Հանրագիտարան

Ալկա ամրոցի ճակատամարտ

Ալկա ամրոցի ճակատամարտ, ճակատամարտ մի կողմից Մեծ Հայքի և Վիրքի և մյուս կողմից հոների միջև: Ճակատամարտն ավարտվեց դաշնակիցների փայլուն հաղթանակով:

Մինչև ճակատամարտը

Մեծ Հայքի (մոտ 90.000, որից 24.000 հեծյալ) և Վարազ-Բակուր արքայի գլխավորած Վիրքի (մոտ 40.000) միացյալ բանակը`   սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, շարժվեց Բաղեշի մոտ կենտրոնացած հոների (մոտ 120.000) դեմ: Տեղեկանալով այդ մասին`   հոների առաջնորդը, իր բանակը բաժանեց 2 մասի: Առաջին և առավել փոքրաքանակ մասը վերջինս տեղադրեց Ջերմաձոր գավառում, իսկ մյուսով նահանջեց դեպի հարավ: Ընդ որում թշնամու բանակի առաջին մասը խնդիր ստացավ դարանից անակնկալ հարձակվել Մեծ Հայքի ու Վիրքի միացյալ բանակի վրա և, կորուստներ պատճառելով վերջինիս, արագորեն նահանջել դեպի հարավ`   քաշելով մարտակարգը կորցրած հակառակորդին դեպի դաշտավայր ու գցելով հոների բանակի երկրորդ մասի հարվածների տակ:
 
Ճակատամարտը
  • I փուլ – Մեծ Հայքի ու Վիրքի միացյալ բանակը անակնկալ հարձակվեց դարանած թշնամու վրա և գլխովին ջախջախեց:
  • II փուլ – Մեծ Հայքի ու Վիրքի միացյալ բանակը, պահպանելով մարտակարգը, շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ և, մոտենալով Ալկա ամրոցի մոտ մարտակարգ ընդունած թշնամուն, ինքն էլ մարտակարգ ընդունեց: Մարտից անմիջապես առաջ երկու բանակների մարտակարգերի միջնատարածքում հանդիպեցին Մուշեղը և հոների առաջնորդը, որը վայելելով հզոր ու անպարտելի ռազմիկի համբավ, վիրավորական տոնով մարտահրավեր էր նետել Հայոց սպարապետին: Տեսնելով իր սպիտակ նժույգով մոտեցող Մուշեղին`   հոնը իր ձիով սրընթաց արշավեց վերջինիս ուղղությամբ`   նախատեսելով հենց ընթացքից նիզակի հզոր հարված հասցնել Մամիկոնյան իշխանին: Մուշեղը, սակայն, վահանի վրա ընդունելով հակառակորդի հարվածը, ծանր թրով հարվածեց վերջինիս ուսին և, վիրավորելով ու տապալելով հակառակորդին ձիուց, գերեց նրան: Դրանից անմիջապես հետո Մուշեղը հարձակման տարավ հենց նոր իր տարած հաղթանակից ոգևորված քրիստոնյա ռազմիկներին, որոնք համառ մարտում ծանր պարտության մատնեցին հակառակորդին:
  • III փուլ – Մեծ Հայքի ու Վիրքի միացյալ բանակը հետապնդեց թշնամուն մինչև Բզաբդե ամրոց և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Արդյունքը
 
Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը`   մոտ 7.000, թշնամին՝ մոտ 60.000 զինվոր: Արդյունքում դեպի Կովկասյան լեռնաշղթայից հարավ հոների արշավանքներին վերջ տրվեց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: