Հանրագիտարան

Խաղխաղի ճակատամարտ

Վարդանանց պատերազմի պայմաններում 450 թ-ի օգոստոսին Հայկական բանակը (մոտ 30.000) ասպատակեց Ատրպատականը և նահանջեց: Իր հերթին, Ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել ապստամբությունը`   Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր խոշոր բանակներից մեկը, որը մտավ Աղվանք:

Մարտի ընթացքը

Աղվանքում տեղակայված ու համալրված Պարսից թագավորության բանակը (մոտ 40.000, այդ թվում լփիններ և բաղասականներ) Սեբուխտի գլխավորությամբ սկսեց ասպատակել Աղվանքի տարածքը և միաժամանակ շարժվել Մարզպանական Հայաստանի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին`   սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Պարսից թագավորության բանակին ընդառաջ և Կուրի աջ ափով սկսեց հյուսիսից մոտենալ Խաղխաղին: Ընդ որում, տեղյակ լինելով թշնամու ճամբարելու վայրի մասին, սպարապետը նախատեսել էր վերջինիս հասցնել անակնկալ հարված: Սակայն ստացվեց այնպես, որ Վասակ Սյունին դավաճանորեն թշնամուն տեղեկացրեց Հայկական բանակի արշավի մասին, որի արդյունքում Հայկական բանակի մոտենալու ժամանակ թշնամին արդեն մարտակարգով և լիովին սպառազինված վիճակում կանգնած էր Կուր գետի աջ ափին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց հեծելազորը, երկրորդում՝ հետևակը: Թշնամու բանակի ձախը զբաղեցրել էին լփինների արքաեղբայր Վուրկի գլխավորած լփինները և բաղասականները: Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց ծանր հետևակը, երկրորդ շարքի կենտրոնում՝ թեթև հետևակը, երկրորդ շարքի թևերում՝ թեթև հեծելազորը, իսկ երրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխվեց ծանր հեծելազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Արշավիր Կամսարականը , որպես օգնական ունենալով Մուշ Դիմաքսյանին, ձախը՝ Խորեն Խորխոռունին , որպես օգնական ունենալով Հմայակ Դիմաքսյանին: Կենտրոնի և ողջ բանակի ղեկավարումը իրականացնում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը:
  • I փուլ – Հայկական աջ թևի հեծելազորը գրոհեց թշնամու ձախ թևի վրա և հզոր հարվածով փախուստի մատնեց լփիններին ու բաղասականներին: Սակայն, ծանոթ չլինելով տեղանքին, Հայկական հեծելազորը խրվեց ճահճուտում և սկսեց կորուստներ կրել փախուստը դադարեցրած հակառակորդի ձախ թևի, ինչպես նաև կենտրոնից Սեբուխտի ղեկավարությամբ օգնության շտապած հիմնական ուժերի հարվածից: Այս ընթացքում Սեբուխտի հետ տեղի ունեցած մենամարտում սպանվեց Մուշ Դիմասքյանը: Մարտում վիրավորվեց նաև Գազրիկ Դիմաքսյանը:
  • II փուլ – Օգտվելով թշնամու կենտրոնի թուլացումից`   Հայկական կենտրոնի և ձախի հեծելազորը հզոր հարված հասցրեցին համապատասխանաբար թշնամու կենտրոնին ու աջին`   պարտության և փախուստի մատնելով վերջիններիս:
  • III փուլ – Այս ընթացքում Հայկական աջի հեծյալները, հետևելով Արշավիր Կամսարականի օրինակին, ցած թռան ճահճուտում խրված իրենց ձիերից և սկսեցին հետևակ թրամարտ հակառակորդի հետ, որի ընթացքում Արշավիրը մենամարտում սպանեց Վուրկին, ինչպես նաև վերջինիս մի քանի թիկնապահներին:
  • IV փուլ – Կենտրոնում և իր ձախում հաջողության հասած Հայկական բանակը օգնության հասավ սեփական աջին ու թևային հարված հասցրեց թշնամուն: Արդյունքում պարտություն կրեց և փախուստի դիմեց նաև Պարսից թագավորության բանակի ձախը:
  • V փուլ – Փորձելով փրկվել հետապնդող Հայկական բանակից`   Պարսից թագավորության բանակի հրամանատարությունը նավակներով, իսկ մնացած ռազմիկները`   առանց դրանց, խուճապահար փախուստի մեջ փորձեցին անցնել Կուրի մյուս ափ:
Օգտվելով դրանից`   գետափին մոտեցած և սեփական ծանր հեծելազորի ու հետևակի պաշտպանությունից օգտվող Հայկական բանակի հետևակ և հեծյալ նետաձիգները հզոր հարվածի տակ առան թշնամուն, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրեց ու վերջնական պարտության մատնվեց:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին`   մոտ 25.000 զինվոր:
Խաղխաղի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։
 
Մարտից հետո
 
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հաջող շարունակության համար և զգալի վնաս հասցրեց Պարսից թագավորության ռազմական հզորությանը: Զարգացնելով հաջողությունը`   Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը գրավեց Դերբենդ ամրոցը, որտեղ Վահան Առանշահիկի գլխավորաությամբ թողնվեց ուժեղ կայազոր: Այս ամենը պայմաններ ստեղծեց նրա համար, որ հոների առաջնորդ Աթիլլայի հետ կնքվի հակապարսկական ուղղվածություն ունեցող ռազմական դաշինք:
Թուլացան նաև Վասակ Սյունու դիրքերը: Սյունիքը ընկավ Վարդանի կողմնակիցների տիրապետության տակ, իսկ Վասակ Սյունին հեռացավ Պարսից թագավորության:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: