Հանրագիտարան

Գրանիկոսի ճակատամարտ

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ քաղ. Բիգա, Թուրքիա), առասպելական Տրոյաի փլատակներից ոչ հեռու:

Այն դասվում է որպես Ալեքսանդր Մակեդոնացու տարած առաջին հաղթանակը նրա Ասիական արշավի ընթացքում:

Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որն գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը: Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին իբրև լուրջ հակառակորդի և մտադրված էին նրա վերջը տալ առաջին իսկ կռվում: Զգույշ Մեմնոնը չէր կիսում նրանց հույսերն ու սպասելիքները: Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և լավ նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխնն էր. ՛՛Հելլեսպոնթոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից՛՛:
 
Պարսիկները ակնկալում էին, որ գետանցումը կատարելիս մակեդոնացիք կընկնեն նրանց հարվածի տակ: Այդ պատճառով է, որ պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, շարելով հունական հետևակը երկրորդ գծում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների տակտիկական սխալն էր. բախշելով հեծելազորին գետի եզրին, նրանք զրկեցին նրան գրոհելու հնարավորությունից, իսկ նրանց թիկունքում տեղդրված մարտունակ վարձկանները, փաստորեն, կողպված գտնվեցին: Հենց այդ թերացումից Ալեքսանդրը պատրաստվում էր օգուտ քաղել: Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախը: Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափունջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը:
 
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը իր հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվն կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ծակվեց, իսկ երբ իր դեմն դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիթոսը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց:
 
Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը: Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը: Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով: Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան: Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհի ավագ որդին, մի շարք բարձր խիզախություն ցուցաբերած զորավարներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորմանը: Ալեքսանդրը այցելեց իր բոլոր վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց: Գերի վերցրած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց ՛՛բարբարոսների՛՛ կողմում կռվելու համար:
 
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: