Հանրագիտարան

Արձն գյուղի ճակատամարտ

775թ.ի ապրիլի 24-ին տեղի է ունեցել Արձն գյուղի ճակատամարտը, Արածանիի ափին:

Կարինի մոտ գտնվող և նախորդ պարտությունից հետո ուժերը միավորած Հայկական բանակը (5.000 հեծյալ)`   Մուշեղ Քաջ Մամիկոնյանի ու վերջինիս որդի Շապուհի, Սամվել Մամիկոնյանի ու նրա որդի Շապուհի, Հայոց իշխան ու սպարապետ Սմբատ Բագրատունու, վերջինիս որդիներ Աշոտի և Շապուհի, եղբայր Վասակի, եղբայրներ Համազասպ ու Սահակ Արծրունիների, ինչպես նաև Սահակ Բագրատունու և Վահան Դաշույն Գնունու գլխավորությամբ, դադարեցրեց քաղաքի պաշարումը ու Կարին-Բասեն-Բագրևանդ երթուղով շարժվեց Ապահունիք-Բագրևանդ երթուղով առաջխաղացող արաբական բանակի (մոտ 29.800 հեծյալ) դեմ: Վերջինս հասավ Արձն գյուղին և ճամբարեց գյուղի միջով հոսող Արածանի գետի հարավային ափին: Հաշվի առնելով թշնամու թվական վեցապատիկ գերակշռությունը և այն, որ վերջինիս բանակը ամբողջովին կազմված է հեծելազորից, որի հետ նման պայմաններում անհնար է բաց դաշտում կանոնավոր մարտ տալը, Հայկական բանակի հրամանատարությունը որոշվեց վաղ առավոտյան անակնկալ հարձակում գործել ճամբարած թշնամու վրա: Այդ նպատակով Հայ հեծյալները, թողնելով ձիերը գյուղից մոտ 300 մետր հեռավորության վրա, հետևակ վիճակում մոտեցան թշնամու ճամբարին:

  • I փուլ – Վաղ լուսաբացին Հայկական բանակը անցավ գետը և անակնկալ հարձակվեց թշնամու վրա, որը խուճապի մատնվելով ու կորուստներ տալով դիմեց փախուստի:
  • II փուլ – Շուտով պարզվեց, որ թշնամու ռազմիկները այնքան շատ են, որ Հայկական բանակի ուժերը հազիվ են բավականացնումճամբարում գտնվող թշնամու ռազմիկներին ոչնչացնելու համար: Այդ պատճառով ճամբարից մարտի սկզբում փախուստի դիմած թշնամու ռազմիկները, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, կենտրոնացրին ուժերը և, ետ վերադառնալով, հարվածեցին Հայկական բանակին: Դա ոգևորեց նաև անմիջականորեն ճամբարում գտնվող թշնամու ռազմիկներին: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Հայկական բանակի մի մասին (2.500) հաջողվեց հեռանալ ճամբարից դեպի ոչ հեռու գտնվող ձիերը և պոկվել թշնամուց:
  • III փուլ – Արաբական բանակը շրջապատեց Հայկական բանակի մյուս մասին (1.000) և առաջարկեց հանձնվել:
  • IV փուլ – Հայկական բանակը մերժեց թշնամու առաջարկը և անցավ հարձակման`   փորձելով ճեղքել շրջապատման օղակը:
Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան Մուշեղ և Սամվել Մամիկոնյանները, Սմբատ և Սահակ Բագրատունիները, Վահան Դաշույն Գնունին, ինչպես նաև զոհվեցին նրանց գրեթե բոլոր ռազմիկները: Հայերը կորցրին 3.000, թշնամին`   մոտ 7.000 զինվոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: