Հանրագիտարան

Դարպակ քաղաքի ճակատամարտ

Նոր գահ բարձրացած պարսից Կավատ I արքայի օրոք կրկին ծայր առած բռնությունները, իրականացվող բռնի կրոնափոխության քաղաքականությունը և Նվարսակի հաշտության պայմանների անտեսումը Մարզպանական Հայաստանում ստեղծեց ապստամբական լուրջ տրամադրություններ:

Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ հայերը համարվում էին նախորդ արքա Վաղարշի կողմնակիցները, ինչը ևս չէր ավելացնում Կավատ I-ի համակրանքը նրանց նկատմամբ:

Այս անգամ էլ, սակայն, ինչպես Մարզպանական Հայաստանի III ապստամբության պարագայում եղավ, ապստամբության անմիջական առիթը տվեց Իբերիայի արքա Վախթանգ I Գորգասալը, որը 491 թ-ին ապստամբեց և Իբերիայից դուրս վտարեց պարսկական կայազորները: Անմիջապես էլ, ինչպես տաս տարի առաջ, Վախթանգ I Գորգասալը կապ հաստատեց Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանի հետ, որի արդյունքում Մարզպանական Հայաստանը ևս ապստամբեց: Տեղեկանալով զարգացող իրադարձությունների մասին`   Կավատ I-ը որոշեց առաջնային հարվածը հասցնլ Իբերիային: Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը շարժվեց Իբերիա ու միացավ իբերական բանակին:
 
Մարտի ընթացքը
 
Իբերիայի թագավորության և Հայկական միացյալ բանակը, շարժվելով Կուր գետի հուն-Կամբեճան-Իորա գետի հուն երթուղով ասպատակելով արշավող Պարսից թագավորության բանակի դեմ, Դարպակ քաղաքի մոտ ամուր դիրքեր գրավեց ու սկսեց սպասել թշնամուն`   նախատեսելով պաշտպանական մարտում ուժասպառ անել վերջինիս և դրանից հետո վճռական հարձակումով ջախջախել նրան:
Մի քանի օր անց քաղաքին մոտեցավ նաև Պարսից թագավորության բանակը: Կողմերը պատրաստվեցին մարտի:
  • I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն եռօրյա համառ մարտերի արդյունքում քրիստոնյաների բանակին ի վերջո հաջողվեց ետ շպրտել թշնամուն ելման դիրքեր՝ մեծ կորուստներ պատճառելով նրան:
  • II փուլ – Չորրորդ օրը քրիստոնյաների բանակը պատրաստվեց վճռական հարձակման: Այդ նպատակով Հայկական բանակը զբաղեցրեց թևերից մեկը, իբերական հետևակը՝ մյուսը, իսկ կենտրոնում տեղավորվեց իբերական հեծելազորը: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն Իբերիայի թագավորության ու Հայկական բանակը Վախթանգ I Գորգասալի, ինչպես նաև Վահան և Վարդ Մամիկոնյանների անձնական ղեկավարությամբ անցավ շեշտակի հակագրոհի և, ջախջախելով ու փախուստի մատնելով թշնամու կենտրոնը, ներխուժեց վերջինիս ճամբար: Այստեղ արքայական վրանների մոտ բռնկված մարտում Վախթանգը մենամարտում սպանեց Կավատի որդուն, իսկ ինքը՝ Կավատը, դիմեց փախուստի և հազիվ փրկվեց: Սակայն նույն տեղում էլ Իբերիայի արքան մահացու նետահար եղավ:
  • III փուլ – Քրիստոնյաների բանակը որոշ տարածություն հետապնդեց թշնամուն, սակայն մարտից Վախթանգի դուրս գալու պատճառով դաշնակից բանակը շուտով դադարեցրեց այն, որից հետո նույնը ստիպված եղավ անել նաև Հայկական բանակը: Այնուհետև քրիստոնյաների բանակը նահանջեց ու ամրացավ Կախեթիում: Հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցը՝ 2.800 , թշնամին՝ 13.000 զինվոր:
Մարտից հետո
 
Կարճ ժամանակ անց Վախթանգը մահացավ, իսկ թշնամու ուժերը կենտրոնացան Արմազիում: Այս պայմաններում Հայկական բանակը վերադարձավ Մարզպանական Հայաստան և պատրաստվեց դիմագրավել թշնամու նոր հարձակումներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: