Հանրագիտարան

Հոնընկեցի ճակատամարտ

622 թվականի գարնանը Տիրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (20.000 զինվոր, որից 6.000 թյուրքուտ) մտավ Ապահունիք:

Այստեղ Տիրանը ընդունեց բանակցելու նպատակով իր մոտ եկած Վահանին և նրանից պահանջեց ոչ միայն դիմադրության դադարեցում, այլև Մուշեղ Քաջակորովի ու Գայլ Վահանի աճյունների հանձնում: Տարոն վերադարձած Վահանը այդ մասին տեղեկացրեց Սմբատ Մամիկոնյանին, իսկ թշնամին շարունակեց արշավանքը և մտավ Հաշտեանք: Ի պատասխան այս ամենի Սմբատ Մամիկոնյանը կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ Տարոնի բոլոր տղամարդկանց: Դրանից հետո Հայկական բանակը (9.940, որից 5.000 հեծյալ) շարժվեց Հաշտենում բանակած թշնամու դեմ և ճամբարեց Սերեմավայրում: Տեղում պարզելով իրավիճակը`   Սմբատը որոշեց օգտվել Տիրանի սխալից, որը ոչ միայն մասնատել էր ուժերը, մի խոշոր ջոկատ (3.000 զինվոր) հետ ուղարկելով Ապահունիք, այլև թյուրքուտներին ու պարսիկներին էլ թույլ էր տվել բանակել էր իրարից բավականին հեռու:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Գիշերը Վահանի գլխավորած Հայկական մի ջոկատ երկու անգամ հարձակվեց թյուրքուտների ճամբարի վրա: Առաջին անգամ սպանվեց Տիրանի որդին և ոչնչացվեցին երեք իշխաններ, իսկ երկրորդ հարձակման ժամանակ Վահանը սպանեց Տիրանին:
  • II փուլ – Վահանը 100 ջորու վրա ուղղահայաց երկաթե զրահներ ամրացրեց և մոտեցավ թյուրքուտներին: Ընդ որում յուրաքանչյուր 10 ջորու մոտ տեղավորվել էր մեկական մարդ, որոնք, մոտենալով թշնամուն, սրերով խթանեցին ջորիներին: Արդյունքում խուճապահար ջորիները մտան թյուրքուտների ճամբար և ոչ միայն ավերեցին այն, այլև առաջացրեցին մեծ խուճապ:
  • III փուլ – Հայկական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեց կոտորել թյուրքուտներին: Իսկ վերջիններս, գիշերային խավարում կարծելով թե շրջապատվել են մի հսկայական բանակի կողմից ու ծանոթ չլինելով տեղանքին, խուճապահար փախուստի մեջ նետվեցին դեպի վիհի բերանը և գրեթե ողջ կազմով լցվեցին ձորը: Թյուրքուտներից փրկվեցին միայն քչերը, իսկ Հայկական բանակին հասավ հսկայական ավար:
  • IV փուլ – Առավոտյան Պարսից թագավորության բանակը, տեղեկանալով գիշերային իրադարձությունների մասին, իր առաջնորդ ընտրեց Միհրխոսրովին ու շարժվեց հայերին ընդառաջ: Տեղեկանալով այդ մասին`   Հայկական բանակը ինքը ևս մարտակարգ ընդունեց: Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորվեց թեթև հետևակը, երկրորդ շարքում`   աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում`   պահեստազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Վարազ Միհարվածանի Պալունին, ձախը՝ Սմբատ Հաշտենցին, կենտրոնը`   Վահան Պալունի, իսկ պահեստազորը՝ Վահան Մամիկոնյանը: Կենտրոնում էր գտնվում և միաժամանակ ողջ բանակի ղեկավարումն էր իրականացնում Սմբատ Մամիկոնյանը: Իր հերթին Հայկական մի ջոկատ (3.000) անցավ թշնամու բանակի թիկունքը և, բաժանվելով երեք մասի, աջից, ձախից ու կենտրոնից դարան դրեց: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում թշնամու կենտրոնին հաջողվեց աստիճանաբար ետ մղել Հայկական կենտրոնին և շրջապատել այն:
  • V փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ Հայկական բանակի պահեստազորը և հարվածեց թշնամուն: Արդյունքում կենտրոնում Պարսից թագավորության բանակը պարտություն կրեց ու դիմեց փախուստի: Այդ ընթացքում Սմբատը հանդիպեց Միհրխոսրովին և մենամարտում սպանեց նրան: VI փուլ – Հայկական կենտրոնը ու թևերը զարգացրեցին հաջողությունը և սկսեցին հետապնդել թշնամուն: Փախչող թշնամուն հարվածեց նաև դարանը: Պարսից թագավորության բանակը ծանր պարտություն կրեց, սակայն նրա խոշոր ուժեր կարողացան հեռանալ մարտադաշտից:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին`   9.000 զինվոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: