Հանրագիտարան

Դվինի ճակատամարտ

484 թ-ի գարնանը պարսից արքունիքի կողմից ուղարկված մարդիկ կեղծ լուրեր տարածեցին, թե իբր Վասակ Մամիկոնյանը և Սահակ Բագրատունին ողջ են ու թաքնվում են Իբերիայում`   դրանով ի վերջո հասնելով նրան, որ Հայոց այրուձիու մեծ մասը, Մուշեղ Քաջակորով Մամիկոնյանի գլխավորությամբ մեկնեց Իբերիա վերջիններիս որոնելու համար:

Օգտվելով Հայկական բանակի մասնատումից`   Հազարվուխտի գլխավորած Պարսից թագավորության բանակը դավաճան Գդիհո Սյունու ու Սյունյաց գնդի մի մասի ուղեկցությամբ Գանձակ-Տրպատունք-Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Արտաշատ երթուղով սրընթաց մտավ Մարզպանական Հայաստան և, ճամբարելով Խոսրովի անտառում ու Ջրվեժի բարձունքներում, պաշարեց Դվինը:

Մարտի ընթացքը
 
Սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը գիշերային անակնկալ հարձակումով ճեղքեց պաշարման օղակը և նահանջեց հյուսիս: Հայկական բանակի այս համարձակ գրոհը մեծ տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, իսկ դեպքերին ականատես Ղազար Փարպեցին իր մատյանում գրեց. "...Հզոր տղամարդու քաջաբար փախչելը ևս սաստիկ ահ ու երկյուղ է գցում թշնամու սիրտը...":
 
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 5 զինվոր, որոնց թվում զոհվեցին Քաջաջ Սահառնունին և Որդի Դիմաքսյանը, իսկ պաշարումը ճեղքողների հետ գտնվող կաթողիկոս Հովհան I Մանդակունին ընկավ ձիուց, գերվեց, սակայն հետագայում ազատ արձակվեց: Թշնամին կորցրեց մոտ 300 զինվոր: Հայկական բանակը, միավորվելով Իբերիայից վերադարձած Մուշեղ Քաջակորով Մամիկոնյանի բանակի հետ, բանակեց Խաղկտիքում և անցավ պարտիզանական պայքարի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: