Հանրագիտարան

Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. Ձիրավի դաշտում (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) մի կողմից հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, մյուս կողմից`   պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով:

Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368 թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները`   (Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն):

Ճակատամարտը

Տեղադրություն
 
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում:
 
Ուժերը
 
Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին: Հայերին աջակցել է հռոմեական մի զորամաս: Պարսկական բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը՝ Ուռնայր և Շերգիր թագավորների գլխավորությամբ, ինչպես նաև Հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը:
 
Բուն մարտը
 
Գարնանը պարսկական բանակը Ատրպատականից ներխուժելով Մեծ Հայք և հասնելով Ձիրավի դաշտ՝ բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց: Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո: Հռոմեական պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նահանջի դիմաց հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով: Սպանդարտ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատնել նրան: Ղեկերի Շերգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը՝ վիրավորվել: Սմբատ Բագրատունին, հետապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի արևելյան ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկական բանակը, չդիմանալով հայկական զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի: Հայկական հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև Ատրպատական:
 
Հետևանք
 
Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: