Հանրագիտարան

Ծումբ ամրոցի ճակատամարտ

Ծումբ ամրոցի ճակատամարտ տեղի է ունեցել Բագրատունյաց Հայաստանի և շրջակա մահմեդական ամիրայությունների միացյալ բանակի միջև 998 թ-ի օգոստոսին: Ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով:

Նախապատրաստում

Հարձակման հիմնական ուղղությունները
 
Ռավադյանների էմիր Մամլան իբն Մուհամմեդը, ցանկանալով վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը և ոչնչացնել քրիստոնյաներին, նախատեսեց սկսել լայնածավալ ռազմական գործողություններ: Իր կողմից արդեն իսկ գլխավորվող էմիրությունների դաշինքի մեջ վերջինս ներգրավեց նաև Ղազնևիների սուլթանությանը և նրանից ստացավ խոշոր ուժեր: Ստեղծվեց մի հսկայական բանակ (մոտ 220.000), որը պատրաստվեց չորս շարասյուններով ներխուժել Անիի թագավորության տարածք: Ըստ նախապես հաստատված պլանի Շադադյանների և Շուաբյանների էմիրության բանակից կազմված արևելյան առանձնացված շարասյունը (մոտ 20.000) պետք է ներխուժումն իրականացներ Ուտիք-Գուգարք երթուղով`   խնդիր ունենալով արագ ռազմերթով մտնել Անիի թագավորության խոր թիկունք, իսկ իր կազմում նաև Գողթնի էմիրության բանակը ընդգրկող հյուսիսային (մոտ 50.000), ինչպես նաև հարավային (մոտ 30.000) շարասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Այրարատի և Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ`   խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած ու իր կազմում նաև Ռավադյանների, Մրվանյանների և Հերի էմիրությունները ընդգրկող հիմնական շարասյան (մոտ 120.000) թևերը:
 
Հայկական ուժերը
 
Արքայից-արքա Գագիկ I Մեծը, տեղեկանալով թշնամու բանակի, շարասյուների թվաքանակի և ներխուժման ուղղությունների մասին, կատարեց զորահավաք ու իրականացրեց բանակի տեղաբաշխում: Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 20.000) թողնվեց հյուսիսում, խնդիր ունենալով դիմակայել թշնամու արևելյան առանձնացված շարասյանը, Ոստանիկ բանակի, ինչպես նաև Սյունիքի թագավորության բանակի (մոտ 40.000) առջև խնդիր դրվեց դիմագրավել թշնամու հյուսիսային շարասյանը, իսկ Վասպուրականի թագավորության, ինչպես նաև Մոկքի ու Անձևացիքի իշխանությունների բանակներին (մոտ 30.000) հրամայվեց դիմագրավել թշնամու հարավային շարասյանը: Ոստանիկ բանակի հիմնական մասը, նրա կազմում գործող Մաղխազական գունդը (վերջինը`   6.000 ծանր հեծյալ), ինչպես նաև Աբբաս արքայի գլխավորած Կարսի, Գաբրիել սպարապետի, Գամրեկելի եղբայրների և իշխանաց-իշխան Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի թագավորության սպարապետ Վահրամ Պահլավունու, նրա որդի Սմբատ Մագիստրոսի, ինչպես նաև Աշոտ մարզպանի ընդհանուր ղեկավարությամբ շարժվեցին Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան ընդառաջ:
 
Տեղանքը
 
Անիի սպարապետի գլխավորած բանակը ճամբարեց Ծումբ ամրոցի մոտ գտնվող մի բարձրադիր վայրում`   դաշտային ամրությունների միջոցով ավելի ամրապնդելով իր դիրքերը: Մոտեցած և վերջինիս դիրքերից ներքև ճամբարած Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան առաջխաղացումը կասեցվեց: Հաշվի առնելով թշնամու թվական գերազանցությունը և այն, որ նրա հեծելազորը լեռնային պայմաններում կդժվարանա մարտնչել ամուր դիրքեր գրաված իր բանակի դեմ`   սպարապետը պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Սակայն հակառակորդ բանակները մի քանի օր մնացին ճամբարած վիճակում և չսկսեցին մարտը, քանի որ թշնամին չէր համարձակվում մարտի մեջ մտնել լեռնային, քարքարոտ ու խիստ կտրտված տեղանքում, իսկ սպարապետ Վահրամն էլ իր հերթին չէր ուզում սեփական բանակը իջնեցնել բաց դաշտ, որտեղ հակառակորդի քանակական առավելությունը կարող էր դառնալ որոշիչ: Շուտով թշնամու բանակը սկսեց պարենի պակաս զգալ, որի հետևանքով էլ ստիպված անցավ ակտիվ ռազմական գործողությունների: Մի քանի օր անց վաղ առավոտյան Մամլան իբն Մուհամմեդի բանակը մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց խոշոր վահաններով զինված ծանր հետևակը, երկրորդում`   հեծելազորը, իսկ երրորդում`   թեթև հետևակը: Դրանից հետո թշնամին սկսեց դանդաղ երթով մոտենալ Անիի թագավորության բանակին: Վերջինս, չշտապելով մարտի մեջ մտնել և թույլ տալով թշնամուն ողջ կազմով խորանալ լեռնային տեղանքում, ինքը ևս մարտակարգ ընդունեց: Կենտրոնի առաջին շարքում լայնարձակ սարահարթի ողջ լայնությամբ տեղավորվեց հետևակի մի մասը, որի առաջին գծում թողնվեց ծանր, իսկ երկրորդում`   թեթև հետևակը: Ընդ որում վերջիններիս թիկունքում գտնվող բարձունքների վրա պատրաստվեցին հատուկ ամրացված պահեստային դիրքեր: Բանակային հիմնական ուժերը, զուգահեռ հակառակորդի շարժման ուղղությանը, դարան մտան աջ և ձախ թևերում`   սարահարթը եզրող բարձրավանդակների հետևում: Միաժամանակ Արտանուջի թագավորության բանակը լեռնային շրջանցիկ ճանապարհով անցկացվեց թշնամու թիկունք`   խնդիր ունենալով վճռական պահին թիկունքային հարված հասցնել հակառակորդին: Ըստ նախապես հաստատված մարտական պլանի Անիի թագավորության բանակը պետք է պարկի մեջ վերցներ հակառակորդի բանակին և ոչնչացներ:
 
Ճակատամարտը
  • I փուլ – Տեղեկանալով, որ թշնամու ամբողջ բանակը արդեն մտել է լեռները, իսկ Արտանուջի թագավորության բանակը զբաղեցրել է ելման դիրքեր`   սպարապետ Վահրամը առաջ ուղարկեց թեթև հեծյալներին, որոնք, նետահարությամբ, առանձին մենամարտերով և մանր մարտերով նահանջելով, թշնամուն քաշեցին իրենց հետևից`   հասցնելով սարահարթում տեղավորված Անիի թագավորության բանակի կենտրոնի գրաված դիրքերին:
  • II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված թշնամու հեծելազորը, տեսնելով Անիի թագավորության բանակի կենտրոնի սակավաթիվ ռազմիկներին, անցավ ուղղակի գրոհի: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Անիի թագավորության բանակի կենտրոնը հզոր նետահարության և ծանր հետևակի պարտադրած ձեռնամարտի շնորհիվ կասեցրեց հակառակորդի գրոհի թափը ու սկսեց նահանջել դեպի պահեստային դիրքեր:
  • III փուլ – Պահեստային դիրքերում տեղակայված նետաձիգների հուժկու հարվածի տակ ընկած թշնամու հեծելազորը հայտնվեց ծանր վիճակում և սկսեց խոշոր կորուստներ կրել, քանի որ հեծյալները մեծամասսամբ չէին կարողանում հաղթահարել կտրուկ բարձունքը ու հասնել նետաձիգներին, իսկ որևէ կերպ այնուհանդերձ առաջ եկած թշնամու առանձին ռազմիկներին ձեռնամարտում ոչնչացնում էին նետաձիգների շարքերում մարտնչող ծանր հետևակայինները: Մարտը այս կերպ շարունակվեց բավականին երկար, քանի որ թշնամու բանակի հետևի շարքերը, տեղյակ չլինելով առաջացած դժվարությունների մասին, շարունակվում էին առաջխաղացումը`   կուտակվելով Անիի թագավորության բանակի կենտրոնի կողմից լքված սարահարթում:
  • IV փուլ – Զգալով, որ սարահարթում կուտակված թշնամին, թեև ծանր կորուստներ կրելով, բայց այնուհանդերձ աստիճանաբար սկսում է հաղթահարել իր բանակի կենտրոնին`   Հայոց սպարապետը մարտի մեջ մտցրեց դարանում գտնվող իր բանակի թևերը: Ընդ որում սկզբում թշնամու հոծ շարքերի վրա գլորվեցին նախապես պատրաստված խոշոր քարեր, որոնք ծանր կորուստներ պատճառեցին ու խուճապի մատնեցին վերջինիս:
  • V փուլ – Թևերից թշնամու վրա շարժվող Անիի թագավորության բանակի հեծելազորի ու հետևակի հիմնական ուժերը շրջապատեցին բարոյալքված թշնամուն`   սկսելով անխնա կոտորել վերջինիս: Միաժամանակ ճակատից շարունակեցին հուժկու հարվածներ հասցնել նետաձիգները:
  • VI փուլ – Թշնամու վերջապահում գտնվող նետաձիգները փորձեցին նահանջել, բայց նրանց վրա հարձակվեց Արտանուջի թագավորության բանակը և, միանգամից անցնելով ձեռնամարտի, գլխովին ջախջախեց: Դրանից հետո վերջինս փակեց հակառակորդի նահանջի ճանապարհը: Բորբոքված մարտում հատկապես աչքի ընկան Գամրեկելի եղբայրները, որոնք հուժկու հարվածներով ձիերից տապալում էին հակառակորդի ռազմիկներին և որոնց հավասար ռազմիկ հակառակորդի շարքերում այդպես էլ չգտնվեց:
  • VII փուլ – Լիակատար շրջապատման մեջ հայտնված թշնամու բանակը գլխովին ոչնչացվեց:
  • VIII փուլ – Անիի թագավորության բանակը հետապնդեց հակառակորդի մնացորդներին մինչև Ատրպատական:
Կորուստները
 
Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը`   մոտ 3.000, թշնամին`   մոտ 100.000 զինվոր: Տեղեկանալով իրենց հիմնական բանակի պարտության մասին`   թշնամու հյուսիսային և հարավային զորասյուները արագորեն նահանջեցին ու լքեցին Անիի թագավորության տարածքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: