Հանրագիտարան

Իսոսի ճակատամարտ

Իսոսի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 333 թ. նոյեմբերին Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Կիլիկիայի Իսոս ծոցի ափին:

Այն դասվում է որպես Ալեքսանդրի Արևելյան արշավանքի երկրորդ մեծ ճակատամարտը , որն կանխորոշեց Աքեմենյան պետության անկումը: Իսոսի ճակատամարտի հետևանքով Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Պարսկական տիրակալության արևմտյան երկրամասերը և տիրապետություն ձեռք բերեց Եգեյան ծովում:

Գրանիկոս գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով Անատոլիայի մերձափնյա քաղաքները, հատեց Թավրոսի լեռնաշղթան, անցավ Կիլիկյան Դարպասի նեղ նրբանցքով ու մուտք գործեց Կիլիկիա: Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, Բաբելոնից դուրս եկավ Ալեքսանդրին ընդառաջ: Հակառակորդները որոշ ժամանակ իրար շուրջ տեղաշարժումներ էին կատարում, մեկը մյուսից անտեղյակ լինելով: Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը տեղակայվել է իր թիկունքում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան անկյունում գտնվող Իսոս ծոցի ափին: Երկու կողմերը պարտադրված էին անհապաղորեն մտնելու բախման մեջ: Պարսկական բանակը իր զբաղեցրած թիկունքային դիրքով վտանգում էր մակեդոնացիների հաղորդակցության շղթաները: Ինչ վերաբերվում է պարսիկներին, ապա նրանց հսկայական զորքի համար երկարատև անգործությունը ծայրահեղ անցանկալի էր:
 
Բանակները ճամբարվեցին Պինարուս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունա-մակեդոնական զորքը՝ հարավային: Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակը անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրի զորքը մոտ 6 անգամ: Իսոսի դաշտվայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր: Այդպիսի տեղանքը առավել բարենպաստ էր քչաքանակ ու արագաշարժ հունա-մակեդոնական զորքի համար:
 
Ալեքսանդրի զորքը Իսոսին մոտեցավ երկարատև արագընթաց երթից և անպատրաստ էր մարտական գործողությունների անհապաղ մեկնարկին: Ալեքսանդրը տրամադրեց նրան հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնոդեց դեպի կռվի վայրը: Մոտենալով թշնամուն, նա իր նժույգի վրա սլացավ շարքերի երկարությամբ, քաջալերելով ու մարտի տենչ հաղորդելով իր զինվորներին:
 
Պինարուս գետաբերանի հարթ տեղանքն ու ջրի ծանծաղությունը հատկապես հարմար էին հեծելազորի գործողությունների համար: Դարեհը տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը, ձիավորներին, դաշտավայրի հենց այդ մասում: Նա մտադրված էր հուժկու թևային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնական թիկունքն ու շրջափակել ամբողջ զորքը: Գուշակելով պարսիկների այդպիսի քայլերը, Ալեքսանդրը ուժեղացրեց իր ձախ թևը լրացուցիչ նժույգավորներով: Ալեքսանդրը հանձնարարել էր ձախ թևի զորավարությունը Պարմենիոնին, իսկ ինքը, առաջնորդելով իր հեթայրներին, հետևակին ու սակավաթիվ մնացած թեթև հեծելազորին, դիրքավորվեց ճակատամարտի աջ թևում, բլուրների ստորոտում:
 
Դարեհը, իր շքախմբով շրջապատված, անշարժ կանգնած էր իր բանակի կենտորնում, ռազմակառքի մեջ: Նրա շուրջը մոգերը աղոթում ու կրակապաշտական ծեսեր էին կատարում: Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի հսկայական սայլաճամբարը, բնակեցվաց իր կանանցով, դստերներով, ոսկիներով ու պերճանքի առարկաներով: Դարեհը այնքան էր վստահ իր հաղթանակում, որ կարգադրել էր Ալեքսանդրին կենդանի բռնել: Իսկ Ալեքսանդրի հաղթանակի գրավականներն էին մարտի անվրեպ ղեկավարումը, ինքնատիպ մարտավարությունը, զինվորների բարձր մարտական ոգին ու վարժվածությունը: Ալեքսանդրի մտադրությունն հետևյալն էր՝ մինչդեռ Պարմենիոնի թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհը աջ թևում, պատռել թշնամու գծերը ու նետվել գլխավոր թիրախի, Դարեհի, ուղղությամբ: Այդպիսով, առճակատող կողմերը ընդունել էին նմանատիպ մարտավարություն:
 
Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը: Հեթայրները աջ կողմից շրջանցեցին պարսից զորքի գիծը և մխրճվեցին նրանց հետևակազորի մեջ: Այնուհետև Ալեքսանդրը կիսաշրջեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը: Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնաշփոթված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը: Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև: Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելի խորացան թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների շարքը պատռվեց ու ճեղքվացքի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները: Մակեդոնացիք, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը պարսիկների հուժկու հարվածների տակ: Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ անձամբ Դարեհին: Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ռազմակառքի ուղղությամբ: Պարսիկ թիկնապահները զանգվածներով զոհվում էին իրենց արքային պաշտպանելիս: Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ իր ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, վեր ցատկեց իր նժույգի վրա, ու, մինչ ճակատամարտի ավարտը, փախուստի դիմեց: Նրա հետևից վազեց իր զորքը, ցնծված միահամուռ աղաղակով ՛՛արքան փախչում է՛՛: Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով, որ իրենց զորքը նահանջում է, իսկ նրա հետևից գլորվում է մակեդոնացիների ալիքը, շրջեցին իրենց նժույգները: Գազազած մակեդոնացիք հետապնդում էին, և պարսիկները, մխրճելով իրենց իսկ հետևակին, խուճապահար նահանջեցին: Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, իսկ Ալեքսանդրը կատաղի հետապնդում էր նրան:
 
Շուտով իջավ գիշերը և Ալեքսանդրը հրաժարվեց իր մտադրությունից: Նա հավաքեց Դարեհի թողաց զենքն ու հագուստը և վերադարձավ ճամբարը: Այստեղ արդեն մակեդոնացիք տոնում էին իրենց հաղթանակը: Դարեհի լքված սայլաճամբարում բացի գանձերից հայտնաբերվեցին նրա մայրը, կինն ու երկու դստերները: Պատմիչները նշում են պարսկական բանակի ահռելի կորուստների մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: