Հանրագիտարան

Ակոռի գյուղի ճակատամարտ

Մինչև մարտը

Պերոզ I-ը, իր իշխանության սկզբնական տարիներին կայունացնելով Պարսից թագավորության ներքին ու արտաքին վիճակը, արդեն 480 թվականից Մարզպանական Հայաստանում և Իբերիայում վերսկսեց տնտեսական կեղեքման ու հարկադիր կրոնափոխության քաղաքականությունը:

Սրան ի պատասխան Իբերիայի թագավորության արքա Վախթանգ I Գորգասալը սպանեց իր հավատուրաց բդեշխ Վազգենին և անցավ բացահայտ ապստամբության: Տեղեկանալով այդ մասին`   հայ նախարարները ևս ապստամբեցին`   իրենց առաջնորդ ընտրելով Վահան Մամիկոնյանին: Սակայն ստացվեց այնպես, որ մարզպան Ատրվշնասպին և իր օգնականներին հաջողվեց փախուստի դիմել ու հեռանալ Ատրպատական: Դրանից հետո, ցանկանալով անմիջապես խեղդել ապստամբությունը և թույլ չտալ նրա ծավալումը, Ատրվշնասպը Գդիհո Սյունու ու դավաճան մի քանի այլ նախարարների ուղեկցությամբ Ատրպատականի կայազորային բանակով (7.000, այդ թվում կատիշներ և կոպրեացիներ) Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն երթուղով կրկին մտավ Մարզպանական Հայաստան: Տեղեկանալով այդ մասին`   Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (400 հեծյալ) շարժվեց թշնամուն ընդառաջ՝ նպատակ ունենալով Արաքսը գետանցելու պահին անակնկալ հարձակում կազմակերպել թշնամու վրա: Սակայն շուտով պարզվեց, որ վերջինս արդեն անցել է Արաքսը: Այս պայմաններում Հայկական բանակը ստիպված եղավ նահանջել: Ընդ որում վերջապահում գտնվող Վասակը, միայնակ մնալով թշնամու կողմից արդեն գրավված գյուղում, իր ուղեկիցներին հրամայեց աննկատ հեռանալ, իսկ ինքը իբր բանակցելու նպատակով մոտեցավ Ատրվշնասպին և, անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի որակի ու քանակական կազմի մասին, հաջողությամբ կարողացավ հեռանալ:

 
Մարտի ընթացքը
 
Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը`   Հայկական բանակի հրամանատարությունը որոշեց մանր մարտերով հակառակորդին քաշել Մասիսի հարավային լեռնոտ փեշերը և միայն այստեղ տալ գլխավոր մարտը:
  • I փուլ – Մանր մարտերով նահանջելով Արած-Ուրծաձոր երթուղով`   Հայկական բանակը, չորս հավասար մասի բաժանելով առկա ուժերը, արդեն հիմնական մարտի համար մարտակարգ ընդունեց Ակոռի գյուղի մոտակայքի մի բարձրավանդակում: Հայկական բանակի աջը (100) գլխավորում էին Ատոմ Գնունին ու նրա եղբայր Առոստոմը, կենտրոնը (100)`   Վասակ Մամիկոնյանը և Բաբկեն Սյունին, իսկ ձախը (100) գտնվում էր Գարջույլ Խորխոռունու հրամանատարության տակ: Միաժամանակ ձախի և կենտրոնի միջև գտնվող երկրորդ շարքում եղբայրներ Ներսեհ ու Հրահատ Կամսարականների գլխավորությամբ թողնվեց պահեստազոր (100): Պարսից թագավորության բանակի աջում տեղավորվեցին կատիշները, այն դեպքում, երբ կենտրոնում և ձախում մնացին բուն Պարսից թագավորության զորագնդերը:
  • II փուլ – Պարսից թագավորության բանակը ողջ ճակատով անցավ գրոհի: Ի պատասխան դրա թշնամուց ավելի բարձր տեղավորված Հայկական ծանր հեծելազորը անցավ հուժկու հակագրոհի և, օգտագործելով նաև բարձունքից արշավող ծանր հեծելազորի հարվածայինի հզոր թափը, ճզմեց թշնամու մարտակարգը`   ծանր կորուստներ պատճառելով վերջինիս ու փախուստի մատնելով թշնամուն: Այդ ընթացքում Հրահատը հեծյալ նիզակամարտում սպանեց սեփական մարտակարգից առաջ անցած թշնամու մի հզոր ռազմիկի, իսկ կենտրոնում բռնկված ձեռնամարտում սպանվեց Ատրվշնասպը և զոհվեցին թշնամու բանակի մնացած առաջնորդները: Բռնկված ձեռնամարտում շատ հակառակորդներ սպանվեցին նաև Ատոմի ու Առոստոմի կողմից, սակայն Գդիհո Սյունին կարողացավ նրանցից խույս տալ և հեռանալ:
  • III փուլ – Այս վճռական պահին Հայկական բանակի ձախը ողջ կազմով անցավ թշնամու կողմը, և միանալով հարձակման անցած կատիշներին ու կոպրեացիներին, Հայկական հիմնական բանակի համար աննկատ տեղաշարժով անցավ վերջինիս թիկունք`   փորձելով հասցնել անակնկալ թիկունքային հարված: Սակայն ստացվեց այնպես, որ թշնամու հարձակմանը ենթարկված մի քանի հայ ռազմիկներ կարողացան աղմուկ բարձրացնել և տեղեկացնել թշնամու մոտենալու մասին: Ուղարկված հետախույզներից ստանալով այդ լուրի հաստատումը`   Ներսեհ և Հրահատ Կամսարականները մարտին գրեթե չմասնակցած իրենց պահեստազորը անմիջապես շարժեցին թշնամուն ընդառաջ և հզոր հարված հասցրեցին վերջինիս: Ընդ որում Ներսեհը, մարտի դաշտում հանդիպելով կատիշների հզոր առաջնորդին, հեծյալ նիզակամարտում սպանեց նրան, որից հետո ձեռնամարտում ոչնչացրեց նաև թշնամու բազում այլ ռազմիկների: Գրեթե անմիջապես էլ Կամսարականների պահեստազորին օգնության հասավ Հայկական հիմնական բանակը, որի արդյունքում Պարսից թագավորության բանակը վերջնականապես ջախջախվեց:
  • IV փուլ – Հայկական բանակը հետապնդեց փախուստի դիմած թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան: Հայերը կորցրին մոտ 100, թշնամին՝ մոտ 2.000 զինվոր:
Մարտից հետո
 
Ճակատամարտը սկիզբը հանդիսացավ Վահանանց պատերազմին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: