Հանրագիտարան

Արածանիի ճակատամարտ

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ:

Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում: Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը: Հայկական բանակը խույզ տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը: Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին: Հռոմեական զորքը պահվում էր հայակական հետևազերի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից: Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում: Հռոմեական լեգիոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրանց համար ձեռնտու վայրում: Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդուրյանբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը: Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին: Հայկական հետելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը: Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին: Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպներին: Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը: Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: