագրատունու և Բաբկեն Սյունու գլխավորությամբ թողնվեց պահեստազոր: Քրիստոնյաների բանակի աջը գլխավորում էին Բարսեղ Վահևունին ու Սատոն Գաբեղյանը, կենտրոնը՝ եղբայրներ Վահան, Վասակ, Վարդ և Արտաշես Մամիկոնյանները, Ներսեհ ու Հրահատ Կամսարականները, ինչպես նաև Ատոմ Գնունին:
  • I փուլ – Պարսից թագավորության բանակը ողջ ճակատով անցավ Կուրը և փորձեց գրոհել: Ի պատասխան դրա քրիստոնյաների բանակը անցավ հակագրոհի`   փորձելով ետ շպրտել թշնամուն: Սակայն, միայն կենտրոնին հաջողվեց ջարդել Պարսից թագավորության բանակին և, շպրտելով նրան գետի մյուս ափը, անցնել այն ու հետապնդել թշնամուն: Հետապնդման ընթացքում Վասակը, թեև մի հաղթանդամ պարսիկի հեծյալ նիզակամարտում տապալելիս կոտրեց նիզակը, սակայն, վերցնելով մի նոր նիզակ, հաջողությամբ շարունակեց մարտը: Կոտրված նիզակի փոխարեն ձեռք բերելով նոր նիզակ`   հաջողությամբ շարունակեց մարտնչել նաև Ներսեհ Կամսարականը:
  • II փուլ – Քրիստոնյաների բանակի ձախը կազմող Իբերիայի թագավորության բանակը չդիմացավ հանդիպակաց մարտին ու դիմեց փախուստի: Միաժամանակ մարտնչող բանակի աջն էլ դավաճան հայ նախարարները շրջեցին և, դուրս գալով կռվից, լքեցին մարտադաշտը: Քրիստոնյաների բանակի կենտրոնը միանգամից հայտնվեց շրջապատման մեջ:
  • III փուլ – Այս վճռական պահին երրորդ շարքում գտնվող Հայկական պահեստազորը դրսից հարված հասցրեց սեփական կենտրոնը շրջապատած թշնամու բանակին: Գրեթե միաժամանակ էլ շրջապատման օղակի ներսից գրոհի անցավ նաև Հայկական բանակի կենտրոնը: Համակցված հարվածների արդյունքում շրջապատումը հաջողությամբ ճեղքվեց, թեև մարտում ընկան Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը, զոհվեցին այլ անվանի նախարարներ, իսկ Հրահատ Կամսարականը, ընկնելով ձիուց և մնալով հետիոտն, գերվեց: Գերվեց նաև Յազղ Սյունին, իսկ Բաբկեն Սյունին ստացավ ծանր վերք և փրկվեց միայն շնորհիվ այն բանի, որ Վահանը, վերցնելով նրան իր ձիու վրա, դուրս հանեց մարտադաշտից:
  • IV փուլ – Դժվարությամբ պոկվելով թշնամու հետապնդումից`   Հայկական բանակը վերադարձավ Մարզպանական Հայաստան, իսկ իբերական բանակը ամրացավ Իբերիայում: Հայերը կորցրին մոտ 10.000, դաշնակիցը՝ մոտ 3.000, թշնամին՝ մոտ 6.000 զինվոր:
Մարտից հետո
 
Վահան Մամիկոնյանը ցրեց Հայկական բանակը, իսկ ինքը փոքր մի ջոկատով (100 զինվոր) ճամբարեց Մկնառիճ գյուղում (Կարինից մոտ 30 կմ հյուսիս-արևելք): Վահանի ջոկատին հետապնդող Միհրանի գլխավորած Պարսից թագավորության ջոկատն էլ (մոտ 2.000 զինվոր) ճամբարեց Դու գյուղում (Կարինից մոտ 15 կմ հյուսիս-արևելք): Կողմերի միջև սկսվեցին բանակցություններ, սակայն դրանց ընթացքում Միհրանը իր հետ եղած բանակով անակնկալ հեռացավ և, հավաքելով Մարզպանական Հայաստանում ցրված իր բանակը, վերադարձավ Պարսից թագավորություն: Օգտվելով դրանից`   Վահան Մամիկոնյանը վերադարձավ Դվին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: