Հանրագիտարան

Անգղ ամրոցի ճակատամարտ

Անգղ ամրոցում տեղի է ունեցել երկու ճակատամարտ`   449 և 451թթ.երին:

Անգղ ամրոցի ճակատամարտ (449)

Մինչ մարտը
 
Հազկերտ II-ը, իր իշխանության սկզբնական տարիներին կայունացնելով Պարսից թագավորության ներքին ու արտաքին վիճակը, Մարզպանական Հայաստանում, Իբերիայում և Աղվանքում սկսեց վարել տնտեսական կեղեքման քաղաքականություն, որին հետևեց հարկադիր կրոնափոխման պահանջը: Սակայն հայ նախարարները հրաժարվեցին ենթարկվել այս պահանջին, որից հետո կանչվեցին Տիզբոն: Այստեղ, իրենց կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգի պայմաններում, հայ նախարարները ստիպված իրականացրեցին առերես կրոնափոխություն:
 
Մարտի ընթացքը
 
Տիզբոնից վերադարձող Մարզպանական Հայաստանի նախարարներին ուղեկցող Պարսից թագավորության բանակը (մոտ 5.000), արշավելով Գանձակ-Տրպատունք-Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ երթուղով, հասավ Ծաղկոտն ու ճամբարեց Անգղ ամրոցի մոտ: Այս ընթացքում, սակայն, ծավալված իրադարձությունների մասին լուրերը արդեն հասել էին Մարզպանական Հայաստան, որտեղ բռնկվել էր հզոր ապստամբություն: Այս պայմաններում ամրոցի մոտ ճամբարած Պարսից թագավորության բանակում գտնվող մոգերը փորձեցին կրակարանի վերածել տեղական եկեղեցին: Ի պատասխան դրա Հայկական բանակը (մոտ 15.000) վաղ առավոտյան շրջապատեց Պարսից թագավորության բանակի ճամբարը արևելքից, արևմուտքից և հյուսիսից ու անցավ հարձակման: Ու թեև Սյունյաց գունդը անցավ թշնամու բանակի կողմը, սակայն վերջինս շատ արագ դադարեցրեց դիմադրությունը և ողջ կազմով գերի հանձնվեց: Հայերը կորցրին մոտ 300, թշնամին՝ մոտ 500 սպանված և վիրավոր, մոտ 4.500 գերի:
Անգղ ամրոցի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։
 
Մարտից հետո
 
Ճակատամարտը սկիզբը հանդիսացավ Վարդանանց պատերազմին:
 
Անգղ ամրոցի ճակատամարտ (451)
 
Անգղ ամրոցի ճակատամարտ: Հաջորդել է Ավարայրի ճակատամարտին: Բակ իշխանի գլխավորած Հայկական բանակը ետ մղեց ամրոցը պաշարած Պարսից թագավորության բանակի գրոհները, սակայն պարենի անբավարարության պատճառով չկարողանալով շարունակել պաշտպանությունը, գիշերով ճեղքեց թշնամու պաշարման օղակը և հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 50 սպանված և վիրավոր, 213 գերի, որոնցից շատերը հետագայում սպանվեցին, թշնամին՝ մոտ 600 զինվոր:
 
Անգղ ամրոցի ճակատամարտը (451) իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: