Հանրագիտարան

Ավնիկ ամրոցի ճակատամարտ

Հուստինիանոս I-ի օրոք Սատրապական Հայաստանի հայերի վիճակը զգալիորեն ծանրացավ:

Եթե նախկին կայսրերը, զբաղված լինելով այլ հոգսերով, որոշակիորեն աչքաթող էին արել հայերի քաղաքական իրավունքների սահմանափակման հարցը, ապա երբեմնի հռոմեական փառքը վերականգնել ձգտող այս կայսրը միանգամից էլ եռանդուն կերպով վերագործարկեց դեռևս Զենոն կայսեր օրոք սկիզբ առած գործընթացը: Քաղաքական իրավունքների սահմանափակման վերսկսված գործընթացին հայ ժողովուրդը պատասխանեց ապստամբությամբ: Բռնկվեց Սատրապական Հայաստանի III ապստամբությունը, որը գլխավորում էին արդեն որպես նախարարական տոհմ հանդես եկող Արշակունիները, ինչպես նաև Բագրատունիները և Մամիկոնյանները: Ապստամբների օգտին եղավ նաև այն հանգամանքը, որ Հուստինիանոս I-ի ամբիցիոզ քաղաքականությունը խիստ սրել էր կայսրւթյան հարաբերությունները Պարսից թագավորության հետ, որի արդյունքում 538 թ-ին սկիզբ էր առել Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560):

539 թ-ին Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) Ավնիկ ամրոցի ճակատամարտում (Արարատ, Բասեն գավառի հարավ, Արաքսի աջ ափին) հաղթեց Բագրատունյաց գնդին (մոտ 2.000 զինվոր) և գերեց Սպանդիատ ու Գուրգեն-Գուարամ Բագրատունիների կանանց: Այս հաջողությունը, սակայն, դեռևս ոչինչ չէր որոշելու, քանի որ ապստամբության սկզբում որոշակիորեն հապաղած հայերը ի վերջո կենտրոնացրեցին ուժերը և շարժվեցին բյուզանդական բանակի դեմ:
 
Մարտի ընթացքը
 
Հովհան Արշակունու և Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 7.000 զինվոր) շարժվեց Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 14.500 զինվոր) ընդառաջ: Ընդ որում, քանակապես զիջելով հակառակորդին, Հայկական բանակը կարողացավ վերջինիս պարտադրել ճակատամարտի մեջ մտնել այնպիսի վայրում, որտեղ հնարավորություն չկար կազմել միասնական ճակատ, իսկ մարտը մղվում էր առանձին ու իրարից կտրված ջոկատների միջև: Օգտագործելով տեղանքի բարենպաստ պայմանները և արագ մանևրը`   Հայկական բանակը մաս առ մաս ջախջախեց հակառակորդին: Ընդ որում Սողոմոնի գլխավորած Հայկական ջոկատներից մեկը ոչնչացրեց Սիտտայի ջոկատին, իսկ Սողոմոն 1 մենամարտում հաղթեց և սպանեց Սիտտային: Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին`   մոտ 6.000 զինվոր:
 
Մարտից հետո
 
Չցանկանալով թույլ տալ ապստամբության հետագա ծավալումը`   նոր հրամանատար նշանակված Բուզեսը սկսեց հաշտության բանակցություններ`   դրանց ընթացքում շրջապատելով այն տունը, որտեղ գտնվում էին հայ ղեկավարները: Արդյունքում Բուզեսի խոստումներին հավատալով փախուստի չդիմած Հովհանը սպանվեց, իսկ վերջինիս փեսա Վասակին հաջողվեց ցատկել պատուհանից և փրկվել: Ապստամբած հայերը միացան Պարսից թագավորությանը և ծանր կորուստներ պատճառեցին կայսրությանը: Արևելքում կրած ծանր կորուստները, անորոշ ելքով ընթացող պատերազմը Պարսից թագավորության դեմ, այդպես էլ հաջողություն չբերող պատերազմը գոթերի դեմ, ինչպես նաև բուլղարների ու սլավոնների սպառնալիքը Կոստանդնուպոլսին ի վերջո ստիպեցին կայսրությանը զիջումների գնալ: 542 թ-ի վերջին մինչ այդ համառող Հուստինիանոս I-ը հատուկ հրովարտակով ներեց ապստամբներին և որոշակիորեն թեթևացրեց հայերի վիճակը Սատրապական Հայաստանում: Սատրապական Հայաստանի III ապստամբությունը վերջացավ, սակայն Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը շարունակվեց ևս 18 տարի`   այդպես էլ հաջողություն չբերելով կողմերից և ոչ մեկին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: